16 12 2020

Կասկածներ կան, որ Ադրբեջանը չի տրամադրում հայ ռազմագերիների իրական թիվը. Արա Այվազյան

Կասկածներ կան, որ Ադրբեջանը չի տրամադրում հայ ռազմագերիների իրական թիվը. Արա Այվազյան

Հայկական կողմը կասկածներ ունի, որ Ադրբեջանը չի տրամադրում հայ ռազմագերիների իրական թվերը: Այս մասին ֆրանսիական «Le monde» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

«Կազմվել են նախնական ցուցակներ: Երկու երկրների միջև սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել՝ «բոլորը բոլորի դիմաց» դրույթով փոխանակման վերաբերյալ: Չէի ցանկանա ճշգրիտ թվեր  նշել, քանի որ կասկածներ կան, որ Ադրբեջանը չի տրամադրում  հայ ռազմագերիների իրական թիվը, և որ նրանք կարող են շատ ավելին լինել։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ է այս խնդրին հրատապ լուծում գտնել, քանի որ ապացուցված  է, որ հայ ռազմագերիները և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձինք անմարդկային վերաբերմունքի են արժանանում»,- ասել է Այվազյանը:

Նախարարը նշել է, որ հայկական կողմն աշխատում է իր գործընկերների, մասնավորապես՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, որպեսզի ապահովի գերիների անհապաղ վերադարձը:

«Հայտնի  է, որ նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարությունը վերջնաժամկետ չի սահմանում, և  Բաքուն օգտագործում է տվյալ հանգամանքը՝ խնդիրը շահարկելու, ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց հանդեպ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու, ինչպես  նաև  Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա ազդելու համար»,- նշել է Արա Այվազյանը:

Ավելի վաղ էլ Արցախի մարդու իրավունքների պաշտպանն էր ահազանգել, որ Ադրբեջանը թաքցնում է հայ ռազմագերիների իրական թիվը: Ըստ Արտակ Բեգլարյանի` կան հիմնավոր ապացույցներ, որ հակառակորդ երկիրը ոչ բոլոր ռազմագերիներին է վերադարձրել հայրենիք: Այս ուղղությամբ Արցախի օմբուդսմանն աշխատում է համապատասխան մարմինների հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ