Սույն թվականի դեկտեմբերի 16-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում տեղի ունեցավ հանդիպում Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԳԱԱ-ն:
Քննարկվել են Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղիները, անվտանգության ապահովման, Արցախի կարգավիճակի հստակեցման, բանակի վերականգնման, ազգային արժեքների նշանակության բարձրացման, կրթության որակի բարձրացման հարցերը: Ընդգծվեց Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում Արցախի խնդրի շուրջ բանակցությունների վերսկսումը:
Վազգեն Մանուկյանը կարևորել է լեգիտիմ իշխանափոխության իրականացումը:
«Առաջին տարում պետք է դրվի Հայաստանի ապագա ընթացքը, ինչպես պետք է մենք ունենանք ազգային ժողովրդավարական, լավ պաշտպանված, այս տարածաշրջանում դերակատարություն ունեցող երկիր», - ասել է նա:
ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը կարևորել է գիտության դերը երկիրը ծանր իրավիճակից դուրս բերելու հարցում: Նա նշել է, որ գիտության զարգացման համար անհրաժեշտ են պետական աջակցություն և ֆինանսական ներդրումներ, ինչն, ըստ էության, չնչին է եղել Խորհրդային Միության փլուզումից հետո:
Ելույթներով հանդես են եկել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Լենսեր Աղալովյանը, Յուրի Սուվարյանը, Էդուարդ Ղազարյանը, Աշոտ Սաղյանը, Գագիկ Ղազինյանը, Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արսեն Հախումյանը, ՀՀ ԳԱԱ Սփյուռքի բաժնի ղեկավար Վանյա Բարսեղյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը