ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, անդրադառնալով Սուրբ աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի այն հայտարարությանը, որ Դուբայ քաղաքում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը փակ ծրար է ստացել Ադրբեջանի պաշտոնյայից, այն փոխանցել է Նիկոլ Փաշինյանին, և այդտեղ եղել է Արցախի 7 շրջանները Ադրբեջանին 5 մլրդ դոլարով վաճառելու առաջարկ, նշեց․
«Ես հստակ չեմ պատասխանելու այդ հարցին, որովհետև կոռեկտ չեմ համարում ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ ստացված տեղեկությունները հրապարակայնացնել, ես կորոշեմ` երբ, ինչ ծավալով և ինչ պայմաններում կհրապարակայնացնեմ այն տվյալերը, որոնք ինձ հայտնի են դարձել առհասարակ»։
Երկու տարի առաջ, երբ ես հանդես եկա հրաժարականի դիմումով, բոլորին թվաց՝ Վանեցյանն իշխանություններին կոռուպցիայի դեմ պայքարում «կանգ առնելու» կոչ է անում, այնինչ կոռուպցիայի դեմ պաքարի առաջամարտիկը եղել եմ ես, և այս հեղափոխության, ցավոք սրտի, սիմվոլներից մեկը եղել եմ ես: Խնդրում եմ հանկարծ այս թեման չշահարկել: Ուզում եմ մեկ անգամ ևս ասել՝ ես որպես ԱԱԾ տնօրեն ի պաշտոնե ապահովել եմ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի օպերատիվ կապը, դրա մասին խոսվել է բազմիցս, եղել են բազմաթիվ հանդիպումներ այդ թվում Դուբայ քաղաքում, այդ հանդիպումների վերաբերյալ տեղեկացված են ԱԱԾ խորհրդի բոլոր անդամները, այդ հարցերը քննարկվել են ԱԱԾ խորհրդում, ավելին ասել չեմ կարող»,- հայտարարեց նա:
Վանեցյանը հավելեց, որ դատախազությունում հարուցված է քրեական գործ՝ պաշտոնեական դիրքերի լիազորությունները չարաշահելու հոդվածով, որի մեջ հստակ նշված է, որ որոշ պաշտոնատար անձիք, չարաշահելով կամ չիրականցնելով իրենց պաշտոնեական լիազորությունները, ազդել են պատերազմի ելքի վրա: «Այդ քրեական գործի շրջանակներում կիրականացվի քննություն, կտրվի պատասխան՝ պատերազմի սկզբի ընթացքի և արդյունքների վերաբերյալ, և այդ գործի շրջանակներում, եթե կլինի կլինի անհրաժեշտություն, որ ես մասնակցեմ, կմասնակցեմ, այլևս որևէ հարցի այս թեմայով չեմ պատասխանելու»,- նշեց Արթուր Վանեցյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը