15 12 2020

Համանախագահները պարտավորվել են կոնկրետ առաջարկներ ներկայացնել

Համանախագահները պարտավորվել են կոնկրետ առաջարկներ ներկայացնել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնություն՝ Իգոր Պոպով, Ֆրանսիա՝ Ստեֆան Վիսկոնտին և ԱՄՆ՝ Էնդրյու Շոֆեր) տարածաշրջան այցի արդյունքներով հայտարարություն են տարածել։

Ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին և ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը մեկնել են Բաքու դեկտեմբերի 12-ին և 13-ին, Երևան`դեկտեմբերի 13-ին և 14-ին: Բաքվում նրանց ընդունել է նախագահ Ալիևը և հանդիպել են արտգործնախարար Բայրամովի հետ: Երևանում նրանց ընդունել է վարչապետ Փաշինյանը և հանդիպել են արտգործնախարար Այվազյանի հետ: Ռուս համանախագահ Իգոր Պոպովի`ճանապարհորդելու անկարողության պատճառով, Ռուսաստանի Դաշնությունը Բաքվում ներկայացնում էր ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, իսկ Երևանում` Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը:

Համանախագահները հանդիպել են նաև տարածաշրջանում գործող ԿԽՄԿ-ի և ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչների հետ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նույնպես մասնակցում էր բոլոր հանդիպումներին:
Երկու մայրաքաղաքներում էլ կողմերը ներկայացրեցին իրավիճակի գնահատականը և հայտնեցին գալիք տարվա համանախագահների հետ համագործակցության վերաբերյալ իրենց ակնկալիքները:

Հաշվի առնելով նոր իրողությունները՝ համանախագահները հաստատեցին իրենց շարունակական նվիրվածությունը՝ կողմերի հետ կառուցողական համագործակցության համար՝ տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և բարգավաճում խթանելու և առկա խնդիրները լուծելու համար:

Համանախագահները պարտավորվել են նաև կոնկրետ առաջարկներ ներկայացնել կողմերի հետագա քննարկումների համար՝ հանդիպումների ընթացքում բարձրացված հարցերի վերաբերյալ:

Նշելով զոհերի պատճառ դարձած միջադեպերի մասին վերջերս տարածված հաղորդագրությունները, համանախագահները կողմերին կոչ են արել լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ իրավիճակը կայունացնելու համար՝ իրենց ստանձնած պարտավորություններին համապատասխան: Համանախագահները Հայաստանին և Ադրբեջանին հորդորել են հնարավորինս արագ ավարտել բոլոր ձերբակալվածների փոխանակումը և արագացնել դիակների հայտնաբերումն ու վերադարձը՝ համաձայնեցնելով ԿԽՄԿ-ի հետ:

Հիշեցնելով Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների՝ Տիրանայում դեկտեմբերի 3-ին կայացած ԵԱՀԿ նախարարական հայտարարությունը, համանախագահները կրկնում են իրենց միասնական դիրքորոշումը` հօգուտ բոլոր հիմնական հարցերի համապարփակ և կայուն կարգավորման: Համանախագահները և կողմերը կարևորել են բորբոքող հռետորաբանության նվազեցումը` առավել դրական միջավայր ստեղծելու համար:

Համանախագահները և կողմերը կարևորել են միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը՝ հակամարտության արդյունքում տուժած բնակչությանը մարդասիրական օգնության խթանման, ինչպես նաև մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ