«5-րդ ալիքում» ընթանում են՝ «Նրա ժամանակը» աշխատանքային վերնագրով, նոր վավերագրական ֆիլմի աշխատանքները: Այն հեռուստադիտողին կներկայացվի մինչև տարվա վերջ:
5tv.am-ը մի հատված է առանձնացրել Ալվարդ Պետրոսյանի խոսքից:
«Էս ամբողջ ընթացքում մտածում եմ, որ ինքն ու իր հայրը՝ դերասան Լորենցը Առուշանյանը վերևից նայում ու լաց են լինում, ես իրենց նախանձում եմ, որ իրենք վերևում են ու ես իրենց հետ չեմ, որովհետև էս ինչ կատարվեց՝ իմ սերնդի ֆիասկոն էր, պարտությունը:
30 - 32 տարի, 1988 թվականից ոտքի վրա էինք և էնպիսի հաղթական բան կար մեջներս, հաճախ եմ եթերում, հարցազրույցների ընթացքում ասել, որ Շուշին բանաստեղծություն է, հաղթանակը՝ Շուշիի, Շուշին՝ ինքը մեր ամբողջ սերնդի միացյալ ուժերով գրված բանաստեղծությունն է: Դուք կարող եք պատկերացնել, չէ՞ թե հիմա ինչ ողբերգություն է ապրում իմ սերունդը: Ձեր սերունդը՝ երիտասարդների դեռ ժամանակ ունի ինչ որ բան շտկելու՝ նորից ու նորից: Դաշնակցությունը մի հետաքրքիր բառակապակցություն ունի. «հարատև կռիվ», երևի հայերի ճակատագիրն է, մենք անընդհատ հարատև կռվի մեջ ենք լինելու, որովհետև մեր հարևաններն են ստիպելու մեզ, որպեսզի անընդհատ կռվենք: Հենց մի պահ մեր զգոնությունը կորցնենք, ինչպես էս անիծյալ երկուսուկես տարում կորցրեցինք, էս փորձանքի մեջ կընկնենք, կկորցնեք:
Էս օրերին անվերջ հեռուստատեսությամբ եմ հետևում երիտասարդներին, առողջությունս այնպիսին չէ, որպեսզի փողոցում մեր երիտասարդների հետ լինեմ, իրենց, որ տեսնում եմ, շատ եմ ուրախանում, տեսնում եմ, որ չէ, չեն ճկվել, պայքարում են:
Անընդհատ հիշում եմ մի քանի տարի առաջ Մոսկվայում մի հայ վարորդ վթար էր տվել և դատարան էին բերել կանանց խալաթով, ընդ որում խալաթի տեսակն էլ աամենա-ամենահասարակն էր, կարծեմ էդ ժամանակ մեր արժանապատվությունը ուժեղ էր և մեր ամբողջ ազգը տնքաց՝ վիրավորանքից:
Էս երկու օրն անընդհատ մտածում եմ, որ էդ արարածը, որ հիմա մեր երկիրն է ղեկավարում, էդ անունը տաբու է ինձ համար, ես չեմ ուզում տալ, այդ արարածը մեր ամբողջ ժողովրդին էդ խալաթը հագցրեց: Էնպես նսեմացրեց մեր արժանապատվությունը, այնպիսի ցավ պատճառեց, ինքը և իր կինը, ի դեպ, չորս զավակ է ծնել Աննա Հակոբյանը: Երկու օր առաջ ցույց տվեցին զոհված երաժիշտ զույգ եղբայրների մորը, մտածեցի, որ այդ մոր արցունքի ամեն կաթիլն աղաթթվի նման պետք է քայքայեր Աննա Հակոբյանին, ես անիծել չեմ կարող, բայց գոնե էդքան ցանկություն ունեմ, բայց հետո մտածեցի, որ իրենք մարդ չեն այդ երկու դուրսպրծուկները: Այդ երկու դուրսպրծուկները աղետի պես եկան էս երկիր: Երբ ասում եմ «այդ երկու դուրսպրծուկներ», չեմ կարծում, թե իրենք մենակ են, մտածում եմ, որ ահագին մեծ թիմ ունեն՝ դեռ:
Մտածում եմ, որ ամեն ժողովրդի մեջ էլ քերանք կա: Ես չեմ կարող իմ կանացի բնույթից հեռանալ, էն որ միսը եփում ես, քափը դուրս է գալիս, այ ժողովրդի քափն էլ կա, այ իրենք էս արարածին բերեցին իշխանության և իր շուրջը կանգնած «հպարտ» հայերին՝ Հայկ Մարության և նման զանազան թափթփուկներ՝ հիվանդ: Եթե առանձին-առանձին նայում եք ոչ մեկը առողջ մարդ չի, նորմալ մարդ չեն, կիսատ են:
Իրենք մեզ նման բարդույթներից ազատագրված չէին, չէ որ մեր սերունդը ցեղասպանված ժողովրդի զավակ լինելու բարդույթից էր ազատվել՝ մեր հաղթանակով: Մենք 1994 թվականից սկսած ապրում էինք որպես հաղթած ժողովրդի զավակներ: Քանի անգամ եմ ես հպարտությամբ ասել, որ սովետական կայսրության հանրապետություններից մենք միակն էինք, որ 21-րդ դար մտանք հաղթանակով: Երևի պետք չէր գոռոզանալ, պետք չէ հպարտանալ, Աստված պատժում է, մենք շատ հպարտացանք, երևի ավելորդ հպարտությունը զգոնության կորուստ է, թեև ժողովուրդը շատ պարզ ձևակերպել է «գողը տնից լինի, եզը՝ երդիկից կելնի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը