08 12 2020

Գարեգին Երկրորդ և Արամ Առաջին կաթողիկոսները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Գարեգին Երկրորդ և Արամ Առաջին կաթողիկոսները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը հանդես է եկել ուղերձով հայաստանում ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Հայրենի մեր երկրում տեղ գտնող տագնապալից զարգացումներին և առկա մտահոգություններին ընդառաջ՝ Մենք հանդիպում ունեցանք նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ տիար Նիկոլ Փաշինյանի հետ։ Թելադրված երկրի առջև ծառացած և ահագնացող ներհասարակական լարվածությամբ, արտաքին և ներքին լուրջ մարտահրավերներով և վարչապետի անձի նկատմամբ հանրային վստահության պակասով՝ հայրաբար հորդորեցինք հանձնառություն ստանձնել և վայր դնել վարչապետի լիազորությունները՝ կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաև հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները։

Այս առումով նաև կոչ ենք ուղղում Ազգային ժողովին՝ մեր հայրենիքի համար այս վճռորոշ պահին գործել ամենայն պատասխանատվությամբ, ականջալուր լինել հանրության լայն շրջանակների կողմից հնչող պահանջներին և քաղաքական ուժերի հետ համախորհուրդ ընտրել նոր վարչապետ ու ձևավորել ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն։ Միայն հանրային վստահություն ունեցող և արհեստավարժ անձերից կազմված կառավարությունն է, որ կարող պիտի լինի կարգավորել մեր ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրները, վերականգնել ազգային համերաշխությունն ու միասնականությունը և կազմակերպել անվիճարկելի անհրաժեշտություն ներկայացնող խորհրդարանական արտահերթ ընտրությունները»։

Ավելի վաղ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա-ն ևս հանդես էր եկել ուղերձով.

«Մեր ժողովուրդին հաւաքական կամքը, մեր ժողովուրդին ու հայրենիքին ընդհանրական ու գերագոյն շահերը պէտք է մնան գերիվեր ամէն տեսակ նկատումներէ եւ դառնան ճշդորոշիչ մեր մտածումներուն, որոշումներուն ու գործերուն։

Ա՛յս սկզբունքներէն ու յանձնառութենէն մղուած, շուրջ երկու տարիներ առաջ Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեան ստանձնեց Հայաստանի իշխանութեան ղեկը։ Ներկայ ճգնաժամային պայմաններուն մէջ, կոչ կ’ուղղենք, որ նո՛յն սկզբունքներէն ու յանձնառութենէն մեկնած, վարչապետ Նիկոլ Փաշինեան որոշէ հրաժարիլ վարչապետութենէն՝ առիթ տալով Ազգային Ժողովին, սահմանադրական կարգն ու գործընթացը յարգելով՝ նոր վարչապետ ընտրելու։ Մեր սպասումն է, որ ընտրուելիք նոր վարչապետին գլխաւորութեամբ կազմուելիք համաձայնական անցումային կառավարութիւնը առաջնահերթ նկատէ Ազգային Ժողովի արտահերթ ընտրութիւններու շուտափոյթ կազմակերպումը։

Կ’աղօթենք առ բարձրեալն Աստուած, որ Իր երկնային թագաւորութեան մէջ ընդունի մեր նահատակները, վիրաւորներուն շուտափոյթ ապաքինում, գերիներուն վերադարձ ու սգաւոր ընտանիքներուն մխիթարութիւն պարգեւէ, եւ մեր ազգն ու հայրենիքը հեռու պահէ ամէն տեսակ չարէ ու չարիքներէ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ