30 11 2020

Անվտանգության երաշխիքներ չունեմ, բայց, չենք պատրաստվում լքել բնակավայրը. Քաշաթաղի վարչակազմի ղեկավարը՝ Բերձորի մասին

Անվտանգության երաշխիքներ չունեմ, բայց, չենք պատրաստվում լքել բնակավայրը. Քաշաթաղի վարչակազմի ղեկավարը՝ Բերձորի մասին

Aysor.am-ը գրում է․ «Բերձորը մնում է, ես մնում եմ, բնակիչները տեղում են, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանն՝ անդրադառնալով հարցին, թե ի վերջո բնակիչները տարհանվելո՞ւ են շրջանից, թե՞ ոչ։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 1-ին Լաչինի շրջանը հանձնվում է Ադրբեջանին՝ ի կատարումն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարության։

«Պայմանավորվածություն, անվտանգության երաշխիքներ ես չունեմ, բայց, ամեն դեպքում, չենք պատրաստվում լքել բնակավայրը։ Միգուցե, վերադասն ունի։ Բանակցությունները վարում է հայկական դիվանագիտական կորպուսը, դիվանագիտական խողովակներով թե ինչ համաձայնություն ունեն այս պահի դրությամբ՝ տեղյակ չեմ։ Լաչինի միջանցքի՝ ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորամիավորման հրամանատարության հետ այսօր դեռևս չեմ հանդիպել։ Երեկ հանդիպել եմ։ Հստակ ինֆորմացիայի չեմ տիրապետում, ամեն դեպքում, չունեմ պաշտոնական տարհանման հրաման։ Աղավնո, Սուս և Բերձոր համայնքների բնակիչներին խորհուրդ ենք տալիս մնալ և ապրել իրենց բնակավայրերում։ Համաձայնագրի համաձայն՝ ամսի 9-ի, այս շրջանն արդեն հստակ է, որ անցնում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո», - ասաց Մուշեղ Ալավերդյանը։

«Դա, կարծում եմ, որոշակի երաշխիք է։ Իհարկե, որևէ բնակչի չենք կարող ստիպել և չենք էլ ստիպում հակառակն անել։ Մեծ թվով մեր բնակիչներ, ովքեր ինչ-ինչ պատճառներով պատերազմական գործողությունների ժամանակ դուրս էին եկել, հիմա զանգահարում և վերադառնալու ցանկություն են հայտնում», - ասաց Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բերձորի բնակիչներին գույքը հավաքելու և քաղաքից հեռանալու ցուցում էր եղել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ