Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի խոսքը նախարարության դիմաց հավաքված Արցախում գտնվող զինծառայողների ծնողներին փոխանցեցին նրա հետ հանդիպումից դուրս եկած ծնողները։ Նրանցից մեկը նշեց․
«Ասացի՝ պարոն նախարար, հստակ պատասխան տվեք, մեր երեխաները գալո՞ւ են Հայաստան ծառայութունը շարունակելու, ասաց՝ ոչ, գալու են արձակուրդ, այնուհետև այնտեղ գնալու են ծառայությունը շարունակելու»։
Ծնողները հայտնեցին, որ նախարարությունում կդիտարկեն նաև փուլային տարբերակով Հայաստանի և Արցախի զինծառայողների «սմենափոխության» տարբերակը:
Հանդիպման մասնակիցները հավաքվածներին փոխանցեցին պաշտպանության նախարարի խոսքը, որ զինծառայողներն այնտեղից դուրս չեն բերվելու, քանի որ այդ դեպքում հավանական է պատերազմի վերսկսումը:
«Ինչ որ մնում է այնտեղից բոլոր մեր զորքերն հանելուն՝ ասաց, որ բացառվում է»,- նշեց հանդիպման մասնակից ծնողներից մեկը:
Ծնողների հարցին, թե արդյո՞ք ապահովում են անվտանգությունը, որպեսզի դիվերսիոն խմբերը չմտնեն դիրքերը և զինծառայողներ գերի վերցնեն, Վաղարշակ Հարութունյանը ասել է, որ 100 տոկոսվ երաշխավորում է:
«Ժողովուրդ, թուրքի վրա վստա՞հ ենք»,- ներկաներին դիմեց ծնողներից մեկը և լսելով «ոչ» պատասխանը շարունակեց. «Էլ ինչպես կարող է մեր համար գարանտ կանգնի պաշտպանության նախարարը»:
Հանդիպման մասնակից ծնողները երկրորդ անգամ են պնդել, թե արդյո՞ք նախարարը երաշխավորում է, որ թուրքերի դեիվերսիոն խումբը չի մտնի հայկական դիրքեր:
«Կարող է Երևան էլ մտնի»,- նախարարի այս պատասխանը փոխանցեց հանդիպման մասնակից ծնողը:
Արձակուրդների մասով էլ պաշտպանության նախարարը նաև ասել է, որ ռազմական գործողություններին մասնակցած զինծառայողներին դեկտեմբերի 1-ից կսկսեն արձակուրդներ տալ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը