28 11 2020

ՔՊ ջոկատը չի մասնակցել Ապրիլյանին, Արցախ է մեկնել մայիսի 14-ից. Yerkir.am

ՔՊ ջոկատը չի մասնակցել Ապրիլյանին, Արցախ է մեկնել մայիսի 14-ից. Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի և իշխանական վերնախավում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք կարկառուն ներկայացուցիչների կողմից՝ Ազգային ժողովի և այլ բարձր ամբիոններից, ինչպես նաև տարբեր այլ առիթներով բազմիցս հայտարարվել է, որ իրենք առանձին ջոկատով մասնակցել են Ապրիլյան քառօրյային և գտնվել առաջնագծում: Այդ մասին ՔՊ-ական որոշ գործիչներ անգամ փաստել են իրենց կենսագրականներում: Օրինակ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի՝ Կառավարության պաշտոնական կայքում զետեղված կենսագրական տեղեկությունների համաձայն՝  նա 2016 թ. Ապրիլյան պատերազմի ընթացքում ծառայել է առաջնագծում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատի շարքերում:  

 Ելնելով բազմիցս շահարկվող այս իրողությունից՝ Yerkir.am-ը նախքան պատերազմը՝ 2020 թ. սեպտեմբերի 14-ին, գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ խնդրելով պարզաբանել, թե Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ե՞րբ (խնդրել էինք նշել օրերը) և առաջնագծի ո՞ր հատվածներում է մարտնչել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատը, քանի՞ հոգի են անդամակցել տվյալ ժամանակահատվածում նշված ջոկատին:   

 Նոյմեբրի 25-ի թվագրմամբ ստացված պատասխան նամակում (կցում ենք) նշված է, որ 2016 թ. ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ջոկատն անցել է Վարդենիսում տեղակայված զորամասի հրամանատարի ենթակայության տակ, իսկ 2016 թ. մայիսի 14-ից ջոկատի 33 կամավորականներ գործուղվել են Պաշտպանության բանակ՝ Արցախի Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ բնակավայրի շրջանում տեղակայված ստորաբաժանումը համալրելու և մարտական հերթապահություն (խնդիրներ) իրականացնելու համար:

 Նախարարության պաշտոնական տեղեկությունը փաստում է այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատը չի մասնակցել Ապրիլյան քառօրյային:

 Այդ իմաստով՝ «Փետրվարի 31»-ի հեղինակ նախարարին հիշեցնենք՝ Վարդենիսը 2016 թ. առաջնագիծ չէր, և միայն իր կառավարման շրջանում ամեն ինչ արվեց, որ այն դառնա առաջնագիծ:

 Իսկ թե ինչու՞ են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատի 33 անդամներն Արցախ մեկնել Ապրիլյան քառօրյայի ավարտից գրեթե մեկուկես ամիս անց (մայիսի 14-ից սկսած)՝ մնում է անհասկանալի: Չի նշված նաև, թե մարտական ի՞նչ խնդիրներ են կատարել ՔՊ ջոկատի 33-յակը:

Փաստենք նաև, որ Ճանկաթաղն առաջնագծից գտվում է շուրջ 15 կմ հեռավորության վրա:

 Ընդհանրացնելով՝ կարելի է նշել, որ ՔՊ-ականները ոչ միայն չեն մասնակցել Ապրիլյան քառօրյային, այլև երբեք առաջնագիծ դուրս չեն եկել: Հետևաբար, Նիկոլ Փաշինյանի և իշխանական աթոռներին հայտնված թիմակիցների այն բոլոր ամպագոռգոռ հայտարարությունները (որոնք հատկապես հաճախակի դարձան 2018 թ. իշխանափոխությունից հետո) թե իբր ՔՊ ջոկատը մասնակցել է Ապրիլյան քառօրյային և եղել է առաջնագծում, այն հազարավոր ստերի շարքից են, որոնցով ստի մեծ վարպետ Նիկոլ Փաշինյանն  այսքան ժամանակ մոլորեցրել է հանրությանը:   

 

Վահե Սարգսյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ