Սեպտեմբերի 27-ին, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ ԱԺ, ասաց՝ մենք կարող ենք կանգնեցնել այս պատերազմը, և ասաց պայմանները՝ 7 շրջանների վերադարձ, փախստականների վերադարձ, և ոչ մի խոսք ԼՂ կարգավիճակի հստակեցման մասին. տարածքներ խաղաղության դիմաց: Ուզում եմ հիշեցնել՝ այդ ժամանակ քաղաքական ոչ մի ուժ չհամաձայնեց այդ սցենարին, ոչ մի հանրային պահանջ չեղավ կանգնեցնելու մասին, ոչ մեկը դուրս չեկավ փողոց՝ ասելու, որ կանգնեցրեք: Այս մասին Հանրային ՀԸ եթերում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:
Դիտարկմանը, թե նշում են, որ իշխանությունը կարող էր 44 օրվա մեջ ավելի վաղ կանգնեցնել պատերազմը, որի դեպքում Շուշին չէր հանձնվի, և զոհերը քիչ կլինեին, Լենա Նազարյանն արձագանքել է. «Հայտարարությունը հնարավոր է եղել ստանալ, հրապարակել միայն այն կետում, որում հնարավոր է եղել»: Հարցին, թե այսինքն՝ մինչև այդ հնարավոր չէ՞ր, Լենա Նազարյանն արձագանքել է. «Ոչ, ես կարծում եմ, հնարավոր չէր»:
Հարցին, թե իշխանության ընդդիմախոսները նշում են՝ իշխանությունը պարտվել է՝ անկախ նրանից, դավաճանե՞լ է, թե՞ ոչ, արդյունքը պարտությունն է, և նշում են՝ այն ուժը, որը նման բանի տակ է ստորագրել, անկախ հանգամանքներից՝ պետք է հեռանա, և կայանան արտահերթ ընտրություններ, ԱԺ փոխնախագահը պատասխանել է, թե ոչ մեկը չի ասում, որ արտահերթ ընտրություններ պետք չեն:
«Մենք չենք ասում, որ արտահերթ ընտրություններ պետք չեն, մենք ասում ենք՝ արտահերթ ընտրությունների համար անհրաժեշտ են պայմաններ»,– ասել է նա:
ԱԺ փոխնախագահի կարծիքով իշխանության հասցեին դավաճանության մասին մեղադրանքները սուբյեկտիվ ընկալումներ են և դրանք իրականությանը չեն համապատասխանում:
Հարցին՝ «իսկ հողեր հաձնելու մասին ինչ կասեք», Նազարյանը պատասխանել է. «Ո՞վ է հող հանձնել: Տարածքները կորսվել են կռվի դաշտում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը