Նրանք, ովքեր առանց հասկանալու ուրախանում են, որ Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծը և պնդում, թե բա «Ֆրանսիան Նիկոլի խաթր ճանաչեց Ղարաբաղը», ճիշտ նույն կերպ ուրախանում էին, երբ Արծրուն Հովհաննիսյանը հերթական շրջանը հանձնելուց հետո խոսում էր մարտավարական նահանջի և մեր հաղթանակի մասին։ Այս մասին գրառում է կատարել «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը:
«Նրանք, ովքեր ուրախանում են, թե, իբր, Ֆրանսիան ճանաչել է ԼՂՀ անկախությունը, նույն ձևով ուրախանում էին ու համոզված պնդում, որ մենք ազատագրել ենք Գետաշենն ու Շահումյանը։
Ֆրանսիայի Սենատում գիտեն, որ հայ ժողովուրդը Սևրի դաշնագրի պես բաներից երեխայի նման ուրախանում է, ուստի տալիս է։ Միևնույն է իրենից բան չի գնում։
Հ․Գ․։ Ի դեպ, Ֆրանիսյաի արտգործնախարարությունը՝ Ֆրանսիայի կառավարության անունից հայտարարել է, որ ԼՂՀ անկախության միակողմանի ճանաչումը ոչ մի դրական բան չի տա Հայաստանին ու Արցախի բնակչությանը, ինչպես նաև Ֆրանսիային։ Բայց նիկոլենք սրա մասին չեն խոսի։
Պողոսներից «լայքեր» պոկելու, նրանց խաբելու և կապիտույլանտի խայտառակ իմիջից ազատվելու համար Փաշինյանն իր էջում գրել է․ «Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է։ Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ»։
Նրա այս գրառումը շատ նման է «Շուշիի համար մարտերը շարունակվում են» բլեֆին, որից ժամեր անց ստորագրվեց կապիտույլացիոն ակտը՝ Շուշին թուրքին հանձնած վիճակում»։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծն ընդունեց 305 «կողմ», 1 «դեմ» և 30 «ձեռնպահ» ձայներով:
Սենատի նիստի ընթացքում պատգամավորները կառավարությանը կոչ արեցին գործել, կանգնել հայ ժողովրդի կողքին ու ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Բանաձևը ներկայացրել էին սենատորներ Բրունո Ռետայոն, Պատրիկոի Մաննեն, Էրվե Մարսելը, Ալիան Աղասսին և Գիլյոմ Գոնտարդը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը