Մինչ ոչ իշխանական ուժերը գեներացնում են ժամանակավոր կառավարության գաղափարը, Փաշինյանը, ում ձեռքում է դեռևս պետության կնիքը, ինքն է սկսել ժամանակավոր կառավարություն ձևավորել։
Ակնհայտ է, որ հրաժարական տվող, հեռացող նախարարների փոխարեն նոր նախարարներ նշանակվում են միայն այդ աթոռները դատարկ չմնալու համար։ Այսօրվա ՀՀ կառավարությունը ունի մեկ ֆունկցիա՝ ֆորմալ ապահովել կառավարության գոյություն և Փաշինյանի իշխանության պատրանք։
Սա իսկական ժամանակավոր կառավարություն է, ստեղծված շատ կարճ ժամանակի համար։ Նրանից որևէ ակնկալիք չկա, և թերևս իրենք նույնպես գիտակցում են իրենց անիմաստությունը։ Հասկանալի է, որ պետությունը չի կարող լինել առանց կառավարության և քանի դեռ տեղի չի ունեցել նոր իշխանության օրինական ձևավորում, այս մարդիկ պետք է որոշակի ֆունկցիաներ կատարեն։
Մյուս կողմից, եթե առաջիկայում Փաշինյանի հրաժարականի պահանջի հանրային ճնշումը էապես չմեծանա, ապա այս կառավարությունը կարող է վերափոխվել ժամանակավոր-երկարատևի։ Այն էլի կմնա ժամանակավոր՝ իր անիմաստության և ոչ էֆեկտիվության առումով, բայց կարող է գոյատևել ավելի երկար, կրելով ընթացիկ կոսմետիկ փոփոխություններ։ Սա պետության համար կլինի ամենավատ սցենարներից մեկը, քանի որ պետության կենսական խնդիրները չեն լուծվի, պետությունը կմտնի խորը քաղաղաքական, տնտեսական ստագնացիայի մեջ։
Մարինե Սուքիասյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը