25 11 2020

Նշված է 121 համայնք, բայց իրականում Ադրբեջանին 181 գյուղ և քաղաք է անցնում. Միրաքյան

Նշված է 121 համայնք, բայց իրականում Ադրբեջանին 181 գյուղ և քաղաք է անցնում. Միրաքյան

«Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նոյեմբերի 21-ին կառավարության որոշումը դուրս եկավ, ըստ որի` նշվում էր Ադրբեջանի օկուպացված կամ խաղաղ ճանապարհով Ադրբեջանին հանձնվող հայկական բնակավայրերի ցանկը: Այս որոշման խնդիրներն են.

1. Նշված է 121 համայնքի անուն, բայց իրականում 181 գյուղ եւ քաղաք է անցնում Ադրբեջանին: Կառավարության որոշման մեջ նշված են խոշորացված համայնքների անունները, ինչի հետեւանքով 51 գյուղի անուն չի նշվել: Նկարում տեղադրած քարտեզում որոշումում չնշված գյուղերը, որոնք անցնելու են Ադրբեջանին, դեղինով են ներկված: 181 գյուղ ու քաղաք անցնում է Ադրբեջանին: Համեմատության համար ու աղետի մասշտաբը պատկերացնելու համար ասեմ, որ ՀՀ-ն մոտ 950 գյուղ ունի: Ճիշտ է, Արցախի գյուղերի մի մասը շատ փոքր են, բայց ամեն դեպքում, 181 բնակավայր, որոնց մի մասն արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ են, մյուս մասն էլ շուտով կհանձնվի Ադրբեջանին:

2. Կառավարության որոշումում սխալ է ձեւակերպված. ոչ թե բնակավայրերը անցել են Ադրբեջանի տիրապետության տակ, այլ Ադրբեջանը ռազմական օկուպացիա է նախաձեռնել եւ ռազմական ճանապարհով գրավել....: Իրավական ճիշտ ձեւակերպումները շատ կարեւոր են, հատկապես հետագա պայքարի համատեքստում:

3. Կառավարության որոշումում կա Չարեկթարի ու Ակնաբերդի անունը, որոնք չեն տեղավորվում որոշման տրամաբանությունում: Օրինակ, Ակնաբերդը չգիտես ինչու ժամանակին միացվել է Շահումյանի շրջանին, բայց ԼՂԻՄ-ի կազմում եղել է Մրտակերտի շրջանում (Ակնաբերդի դիրքը տեսե՛ք կից քարտեզում): Ակնաբերդը, եթե հանձնվեց Ադրբեջանին, նշանակում է, որ Ադրբեջանին կանցնի ողջ Սարսանդի ջրամբարը, իր հարակից գյուղերով: Ադրբեջանին հանձնվում են տարածքներ՝ ելնելով ԼՂԻՄ քարտեզի տրամաբանությունից, պլյուս Հադրութն ու Շուշին, այդ դեպքում ինչո՞ւ է հանձնվում ԼՂԻՄ-ի Մարակերտի շրջանի Ակնաբերդ գյուղը:

Էս պահին դիրքերի վերադասավորում է ընթանում, ինչի հիման վրա ընթանալու է հաջորդ պատերազմը: Դրա համար Ադրբեջանը, օգտվելով ատիթից, որ հայկական կողմում խառնաշփոթ է, ԱԳՆ-ն, բանակը խառն են, ամեն գնով փորձելու է մի բլուր, մի դաշտ, մի գյուղ ավել վերցնել: Մի տեղ հաջողվում է, մյուս տեղում չի հաջողվում, բայց պետք է ընդունենք, որ ճակատամարտն է ավարտվել, ոչ թե պատերազմը, հետեւաբար էս պահին շատ կարեւոր է հնարավորինս հարմար բարձրունքներ ու դիրքեր պահել հայկական ազդեցության տակ:

Եկեք տարածենք էս իրականությունը, որի մասին չի խոսվում»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ