Ազգային ժողովի խորհուրդը դռնփակ նիստում քննարկել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցը:
ԱԺ խորհրդի նիստին որոշվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան, լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը։
«Ակնհայտ քաղաքական որոշում ընդունվեց։ Քվեարկեցին կողմ, որ ուղարկեն ՍԴ՝ մանդատից զրկել միջնորդությունը։ Այն ինչն այսօր լսեցինք խորհրդի նիստում ակնհայտորեն ցույց տվեց, որ սա քաղաքական հետապնդման տարրեր են։ Բացահայտ քաղաքական հետապնդում է։ Այն հանգամանքները և այն դրույթները, որոնք ներկայացնում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավարը, այնքան անհեթեթ էին, ընդհանրապես չէին վերաբերում բուն գործընթացներին»,- շեշտեց պատգամավորը։
«Սա ցույց է տալիս փոքրոգության մասին. հիմնական քաղաքական ուժի ղեկավարին այս բարդագույն շրջանում անօրինական գնաս ու ասես, որ զբաղվել ես բիզնեսով ու մանդատդ պիտի դնես, խայտառակ փոքրոգություն է», - լրագրողներին ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը