20 11 2020

Ոչպետականության ճգնաժամ․ եթե Փաշինյանը պահեց իշխանությունը, մենք չենք պահելու պետությունը․ Վահե Հովհաննիսյան

Ոչպետականության ճգնաժամ․ եթե Փաշինյանը պահեց իշխանությունը, մենք չենք պահելու պետությունը․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի վերլուծաբան Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում անդրադարձել է երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակին, ներքաղաքական ու հետպատերազամական զարգացումներին, նախանշել լուծման ուղիները։

Հոդվածն ամբողջությամբ՝ ստորև․

«Ինչպե՞ս ավելի ճիշտ բնութագրել այսօրվա ճգնաժամը՝ ռազմակա՞ն, քաղաքակա՞ն, հասարակակա՞ն. այն չէ։ Նույնիսկ պետականության ճգնաժամ ձևակերպումը, որն ավելի մոտ է իրականությանը, միևնույն է՝ ճշգրիտ չէ։

Այն, ինչ կատարվեց և կատարվում է Հայաստանում, մեր ոչպետականության կուլմինացիան է։ Մեր ժողովրդի, պետական ինստիտուտների, քաղաքական համակարգերի, վերնախավերի ոչպետական մտածողության և էությամբ ոչպետականության ցավալի, բայց նաև տրամաբանական արդյունքը։

Այն, որ Փաշինյանը պետք է հեռանա, և դա այդպես էլ լինելու է, և այն, որ կարող են ձևավորվել գեղեցիկ անուններով կառավարություններ՝ համաձայնության, փրկության, ժամանակավոր և այլն, դա էլ հարցի լուծում չէ, և որ կլինեն արտահերթ ընտրություններ, դա էլ հարցի լուծումը չէ, որովհետև դրանք էլ կարող են լինել անբովանդակ՝ ինչպես նախորդները, ու նորից չծնվի երկրի առաջընթացի ռեսուրսը։

Եթե Փաշինյանը պահեց իշխանությունը, մենք չենք պահելու պետությունը։ Սա աքսիոմա է։

Հայաստանը վերածվում է հակապետականության դասագրքի։ Մենք դառնում ենք դասագիրք՝ մյուս ժողովուրդների համար. ինչպես են ժողովուրդները կորցնում պետականությունը։ 

Մեր թշնամին վստահ է, որ մենք պետության չունակ ժողովուրդ ենք, թշնամին իր համար բոլոր որոշումները կայացրել է։ Եվ չի ուշացնելու իր հաջորդ քայլերը։

Հիմա մեզ ուշադիր հետևում է մեր դաշնակիցը. ի՞նչ արձագանք է տալիս հայ հասարակությունը արձանագրված ողբերգությանը, ի՞նչ հետևություններ է անում, ի՞նչ խնդիրներ է դնում և ի՞նչ քայլեր է սկսում իրականացնել։

Որոշ ժամանակ հետո դաշնակիցը, սա վերլուծելով, անելու է իր եզրակացությունը՝ ունա՞կ է արդյոք հայ ժողովուրդը պետություն ունենալ։ Եթե այո՝ կաշխատի մեզ հետ, եթե՝ ոչ, հետ կքաշվի։

Այս պահին հասարակությունը 

չի ընկալում աղետի ողջ ծավալը

չի ընկալում մոտալուտ ռիսկերը

չի ընկալում, որ հին Հայաստանը չկա, որ հին Արցախը չկա

չի ընկալում, որ անվտանգության խնդիրները ոչ թե վերացել են, այլ՝ նոր, շա´տ ավելի մեծ սրությամբ են կանգնել

Տանը, փողոցում Նիկոլին համատարած դավաճան ասելը դեռևս չի նշանակում, որ հայ հասարակությունն ընկալել է, թե ինչ կատարվեց և ինչ է պետք անել։ Պրոբլեմն այստեղ է։

Որպես փաստ ընդունենք, որ հանրահավաքի հարթակը նույնպես առայժմ չի կարողանում ձևակերպել իրավիճակին համարժեք բանաձևեր։ Այստեղ նույնպես էմոցիան ու աղմուկը գերիշխում են։ Սա էլ իր հերթին է բարդացնում վիճակը։ Հասկանալի է, որ պահը էմոցիոնալ է, բայց քաղաքական հարթակը պետք է քաղաքական լինի, սառը և գրագետ։

Քանի՞ անգամ մեզ դրսից պետք է բացատրեն, որ հրադադարի չեղարկման գաղափարն ինքնասպանություն է։ Քանի՞ անգամ Պուտինն ու Նարիշկինը պետք է բաց տեքստեր ասեն Հայաստանի քաղաքական հարթակներին։ Ինչո՞ւ քաղաքական հարթակը դա ինքնուրույն չի գիտակցում և այդ հենակետից չի խոսում հասարակության հետ։

Փաշինյանի հրաժարականը պահանջելիս խնդիր պետք է դնել

Բացատրել հասարակությանը, թե ինչո´ւ է դա անհրաժեշտ

Պետք է լինել բացարձակ անկեղծ և չխաղալ հանրության հույզերի վրա

Արտաքին աշխարհի համար ընկալելի ցույց տալ, որ ՀՀ նոր իշխանության հավակնողները ավանտյուրիստներ չեն և որևէ կերպ թույլ չեն տալու նոր պատերազմ և ապակայունացում տարածաշրջանում

Պետք է ի վիճակի լինեն՝ բացառապես նոր իրականության համարժեք աշխատանքային օրակարգի։

Շատ կարևոր է հանդարտ երկխոսությունը հասարակության հետ։  Համարենք՝ Փաշինյանն արդեն չկա, բայց նույն հասարակությունը հո կա։ Այն հասարակությունը, որն ուժ չգտավ 2.5 տարի դեմն առնելու Փաշինյանի բոլոր աններելի սխալների և անհեթեթ գործողությունների։ Փաշինյանը 2.5 տարում արեց պետականության հետ անհամատեղելի բոլոր քայլերը և գործողությունները, ու հասարակությունը սա հանդուրժեց։

Հետևաբար՝ հետփաշինյանական փուլի խնդիրը, և նաև արդեն այսօր, ոչ թե հասարակության ցածր որակը շահագործելն է («հրադադարի չեղարկում» կոչով կամ դավաճան գոռալով), այլ՝ հասարակության հետ դժվար երկխոսության մեջ մտնելով՝ ավելի գրագետ ապագայի կառուցումը։

Չպետք է մոռանալ, որ պետական մտածողության համատարած դեֆիցիտի պայմաններում (պետական համակարգ, իրավապահներ, քաղհասարակություն և լայն հասարակություն) 2.5 տարում Հայաստանում պետական ինստիտուտներով կառավարումը փոխարինվեց ընտանեկան կառավարմամբ։

Ֆորմալ` ունեինք քաղաքացիական հասարակություն։ Բայց ծագում է մի պարզ հարց՝ ո՞ր պետության քաղաքացիական հասարակությունն էր դա։ Հայաստանում կատարվող բոլոր անօրինականությունների, բոլոր կեղտոտ քայլերի վրա 2.5 տարի աչք էր փակվում։ Քաղաքացիական հասարակության առանցքում չկար ո´չ պետություն, ոչ հասարակություն։ Կար դրամաշնորհ տվող և պատվերներ իջեցնող։ Եվ նրանց ֆինանսապես մոտիվացված ամլությունը նույնպես այս ողբերգության առանցքում է։ Մի զանգով արդարացնում էին Փաշինյանի բոլոր անօրինականությունները և մի զանգով հարձակվում այն թիրախների վրա, որը մատնանշում էր նա։

Մեր հասարակությունն ինտերնետի և բջջային կապի դարում հանդուրժել է, որ իրեն պատերազմի 44 օրը խաբեն։ Սա ֆենոմենալ իրողություն է, սա գիտնականների ուսումնասիրման առարկան է։

Հայաստանի կարգավիճակը պատերազմի օրերին, իր կազմակերպվածության և լրջության առումով, իջեցվեց չճանաչված պետության կարգավիճակի։

Ի՞նչ անել

Ժամանակ չունենք, ունենք պետություն չունեցող հասարակության որակներ, ունենք մեծագույն վտանգներ, որոնց մասին հասարակության մեծ մասը չի պատկերացնում։

Հենց վաղվանից բոլոր մեդիակոմունիկացիաներն օգտագործել՝ հասարակությանը բացատրելու աղետի և առաջիկա ռիսկերի իրական պատկերը։ Պարզ ասել, որ կան անշրջելի իրողություններ, այդ թվում՝ հրադադարի պայմանները, և պետական մտածողության խնդիրը նոր իրական պայմաններից ելքեր և զարգացման հեռանկար ձևավորելն է։

Հնարավորինս սեղմ ժամկետներում նոր կառավարության ձևավորում, որում պետք է լինեն բացառապես գործ անելու ունակ դեմքեր։ Նաև այսպես սկիզբ դրվի ոչիշխանական  քաղաքական դաշտի մաքրումը անմիտ կերպարներից։

Նոր կառավարության առաջին քայլերից մեկը աշխարհի հեղինակավոր ու ազդեցիկ հայերի մասնակցությամբ կոնֆերանսի կազմակերպումն է՝ համահայկական նոր օրակարգի ձևավորման համար (թե ինչու է սա կարևոր՝ կներակայացնեմ առանձին)։

Նոր կառավարությունը պետք է կայունացնի իրավիճակը և պատրաստի նոր ընտրություններ

Համահայկական նոր օրակարգի հիման վրա պետք է կազմավորվի նոր քաղաքական հոսանք, որտեղ ներառված կլինի պետական մտածողության և պրոֆեսիոնալիզմի սերուցքը։

Եթե հայ ժողովուրդը իր՝ շատ փոքրաթիվ պետական մտածողության շերտի օգնությամբ չարեց այս հետևությունը, ապա աղետն ավելի մեծ ծավալներով է գալու, և ոչ մի խաղաղապահ այլևս չի կարողանալու և չի ուզելու փրկել պետություն ունենալու անընդունակ զանգվածին։

Մեզ առջևում աննկարագրելի բարդության ու աննկարագրելի կարևորության աշխատանք է սպասում, որի բովանդակությունը շատ քչեր են պատկերացնում։ Այդ գիտակցությամբ կա´մ կհաջողվի ձևավորել հետպատերազմյան վերնախավ, կա´մ չի հաջողվի ընդհանրապես անել ոչինչ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ