News.am-ը գրում է․ «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը մամուլի հրապարակումներից է տեղեկացել, որ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն ու պատգամավոր Հայկ Սարգսյանը երեկ ուշ գիշերին գնացել են Վարդան Աթաբեկյանի տուն, ով ավելի վաղ հայտարարել էր, որ խմբակցությունից դուրս է գալիս, և իր գործունեությունը շարունակելու է որպես անկախ պատգամավոր։
«Չեմ խոսել նրանցից ոչ մեկի, որ հասկանամ՝ նպատակը ո՞րն էր գնալու, միգուցե որպես խմբակցության քարտուղար է գնացել, որպեսզի հասկանա՝ պատճառն ինչն է, կամ այլ պատճառ կա։ Եթե գնացել են հաշիվ պահանջելու՝ շատ տգեղ երևույթ է, եթե գնացել են խմբակցությունից դուրս գալու պատճառները հասկանալ, ապա սա նորմալ է, դրա համար էլ ես ենթադրություններով չեմ խոսելու, պիտի հասկանամ՝ պատճառը որն է, իսկ ես չեմ ուզում հիմա ժամանակ տրամադրել մի բանին, որովհետև երկրում կան լուրջ խնդիրներ, որոնցով ես զբաղվում եմ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սոֆյա Հովսեփյանը։
Մեր հարցին, թե ստեղծված իրավիճակում իր՝ խմբակցությունից դուրս գալու հիմքեր տեսնո՞ւմ է, իշխող ուժի պատգամավորն ասաց․
«Հիմք, իհարկե, կա։ Հիմքը հայտնի փաստաթուղթն ու երևույթն է, բայց ես ուզում եմ հասկանալ՝ շարունակելո՞ւ եմ ծառայել պետությանն ու պետության խնդիրներին, թե՞ ոչ։ Իհարկե, խմբակցությունից դուրս գալ կամ չգալը չի փոխի այդ երևույթը, բայց հիմա դա՞ է առաջնահերթ խնդիրը, թե՞ շարունակել ստեղծված իրավիճակում արցախցիների տեղափոխման, տեղավորման և մնացյալ հարցերի լուծումները գտնել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը