13 11 2020

Քո առաջ ավելի լավ փաստաթղթեր են դրված եղել, որոնք դու չես ստորագրել. Արփինե Հովհաննիսյանը՝ Փաշինյանին



Աժ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը հանրահավաքի ժամանակ դիմելով ժողովրդին, ասաց.

«Ես ուզում եմ ձեզ բացատրել, թե ինչու եմ այսօր եկել այստեղ, ուզում եմ, որ դա իմանա Նիկոլ Փաշինյանը, Էրատոյի հրամանատարը, ոստիկանները, բերման ենթարկող մնացած իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Տղե՛րք, առաջին երկուսը մերոնք չեն, իսկ դուք մերոնք եք: Ես այսօր եկել եմ այստեղ մի պարզ պատճառով՝ ես ուզում եմ վաստակել հայրենիք ունենալու իրավունքը, ուզում եմ, որպեսզի ՀՀ որևէ քաղաքացու թափված արյուն հանուն ոչնչի չլինի:

Ես այսօր խոսելու եմ ձեզ հետ այս փոքր պետության մեծ դժբախտության, այս փոքր պետության մեծ աղետի, հսկայական արհավիրքի մասին, որի անունն է Նիկոլ Վովայի Փաշինյան»:

Արփինե Հովհաննիսյանը նաև ընդգծեց. «Այստեղ հավաքվածներից որևէ մեկն իշխանություն չի ցանկանում, իշխանությունը պետք է բացառապես Փաշինյան Նիկոլին, նրա պատգամավորներին, որպեսզի մարսեն այս ամենը, իշխանությունից հեռացումը պետք է հայրենիքին, իշխանությունից հեռացումը պետք է Հայաստանին ու Արցախին: 

Երբ ասում ենք նոր բանակցող, դա չի նշանակում նոր պատերազմ: Դա նշանակում է նոր շանս, որ ամեն կետի տակ եղած վտանգավոր ականները չեզոքացվեն»:

Այս փաստաթղթով ամեն ինչ սկսվում է, բայց չի ավարտվում, նշեց Արփինե Հովհաննիսյանը. «Նիկոլ Փաշինյանը նախապատերազմական, պատերազմական և հետպատերազմական շրջանում ցույց է տվել որակներ, հատկանիշներ, որոնք բերեցին այս աղետին: Երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ, հարց ունեմ՝ պարոն Փաշինյան, դա ի՞նչ էր նշանակում, Շուշին Ադրբեջան է և վե՞րջ, դա էր նշանակո՞ւմ, իսկ գուցե փոխելու եք կարգախոսը և մի օր դարձնեք՝ Երևանը Հայաստան է և վերջ, որովհետև հանձնել եք Սյունիքը:

Այս փաստաթուղթը քաղաքական փաստաթուղթ է, սա միջազգայնորեն ստանձնված ՀՀ պարտավորություն է՝ պետությունների միջնորդությամբ: Այս թաստաթուղթը սկսել է կատարվել և մնացել են հաշված ժամեր, իրենց տները վառած, այրած քարվաճառցիների գաղթի ճանապարհը բռնելուն, եթե արդեն չեն արել դա: Այս փաստաթղթով ամեն ինչ սկսվում է, բայց չի ավարտվում: Այս փաստաթղթի ամեն կետի տակ կա լրացուցիչ ռումբ Հայաստանի պետականության համար»: 

Հետո էլ բանախոսը դիմելով Սփյուռքին, ասաց. «Պատերազմի ընթացքում 44 օր շարունակ խաբում էիր ազգին, Սփյուռքին, ուզում եմ դիմել ձեզ՝ հիշո՞ւմ եք, որ ամառները Հայաստան էիք գալիս, որ ժպիտ էիք տեսել մարդկանց դեմքերին, էլ չեք տեսնելու, իսկ մի քանի տարի հետո Հայաստանը չի լինելու, որովհետև այս փաստաթղթով Նիկոլ Վովայի Փաշինյանը Նախիջևանը ցամաքային կապով կապել է Մեղրիին:

Իր ամբողջ կյանքով մեկ ձախողակը հաջողացրեց բոլոր հնարավոր տարբերակներից կնքել է Հայաստանի համար վատագույնը: Երբ հոկտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանը լայվ էր մտել ու ասում էր՝ խայտառակ փաստաթուղթ են թողել, բայց մենք հերոսաբար պայքարում ենք, նա գիտեր, թե ինչ վիճակ է ռազմաճակատում: Ես խնդրում եմ քեզ Նիկոլ Փաշինյան, եթե կարող ես հետ բերել նախկինների խայտառակ փաստաթուղթը, հետ բեր, որովհետև այնտեղ կար Արցախի կարգավիճակ, այնտեղ չկար Շուշի, Հադրութ, Մարտունու մեծ մասը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ