ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Արցախի շուրջ և Հայաստանում ստեղծված իրավիճակում։ Գրառման մեջ ասվում է.
«Կայենը նորից սպանեց եղբորը...
Գոռում էինք, որ եղբայրասպանություն է պատրաստվում, որ երկիր ենք կորցնելու, մեր երեխաների ապագան ենք ծախելու։ Չլսեցիք, ծիծաղեցիք, ծաղրեցիք մեզ։ Կռապաշտի ծեսով, անաստված երգ ու պարով չարքը բերեցիք ու դրեցիք երկրի կենտրոնում։ Ու դրանից հետո հաջողությու՞ն էիք ուզում, հաղթանա՞կ էիք ուզում։
Եթե նույնիսկ ճակատագիրը ներեր ու երկիրս փրկելու փորձ աներ, չարքը մինչև վերջ էր գնալու։ Ու գնաց։ Հիմա ու՞մ են պետք ձեր կոկորդիլոսի արցունքները։ Դուք մեղքը կարգեցիք առաջնորդ ու մեղքի ծառաներ դարձաք։ Ու մինչև հիմա ծառայում ենք...
Իսկ Աստծուն ու երկրին ծառայող քչերը, որ իրենց ու ընկերների արյունով տարածքը Հայրենիք էին դարձրել, հիմա ամաչում են նայել այդ ոտնատակ ու բռնաբարված Հայրենիքին, լացից խեղդվող կանանց ու երեխաներին, իրենց տունն իրենց ձեռքով վառող եղբայրներին, Շուշիում գերի մնացած Վազգենին, որ ասում էր՝ այս պատերազմում ամեն ինչ կորցրի, բայց ձեռք բերեցի արժանապատվություն...
Հիմա մենք և ամեն ինչ կորցրինք, և արժանապատվությունը...
Ու սա դու’ք արեցիք, անաստված ու անհայրենիք մեղքի ծնունդներ։ Ու մենք էլ մեղավոր ենք, որ վճռական չեղանք, չհավատացինք արհավիրքի ողջ լրջությանը, չմտածեցինք, որ պղծությունը կարող է այս չափի լինել։
Մենք ուրացանք և մեզ, և մեր Աստծուն, բայց դեռ կա հույս. Աստված չի թողնի մեզ՝ իր հիվանդ երեխային։ Եվ ցույց կտա ուղին, որ վերադառնանք իրեն, դիվահալածի հավատով և ուժով քշենք մեր միջի ու մեր երկրի չարքը։ Եվ այդ ժամանակ կվերադառնան Հայրենիքն ու արժանապատվությունը։
Ես հավատում եմ փրկությանն ու վերադարձին։
Աստված մեզ պահապան»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը