Իմքայլական պատգամավոր, ծնունդով սյունեցի Արմեն Խաչատրյանն այսօր ԱԺ-ում Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ծանր է տանում, որ նման հրադադարի համաձայնագիր է ստորագրվել, որով նաև Սյունիքով միջանցք է բացվելու դեպի Նախիջևան, ավելին՝ շատ վշտացած է։
«Ես շատ վշտացած եմ, ինչպես և բոլորս, վշտացած և շատ ծանր է այս ամենի հետ հաշտվելը, սակայնպետք է նաև մտածել՝ ինչ անե ամեն պահի, պետք է նաև պատասխանատու լինել և ամեն մարդու կյանքը պետք է գնահատել, և չէր կարելի ամեն դեպքում վտանգի տակ դնել հազարավոր զինվորների և խաղաղ բնակչության կյանքը, այս նկատառումներից ելնելով՝ այս հրադադարի համաձայնագիրը կնքվել է, իհարկե, հասկանում եմ, բայց, այո, շատ ծանր եմ տանում, եթե, իհարկե, սա տանել կարելի է համարել, և հանկարծ մեկը թող չմտածի, որ մեզանից կամ ինձանից ավելի ծանր կարող է տանել այս ամենը և կարող է ավելի հայրենասեր լինել»,-ասաց «Իմ քայլի» պատգամավորը։
-Իմ մայրը երեք գիշեր է՝ չի քնում, պարոն Խաչատրյան, չգիտեմ՝ Ձեզանից ծանր է տանում, թե թեթև, բայց երեք գիշեր է՝ արցունքն աչքերին է, և ոչ միայն իմ մայրը։ Ինչպե՞ս եք պատասխան տալու իմ մոր արցունքների, նաև հազարավոր մայրերի արցունքների համար, հատկապես որդեկորույս մայրերի։
-Ի՞նչ ա նշանակում՝ ոնց ենք պատասխան տալու։ Էդ ո՞վ ա ինչ արել, որ մի հատ էլ պատասխան տանք, ամբողջ ազգովի պատասխան ենք տալու՝ բոլորս, սկսած՝ Ձեզանից, ինձանից, վերջացրած՝ սաղով։ Պատասխան ենք տալու, որ չենք կարացեր համալրենք, պատասխան եք տալու, որ ստեղ եք եղել, ռազմաճակատում չեք եղել, պատասխան եք տալու, որ ռազմաճակատում եք եղել ու կրակել չեք իմացել։
-Էդ ի՞նձ եք ասում։
-Ընդհանրական սաղին եմ ասում, սաղին։ Ես տեսել եմ, թե 5 հարյուր, 6 հարյուր հազարով ոնց են գնացել ու չեն կարողացել կռվել։ Ինչի՞ մասին ա խոսքը։
-Իսկ ո՞ւր էր բանակը, ո՞ւր էր հրամանատարությունը։
-Բանակն էլ կար, հրամանատարներն էլ կային, բանակը հերոսաբար կռվել ա։
Դուք տեսե՞լ եք՝ զինվորներն ինչ տեսանյութեր են տարածում առաջնագծից ու ինչեր են պատմում։ Տեսե՞լ եք, որ ասում են՝ ավտոմատով ուղարկում էին ԱԹՍ-ների ու ռազմական օդանավերի դեմ։
-Բա ինչո՞վ ուղարկեին։
-Ավտոմատո՞վ պիտի ուղարկեին օդանավ խփելու։
-Բա, երբ որ չունես էդ պահին զենք, զինվորը ձեռը ի՞նչ պիտի տային։
-Բա ասում էին՝ երկու տարի անընդմեջ աննախադեպ զինվել է մեր բանակը։
-Ճիշտ ա։
-Բա ո՞րն էր այդ զենքը, ինչո՞ւ չկրակեց։
-Բայց էսքան շատ «Բայրաքթար» աշխարհում որտե՞ղ են քցել, բա ինչով են խփել, ավտոմատո՞վ են խփել։
-Բա ասում էիք՝ չունեիք զենք։
-Ունեինք, բայց երբ որ 20-30 անգամ ավել ա կիրառվում, քան քո ռեսուրսներն ա, և ամեն զինվորի մոտ դու չես կարա մի հատ «Բայրաքթար» խփող սարք դնել, դա արդեն էդ ա նշանակում։ Ու խնդրում եմ՝ էլ չվերափոխեք, թե բա խի զինվորը սենց, խի նենց։ Շատ եք «խի» ից հարցնում, գնայիք ներկա գտնվեիք, տենայիք՝ ինչ ա կատարվում։
-Պարոն Խաչատրյան, Նիկոլ Փաշինյանը բարոյական իրավունք ունի՞ այսուհետ պաշտոնավարելու, և արդա՞ր է նրա հրաժարականի պահանջը, թե՞ ոչ։
-Նիկոլ Փաշինյանին ժողովուրդը վստահել է իշխանությունը, և ժողովուրդն էլ պետք է որոշի՝ Նիկոլ Փաշինյանն ա մնում իշխանության, ես, թե մյուսները։ Եվ դա ժողովրդի որոշելու հարցն ա, և որևէ մեկը չի կարա ժողովրդի տեղը որոշի։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը