11 11 2020

Դուք այլևս իշխանություն չունեք պարոնա´յք. Էդմոն Մարուքյանի գրառումը

Դուք այլևս իշխանություն չունեք պարոնա´յք. Էդմոն Մարուքյանի գրառումը

«Այս օրերին քաղաքացիները միմյանց և մեզ հանդիպելով մեկ հարց են տալիս՝ «էս ո՞նց սենց եղավ», «էս ո՞ւր հասանք»։ Շատերը դեռ փնտրում են իրենց զավակներին՝ հուսալով որ կգտնեն կենդանի կամ վիրավոր, կամ գոնե մահացած, բայց կգտնեն»,- այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Պատերազմի ավարտից հետո ամեն ժամ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում մենք տեսնում ենք անհեթեթ գրառումներ և ուղիղ եթերներ։ Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցներ ունեցան փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Յուրաքանչյուրն իր մենախոսությամբ փորձում է բացատրել իրադրությունը, թե ինչը ոնց ստացվեց և յուրաքանչյուրը փորձում է բացատրել, որ իր պաշտոնից բխող առավելագույնն է արել։ «Էս ո՞նց սենց եղավ» կամ «ո՞րն է իմ մեղքը» հարցի պատասխանը տալիս են այս պարոնայք, բայց յուրաքանչյուրի խոսքը կարծես ցուցմունք լինի մեկը մյուսի նկատմամբ՝ խիստ հակասական և ստով շաղախված։

Դուք այլևս իշխանություն չունեք պարոնա´յք և այդ հարցերին դուք պատասխանելու եք բոլորովին այլ ձևաչափում։ Ակնհայտ է, որ այս ամոթալի էջը քննարկվելու և քննվելու է տարիներ: Մենք թույլ չենք տա, որ ցուցմունքի փոխարեն ժողովուրդը ստանա միայն մենախոսություններ։ Հայաստանում պետք է ստեղծվի փաստահավաք խումբ, որը կքննի պատերազմի նախապատրաստման շրջանը, կքննի պատերազմի մեկնարկը, կքննի յուրաքանչյուր գնդի, ջոկատի և զինվորի կորստի հանգամանքները։

Փաստահավաք խումբը կքննի բանակցային գործընթացը՝ հայկական կողմին և կողմից արված առաջարկներն ու կայացված որոշումների հիմնավորվածությունը։ Պատմության այս ամոթալի էջը չի’ կարող փակվել մակերեսային գնահատականներով և դրանից բխող մակերեսային հետևանքներով։ Դրվագ առ դրվագ պետք է իմանանք, թե ինչպես տվեցինք այդքան զոհ, ինչու ունենք այդքան վիրավորներ և անհետ կորածներ և վերջապես՝ ինչպես կորսվեցին Արցախի հանրապետության, ԼՂԻՄ հազարավոր քառակուսի կիլոմետրեր և ինչպես պարտավորվեցինք Հայաստանի Հանրապետության տարածքով միջանցք հատկացնել Ադրբեջանին դեպի Նախիջևան։

Այս գործընթացը պետք է դառնա մեր պետության վերականգնման անկյունաքարը»«- գրել է Մարուքյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ