Ես հրաժարվում եմ զառանցանքները մեկնաբանել, Գագիկ Ծառուկյանի հավաքած ջոկատները որտեղ որ պետք է, եղել են: Yerevan. Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որտեղ մասնավորապես ասվում է.
«Եթե դավադրության մասին ենք խոսում, կամ պատճառների, եկեք նաև արձանագրենք փաստ, երբ Գագիկ Ծառուկյանը բանտից դուրս եկավ, հայտարարեց, որ կամավորական ջոկատ է կազմելու և անձամբ է գլխավորելու այդ ջոկատը, հետո մենք տեսանք ռեպորտաժ, նիվաներ, կամուֆլյաժ, բայց այդպես էլ կարծես թե չտեսանք կամավորական ջոկատ Ծառուկյանի գլխավորությամբ Շուշիում կռվելիս, գուցե հենց դրա համար էր, որ Շուշին ընկավ: Թերևս սխալված չեմ լինի ասել, որ Շուշիի անկման առանցքային պատճառներից մեկը Գագիկ Ծառուկյանի խոստացած կամավորական ջոկատի բացակայությունն էր Շուշիում»:
Նաիրա Զոհրաբյանը նշում է , որ ինքը չի հասկանում այն մարդկանց, ովքեր դեռ փորձում են նախօրեին ստորագրված փաստաթուղն արդարացնել.
«Իմ ուղեղը, իմ տրամաբանությունը, իմ միտքը հրաժարվում է հասկանալ նման կարգի զառանցանքները: Իմ ուղեղը, տրամաբանությունը, միտքը հրաժարվում է հասկանալ այն մարդկանց, ովքեր փորձում են արդարացնել տեղի ունեցածը: Ես իր մասին էլ չեմ խոսում, դա վերջացած պատմություն է, ես խոսում եմ այն մարդկանց մասին, որոնցից որոշները նաև իմ մերձավոր հարազատների մեջ կան, ովքեր փորձում են հայրենիքի հանձնումը արդարացնել, ովքեր փորձում են ամեն տեղ գտնել մեղավորներ, բացի մեկ հիմնական պատասխանատուից, ես ասելու բան այլևս չունեմ»:
ԲՀԿ-ական պատգամավորը նաև ընդգծում է.
«Նորից գործի են դրվել, առաջնագիծ են բերվել ֆեյքերը, իմ ամեն մի հրապարակային ելույթից հետո ֆեյքերի գվարդիան բաց են թողնում իմ ու ընտանիքիս վրա: Նույնիսկ ինձ թվում էր, որ հայրենիք հանձնելուց հետո պետք է պապանձվեն և պետք է լուռ հեռանան, բայց մարդիկ շարունակում են ճանկռտելով կառչած մնալ աթոռից և ասում է քաղաքացիական պատերազմ կհրահրեմ, չեմ գնա, հայի արյուն կթափեմ Հայաստանի ներսում: Այս կոչերը՝ վրեժ լուծելու, զոմբիլենդի համար նախատեսված մանիպուլյացիաները, ախրանիկներ, օլիգարխներ, անշարժ գույք, այս ամենը մեկ նպատակ են հետապնդում՝ Հայաստանի ներսում հային հանել հայի դեմ: Սիրելի հայրենակիցներ, չտրվե՛ք այդ շանտաժներին ու մանիպուլյացիաներին, ես կարծում եմ արդեն խնդիր է դրված, որ մենք կորցնենք մեր պետականությունը, ու սա հստակ ծրագիր է, որին որևէ մեկս չէինք ուզում հավատալ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը