Սահմանադրագետ Գոհար Մելոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վերջապես հրապարակվեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության հայերեն տարբերակը: Ակնհայտ է, որ մինչև սեպտեմբերի 27-ը սեղանի վրա դրված Լավրովյան պլանը շատ ավելի շահեկան պայմաններ էր նախատեսում Հայաստանի և Արցախի համար, քան պատերազմի արդյունքում ձեռք բերված հայտարարության պայմանները:
Ինչու՞
Լավրովյան պլանի դեպքում չէր նախատեսվում Ադրբեջանի իշխանություններին փոխանցել Շուշի և Հադրութ քաղաքները, ինչպես նաեւ Հադրութի և Ասկերանի շրջանների խիտ բնակեցված բազմաթիվ գյուղեր։
Լավրովյան պլանով նախատեսվում էր Ադրբեջանին փոխանցել Ֆիզուլին, Ջեբրայիլը, Աղդամը, Կուբաթլուն և Զանգելանը։ Իսկ այսօր նշված հինգ շրջանների, Լաչինի և Քելբաջարի հետ միասին Ադրբեջանին են անցել Շուշի և Հադրութ քաղաքները, Հադրութի և Ասկերանի շրջանների խիտ բնակեցված բազմաթիվ գյուղեր։
Այսինքն, եթե սեպտեմբերի 27-ին ճիշտ գնահատվեր իրավիճակը, մենք ոչ միայն չէինք ունենա հազարավոր զոհեր, վիրավորներ և հաշմանդամներ, այլեւ՝ կպահեինք Շուշի և Հադրութ քաղաքները և բազմաթիվ գյուղեր Հադրութի և Ասկերանի շրջաններում, քանի որ հայտարարության 1-ին կետում նշված է, որ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա, իսկ այս պահին՝ այդ քաղաքները և գյուղերը գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։
Բացի այդ, որևէ կարգավորում չկա, թե արդյո՞ք դրանք երբևէ կվերադարձվեն Արցախի իշխանություններին։
Ավելին՝ հայտարարության մեջ ոչինչ նշված Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ։
Այսինքն, արդյունքում ոչ միայն ունեցանք պատերազմ, հազարավոր Հերոս նահատակներ, ծանր վիրավորներ եւ տասնյակ հազարավոր փախստականներ, այլեւ՝ հայ ազգի համար առավել անբարենպաստ լուծումը։
Մենք էլ Լավրովյան պլանին էինք հակառակվում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը