10 11 2020

Ասում էին՝ ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք. ի՞նչ իմանանք՝ այլ ելք եղել է, թե՝ չի եղել. Զոհրաբյան

Ասում էին՝ ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք. ի՞նչ իմանանք՝ այլ ելք եղել է, թե՝ չի եղել. Զոհրաբյան

ԱԺ շենքում գտնվող մեր հայրենակիցներին, հարազատներին կոչ եմ անում հանդարտվել, ոչինչ չվնասել. չկա անլուծելի հարց, անգամ առաջին հայացքից անլուծելի թվացող հարցերը լուծելի են: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: 

«Եթե ուզում ենք հրավիրել արտահերթ նիստ` խնդրում ենք մեր հայրենակիցներին դահլիճից դուրս գալ: Ընդհանրապես շենքում լինելու անհրաժեշտությունը չկա: Բայց արտահերթ նիստի համար պետք է նաեւ քվորում ապահովվի եւ ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի պատգամավորները միասին չեն կարող ապահովել քվորումը: Անհրաժեշտ է նաեւ «Իմ քայլի» պատգամավորների առնվազն 25 հոգու ներկայությունը: Բայց «Իմ քայլի» մեր գործընկերները վստահ պետք է լինեն, որ այս դահլիճում իրենց անվտանգությունը միանշանակ ապահովված է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ այժմ փորձում են իրավաբանների հետ քննարկել՝ որքանո՞վ ԱԺ-ն իրավասու է չեղարկել ստորագրված հայտարարությունը: «Բայց անգամ չլինելով ոչ իրավաբան՝ ես կարծում եմ, որ մենք խորհրդարանական պետություն ենք եւ բոլոր որոշումները պետք է կայացվեն այս դահլիճում»,- ասաց նա:

«Հիմա հարց. ի՞նչ եղավ, որ ժողովրդի հետ, 3 միլիոն վարչապետների հետ հարցը չքննարկվեց, ի՞նչ եղավ, որ չեկաք հրապարակ եւ ժողովրդին չասացիք՝ լուծումը սա է, տարբերակը սա եւ չստացաք ժողովրդի քվեն՝ այս լուծմանը գնալու համար:

Ես չգիտեմ ինչ ելք է եղել կամ չի եղել: Երբ որ Գագիկ Ծառուկյանը ԱԺ ամբիոնից եւ հունիսի 5-ից ասում էր՝ ի՞նչ եք խոսում, Ի՞նչ եք բանակցում, մեզ ասում էին՝ «ինչ ուզում ենք, այդ էլ բանակցում ենք, դուք ո՞վ եք, որ իմանաք՝ ի՞նչ ենք բանակցում», «ես սկսում եմ զրոյական կետից»: Քանիցս  ասել ենք՝ այդ ի՞նչ եք բանակցում լիֆտերում ձեր կիրթ գործընկեր Ալիեւի հետ: Հիշո՞ւմ եք, չէ, Նիկոլ Փաշինյանն ասում էր կիրթ է Ալիեւը: Մեզ ասում էին՝ ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք: Հիմա մենք ի՞նչ իմանանք՝ այլ ելք եղել է, թե՝ չի եղել»:

Նաիրա Զոհրաբյանը նաեւ ասաց, որ 17 կուսակցությունների ղեկավարները գիտեին, որ հանգուցալուծումը գնում է սրան, այդ պատճառով էին իրենց հայտարարությամբ պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ ամբողջ ֆեյք-ինդուստրիան, պետական ռեսուրսները ուղղորդվել էր իրենց դեմ՝ արտաքին թշնամուն, թուրք-ադրբեջանական ու ահաբեկչական տանդեմը թողած: «Սա անառողջ մթնոլորտ էր, 2,5 տարի երկրում ստեղծված թշնամանքի մթնոլորտն էր»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ մեր երկրում այլեւս ճամբարների չպետք է բաժանվեն, սեւեր ու սպիտակներ չպետք է լինեն, բոլոր հարցերը պետք է լուծվեն իսկապես համերաշխության եւ համազգային համախոհության մթնոլորտում:

«Մենք հիմա պատրաստում ենք որոշման նախագիծ, որովհետեւ առանց դրա արտահերթ նիստ հրավիրել հնարավոր չէ: Մենք էստեղից չենք գնալու, սպասելու ենք, որ մեզ կմիանան «Իմ քայլի» մեր գործընկերները եւ հրավիրել արտահերթ նիստ»,-ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ