10 11 2020

Lիարժեք շարունակում եմ կատարել իմ աշխատանքը. վարչապետ

Lիարժեք շարունակում եմ կատարել իմ աշխատանքը. վարչապետ

Ես, իհարկե, Հայաստանում եմ և լիարժեք շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի իմ աշխատանքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը հայտնել է Արցախում պատերազմը դադարեցնելու եռակողմ հայտարարությունը ստորագրելու մասին։  

«Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար:

Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության եւ այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաեւ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով:

Սա հաղթանակ չէ, բայց չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել: Մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի եւ սա պետք է դառնա մեր ազգային համախմբման, վերածննդի դարաշրջանի մեկնարկ:

Մենք պետք է վերլուծենք մեր անկախության տարիները, մեր ապագան պլանավորելու եւ անցյալի սխալները չկրկնելու համար:

Ծնկի եմ իջնում մեր բոլոր նահատակների առաջ: Խոնարհվում եմ մեր բոլոր այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների առաջ, ովքեր իրենց կյանքով են պաշտպանել ու պաշտպանում հայրենիքը: Նրանք իրենց անձնուրացությամբ փրկել են արցախահայությանը:

Մենք պայքարեցինք մինչեւ վերջ: Եւ մենք հաղթելու ենք: Արցախը կանգուն է:

Կեցցե՛ Հայաստանը: Կեցցե՛ Արցախը»,- այս մասին հայտարարություն էր տարածել ՀՀ վարչապետը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ