09 11 2020

Պահանջում ենք վարչապետի անցնցում հեռացումը. 17 կուսակցությունների հայտարարությունը

Պահանջում ենք վարչապետի անցնցում հեռացումը. 17 կուսակցությունների հայտարարությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայ ժողովուրդը, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժեր, մեկտեղել են իրենց կարողականությունը՝ դիմագրավելու հայկական երկու պետություններին ուղղված թուրքադրբեջանական ագրեսիան:

Պատերազմական այս օրերին քաղաքական, դիվանագիտական և ռազմական ճակատներում բեկում մտցնելու հորդորով իշխանություններին ենք ներկայացրել բազմաթիվ առաջարկություններ, այդ թվում իրավիճակի շտկմանն ուղղված հանդիպումների առաջարկներ, որոնք մնացել են անպատասխան և չիրագործված:

 

Պատերազմը սաստիկ է, կորուստներն՝ անդառնալի և ծանր: Որպես պետություն և ժողովուրդ կանգնած ենք ճակատագրական հանգրվանի առջև, որը պահանջում է վճռական որոշումներ և գործողություններ: Մինչդեռ, քաղաքական իշխանությունների ձեռնարկած քայլերը համարժեք չեն մեր ժողովրդին ուղղված գոյապահպանական սպառնալիքին:

Այս ընթացքում իշխանությունն ի ցույց դրեց իր բացահայտ անկարողությունը, ներքին և արտաքին մարտահրավերները դիմակայելու անընդունակությունը: Մարդկային և տարածքային կորուստները, Հայաստանի դաշնակիցների և առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության հետ ոչ լիարժեք հարաբերություններն ակնհայտ են դարձնում գործող իշխանության սնանկությունը:

Այս իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում են քաղաքական իշխանությունները, որոնք չձերբազատվեցին անսխալականության իրենց բարդույթից՝ հայկական երկու պետությունները կանգնեցնելով ծանր իրողությունների, իսկ Արցախը՝ նաև տարածքային լրջագույն կորուստների առջև: Ուստի, իշխանությունները զրկվել են հայ ժողովրդին ներկայացնելու քաղաքական և բարոյական հիմքերից:

Անդառնալի կորուստները կանխելու համար, պահանջում ենք՝

1. ստեղծված աղետալի վիճակի համար պատասխանատու վարչապետ Փաշինյանի և նրա կառավարության ժամ առաջ, ինքնակամ և անցնցում հեռացումը,

2. իրավիճակում բեկում մտցնելու կարողություն ունեցող և ռազմաքաղաքական խնդիրներ լուծող գործադիր իշխանության նոր մարմնի հրատապ ստեղծումը:

Սիրելի հայրենակիցներ,

օրհասական այս պահին մեր պահանջը թելադրված է հայկական երկու պետությունների լինելիության հրամայականով և այն վստահությամբ, որ նոր իրավիճակում հայոց անկոտրում բանակն ու միասնական հայ ժողովուրդն ի զորու են հաղթական ճեղքում ապահովել ռազմաճակատում:

1. «Ազատություն» կուսակցություն
2. «Ազգային անվտանգություն» կուսակցություն
3. «Ազգային օրակարգ» կուսակցություն
4. «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն
5. «Ազգային համաձայնություն» կուսակցություն
6. «Ալյանս առաջադիմական ցենտրիստական» կուսակցություն
7. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
8. «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն
9. «Երկիր Ծիրանի» կուսակցություն
10. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն
11. «Համերաշխություն» կուսակցություն
12. «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցություն
13. «Հայաստանի Հանրապետական» կուսակցություն
14. «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցություն
15. «Հայրենիք» կուսակցություն
16. «Մեկ Հայաստան» կուսակցություն
17. «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցություն

09.10.2020 թ.
Հ.Գ. Հայտարարությունը բաց է միանալու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ