«Չոր մարքեթինգ» յութուբյան ալիքի՝ «Տնտեսությունը պատերազմի պայմաններում» վեբինարի եթերում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց․
«Դժվար չէ հասկանալ, որ թշնամին վստահաբար այսքան մեծ ներուժ՝ թուրքական, ահաբեկչական, վարձկաններ, ահռելի տեխնիկական առավելություն ունենալով, չէր պլանավորել 40 օր կռվել և ինչ-որ դաշտավայր, այն էլ ոչ ամբողջական՝ Արաքսի հովիտը, «ազատագրեն», և անտառային զանգվածներում օրական այս գյուղից այն գյուղը թռչեն և կորուստներ կրեն ու չկարողանան հաջողության հասնել, Շուշիի մասին երազանքներով մնան։ Այն արդյունքը, որն Ադրբեջանը արձանագրել է, և այո, մենք էլ որոշ տեղերում նահանջել ենք, վստահաբար Թուրքիայի գլխավոր շտաբի ծրագրում սա չկար, լիովին վստահ եմ և դրա համար կան հետախուզական հիմքեր և կա նաև ռազմական լոգիկա, որ պատերազմը պլանավորված էր 1-2 օպերացիայի շրջանակում, ինչը 15-20 օր է տևում, և վստահ եմ, որ եթե նույնիսկ ՀՀ հարավային հատվածներն իրենց պլաններում չունեին, ապա Արցախն ամբողջովին վերցնելու պլան ունեցել են»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ թշնամին որոշ գործոններ հաշվի առնելով՝ մտադիր էր արագ ավարտել ռազմական գործողությունները։
«Կարսի պայմանագրի օրը, եղանակային պայմանները, ԱՄՆ ընտրությունները, միլիոն գործոն էր հաշվարկված, բայց դա տեղի չունեցավ, ավելին՝ ինչպես ռուս փորձագետներից շատերն արդեն խոստովանում են, ընդ որում ՝շատերը նախկինում այլ տոնով էին խոսում, Ադրբեջանի հարձակողական պոտենցիալի ցամաքային բաղադրիչը շնչահեղձ է եղել, փորձում է փոքր խմբերով շարունակել առանձին խայթոցներով, ճանկռտող մարտավարություն օգտագործել և առաջ գալ, այստեղ էլ ինչպես տեսնում ենք արդեն մեկ շաբաթ իրենք որևէ հաջողություն չունեն։ Այսինքն՝ մեծ ձեռքբերում չկա և արդեն իրենց սոցտիրույթում Ալիևին ասում էին՝ հերիք է Ջաբրայիլի ու Զանգելանի «ազատագրված» գյուղերի ցուցակը 4-րդ անգամ կրկնես, հոգնել ենք։ Այս ամեն ինչը արդեն իսկ մեր հաղթանակն է»,- նշեց նա։
Անդրադառանալով վեբինարի գլխավոր թեմային, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ռազմական արդյունաբերության մեջ մասնավորի ներգրավվածությունը պիտի մեծացնենք։ Ըստ նրա՝ հաջողված են այն պետությունների ռազմական արդյունաբերությունները, որոնք մասնավոր են։
«Պետական դոտացիան, իհարկե շատ կարևոր է, որովհետև ռազմավարական ոլորտներում պետք է մի քանի տարի անհատույց փող տալ ու չսպասել, որ շատ արագ արդյունք կլինի, բայց միևնույն է, նույնիսկ փորձերի վրա պետք է ներգրավվել խոշոր բիզնեսմեններին, պետք է մարդկանց հիմնավորել՝ ինչպես են ստարտափների մեջ մեծահարուստները գումար դնում։ Եթե ստարտափը տեղեկատվական ոլորտից է, բոլորը վստահ են, որ տասը տարի հետո հասնելու են ինչ-որ գագաթի, բերում են միլիոններ դնում։ Պետք է ռազմական արդյունաբերության տարբեր ոլորտներ ևս վերածել ստարտափների, բիզնեսը գա, իմանա, որ հինգ տարի ևս գումար է դնելու, վերջում ունենալու է շատ լուրջ տեխնոլոգիաների ընկերություն, և դուրս է գալու մեծ շուկա»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ները ե՞ւս մասնավոր ընկերության արտադրանք է, Արծրուն Հովհանիսյանն արձագանքեց․
«Իհարկե, Էրդողանի փեսայի արտադրությունն է, պետական դոտացիայի ծավալները ահռելի են եղել սկզբից, բայց այսօր այն մասնավոր ընկերություն է»։
Արծրուն Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ պատերազմի ավարտից հետո բիզնես աջակցությունն առավել քան երբևէ պետք է ուղղվի բանակին, մինչև նրա «վերքերը բուժվեն»։
«Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ պատերազմից հետո շատ բան ենք վերանայելու, մեր սխալներն ուղղելու ենք։ Իրական, ազատ արժեհամակարգ ունեցող պետությունների, հասարակությունների հաջողությունը նրանում է, որ սխալները միասնական ընդունում են և թերությունների վերացման վրա աշխատում։ Այս պարագայում պետք է առանձին բիզնես միություններ, խոշոր արդյունաբերողներից ամեն մեկը մի ուղղություն վերցնի իր վրա և վերազինումը, վերասարքավորման էքսպերիմենտներ անի, որպեզի հեղափոխական քայլերով առաջ գնանք»,- նկատեց Արծրուն Հովհաննիսյանը։
Որպես բիզնես գաղափար ՊՆ ներկայացուցիչն առաջարկեց բոլոր տեսակի թռչող սարքերի արտադրությունը, ինչն ըստ նրա՝ հեռանկարային ոլորտ է։
«Քանի որ ես այդ ոլորտը շատ խորությամբ ուսումնասիրել եմ՝ կարող եմ ասել այն հարակից էֆեկտները, որոնցով բիզնեսը կարող է զբաղվել և դա շատ օգտակար կլինի։ Հայաստանում զրոյական վիճակում է գտնվում փոքր սպորտային ինքնաթիռների տուրիզմը, ժամանակին օդի հետ կապված խնդիրներ կային, բայց հիմա հաղթահարվել են։ Բարեբախտաբար, գործընկերներիցս մի քանիսը մի քանի ինքնաթիռ բերել էին մինչև պատերազմը։ Եթե մի ընկերություն զբաղվի տվյալ ոլորտով, սկզբից սկսի ԱԹՍ-ներից, հետո հասնի փոքր օդաչուավոր սարքերի, այսօր պատրաստվում են այսպես ասած փափուկ թևերով փոքր ինքնաթիռներ, իրենք շատ թեթև, էժան են, լեռնային գոտիներում թռչում են ամենափոքր հարթակներից։ Սա տուրիզմին, սպորտին, պետության անվտանգությանն առնչվում է, այդքան օդային հարթակներ, որ սարքվեցին, այդ ամենը ռազմավարական լոգիստիկ ցանց է դառնում»,- նշեց նա։
Արծրուն Հովհաննիսյանը կարևորեց նաև զրահամեքենաների արտադրությունը։
«Մենք լեռնային պետություն ենք։ Մեր տեղանքը լավ կիմանանք, տուրիզմին էլ կնպաստի, առողջ ապրելակերպին կնպաստի, և այսպես ռազմավարական ռեսուրս կձավորվի։ Հիմա որևէ ճանապարհ ռմբակոծվում է, մարդը փնտրում է այլընտրանքային ճանապարհ, ո՞վ լավ գիտի այլընտրանքային ճանապարհը, բնականաբար նա, ով ջիպինգ տուռեր է արել, աչքերը փակ գիշեր-ցերեկ էդ տեղանքում կքշի։ Օրեր առաջ Մեղրիի որսորդները 17 հոգի դիվերսանտ փռեցին Մեղրիի ձորերում, ինչի՞ շնորհիվ, որովհետև իրենց որսի տարածք էին մտել ու դարձել իրենց որսը։ Սա էլ, իմ կարծիքով, պետք է վերանայենք, ես իմ հնարավորություններն ապագայում օգտագործելու եմ և փորձելու եմ ռազմական ղեկավարությանը համոզել լուծել այդ հարցը՝ վճարովի հրաձգարանների ինստիտուտը, որը եւս բիզնես է»,- հավելեց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը