03 11 2020

ԲՀԿ-ն թիմ չունի, որ այս պահին օգնի լրատվամիջոցներին

ԲՀԿ-ն թիմ չունի, որ այս պահին օգնի լրատվամիջոցներին

Այս օրերին, երբ հասարակության ուշադրությունը սևեռված է պատերազմական գործողություններին, լրատվական խմբագրություններ են բերվում 700 հազար դրամանոց տուգանքի ակտեր, որոնք սպառնում են մամուլի գործունեությանը և հայեցողաբար «սեղմում» լրագրողներին:

Պատերազմական դրության պայմաններում օրական տրցակներով ստացվող տուգանքների միջոցով խիստ անբարենպաստ պայմաններ են ստեղծվում հանրային տեղեկացվածության՝ մամուլի դերի ու պարտավորությունների իրացման համար: Այս մասին ահազանգում է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ դիմելով խորհրդարանական երկու ընդիմադիր ուժերին ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնությանը: Նամակով չորրորդ իշխանությունն ակնկալում է, որ վերջիններս ՍԴ դիմելու միջոցով կկասեցնեն մամուլի հանդեպ այսօրինակ ճնշումները։

Ի դեպ, ժուռնալիստների միության նախագահի նամակում ընդգծվում է ոստիկանության հայեցողական մոտեցումների հանգամանքը:

Կդիմի՞ ՍԴ խորհրդարանական երկրորդ մեծ ուժը համարվող ԲՀԿ-ն․ այս հարցին Գագիկ Ծառուկյանի խոսնակ, լրագրողրողական գործունեությամբ դեպի ԱԺ մանդատ ճանապարհ հարթած Իվետա Տոնոյանը միանշանակ չի ասում՝ «այո»․ փոխարենը լրագրողներին սատարող ԲՀԿ հայտարարության տեքստի և քայլերի ուշացումը Տոնոյանը Yerevan.Today–ի հետ զրույցում պատճառաբանում է այսպես. «Քանի որ ԲՀԿ ական գործիչները ցրված են տարբեր ուղղություններով, ոմանք Հայաստանում չեն, իսկ մի մասը գտնվում է սահմանին, մենք խմբակցության նիստ հրավիրելու հնարավորություն չունենք, ԲՀԿ խմբակցության ներսում պիտի մենք քննարկումն ունենանք, հետո նոր պաշտոնապես հայտարարվի մեր մոտեցումը այդ հարցին: Նկատել եք, այս օրերին ԲՀԿ-ն  ընդամենը երկու պատգամավորի ներկայություն է կարողանում ապահովել նիստերին, սպասենք գործընկերներիս վերադարձին»։

Ինչ վերաբերում է խտրական մոտեցմանը, Տոնոյանն ասաց․ «Որպես լրագրող եմ ասում, ինձ համար բացարձակ անընդունելի է լրագրողական գործունեության նկատմամբ կիրառվող ցանկացած սահմանափակում, առավել ևս, երբ այդ վարչական տուգանքներով մոտեցումը դրսևորվում է հայեցողաբար:

Ես առավել քան վստահ եմ, որ նույն ռազմական դրության պայմաններում գործող լրատվամիջոցներն ունեն քաղաքացիական բարձր գիտակցություն ու մասնագիտական բավարար հմտություն և կամք, որպեսզի իրենց գործունեությունը կազմակերպեն այնպես, որ հրապարակումներով հանդես չգան օրենքին հակասող դիրքերից:

Ուստի այս դեպքում լրիվ կասկածի տակ է դրվում օբյեկտիվ լրատվության դերի խնդիրը, որին փորձում են հետևել լրատվամիջոցները: Կարծում եմ՝ բոլոր տիպի սահմանափակումները պիտի լինեն իրավաչափ ու չխոչընդոտեն քաղաքացիների ազատ տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքը»։ Իվետա Տոնոյանն այդպես էլ չորոշակիացրեց ժամկետները, երբ ի վերջո հնարավոր կդառնա ԲՀԿ սպառիչ դիրքորոշումը հասկանալ՝ Չորորդ իշխանության նկատմամբ կիրառվող ոստիկանական գործողությունների մասով:

Նշենք, որ ԱԺ մյուս՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոնը Մարուքյանը ևս հրաժարվել է ՍԴ դիմել։

Նշենք, որ ոստիկանությունը լրատվականներին տուգանելու ռեկորդ է սահմանել արդեն․ միայն «168 ժամ»-ն ունի 12 տուգանք, Yerevan.Today-ը 11։ Մի շարք այլ թերթեր ու կայքեր էլ ունեն մի շարք տուգանքներ։

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ