20 10 2020

Պետք է ինքնորոշման հարցը բանակցությունների սեղանից հանենք՝ ճանաչելով Արցախի անկախությունը.Արցախի նախկին վարչապետ․ «Իրավունք»

Պետք է ինքնորոշման հարցը բանակցությունների սեղանից հանենք՝ ճանաչելով Արցախի անկախությունը.Արցախի նախկին վարչապետ․ «Իրավունք»

«Իրավունք»-ը գրում է․ «Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական հրադադարը: Թշնամին բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ, ինչի հետեւանքով երկուստեք կան զոհեր եւ վիրավորներ: Արդեն 20 եւ ավելի օր շարունակվող արցախյան մերօրյա պատերազմի մասին «Իրավունքը» զրուցեց Արցախի հանրապետության նախկին վարչապետ ԱՆՈՒՇԱՎԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ:

- Պարոն Դանիելյան, ըստ էության, Ադրբեջանն արդեն երկրորդ անգամ է խախտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարի անձնական միջամտությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Ի վերջո, ո՞վ է Թուրքիային տվել այդ քարտբլանշը, որ Ադրբեջանի միջոցով  նման վարքագիծ է դրսեւորում:

- Չէի ասի, որ ինչ-որ մի պետություն քարտբլանշ է տվել Թուրքիային: Քարտբլանշը Թուրքիան ինքն է իրեն տվել: Եթե հաշվի առնենք ընդհանրապես աշխարհում տիրող այս վերջին 10-15 տարիների ընթացքում աշխարհաքաղաքական իրադրությունը, կտեսնենք, որ միջազգային իրավունքը շատ տեղերում չի գործում: Եվ այն կենտրոններում, որտեղ չի գործել միջազգային իրավունքը, բոլորից շատ հայտնվել են Թուրքիան: Օրինակ, Սիրիայում, որտեղ Թուրքիան մտցրել է իր զորքերը՝ առանց ՄԱԿ-ի որոշման եւ Սիրիայի կառավաության հրավերի: Այսինքն՝ խախտելով միջազգային իրավունքը: Դրանից առաջ Թուրքիան մտել էր Իրաք եւ հիմա էլ մտնում է, երբ իրեն պետք է լինում: Հետո սկսեց ուղարկել իր զորքերը Լիբիա՝ այնտեղ տեղի ունեցող քաղաքացիական պատերազմում մի կողմին պաշտպանելու համար, նաեւ նկրտումներ ունենալով Լիբիայի նավթային պաշարներից օգտվելու առումով: Բացի այդ, Թուրքիան Միջերկրական ծովում սկսեց Հունաստանի հետ տարաձայնություններ, էլ չասեմ, որ 1974 թվականից Թուրքիան իր զորքերը մտցրել է Կիպրոս, որը Եվրամիության անդամ է եւ ԵՄ-ն մեկ անգամ չէ, որ որոշում է ընդունել Թուրքիայի զորքերն այնտեղից հանելու մասին, բայց Թուրքիան չի լսել: Փաստացի այսօր տեսնում ենք, որ ՆԱՏՕ անդամ Թուրքիան դարձել է տարածաշրջանում ապակայունացող գործոն: Ըստ էության, Թուրքիան շարունակում է իր նեո-օսմանյան քաղաքականությունը, որի մասին էրդողանը հայտարարեց ինագուրացիայի ելույթի ժամանակ: Խոսքը գնում է նրա մասին, որ Թուրքիան փորձում է իր ազդեցությունը տարածել Ադբեջանի եւ Միջին Ասիայի թուրքալեզու պետությունների, ինչպես նաեւ ՌԴ-ի եւ Չինաստանի թուրքալեզու շրջանների հետ: Իսկ այդ ծրագրերն իրականություն դարձնելու համար Հայաստանի տարածքը բաժանում է Թուրքիան Ադրբեջանից եւ մնացած թուրքալեզու պետություններից: Դրա մասին բազմիցս արտահայտվել են ինչպես Ալիեւը, այնպես էլ՝ Էրդողանը: Մասնավորապես, Նախիջեւանում, ապա նաեւ Բաքվում տեղի ունեցած թուրքալեզու պետությունների համաժողովում:

Այսքանից հետո՝ չե՞ք կարծումոր ժամանակն էորպեսզի ՀԱՊԿ-ը խառնվի այս գործինհատկապես երբ  տեսանքթե ինչպես են Կապանի վրա հարվածներ հասցվելդրանից առաջ էլ Վարդենիսի ուղղությամբորի հետեւանքով անչափահաս վիրավորվեց:

- ՀԱՊԿ-ի չինովնիկներն ասում են, որպեսզի իրենք խառնվեն այս պատերազմին, իրենք օգնությունը ցուցաբերեն, մեր իշխանությունը պետք է դիմի իրենց, որը չի արել: Իհարկե, իմ կարծիքով՝ մենք ՀԱՊԿ մտել ենք ոչ թե հույսներս դնելով ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների վրա, այլ հենց Ռուսաստանի: Մենք այդ կառույցում ենք ավելի շատ Ռուսաստանի խնդրանքը չմերժելու համար, որովհետեւ յուրաքանչյուրս հասկանում է, որ Ադրբեջանի հետ կռվի ընթացքում, դժվար թե, Ղրղզստանը կամ Ղազախստանը Ադրբեջանի դեմ զորքեր ուղարկեն կամ նույն Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, որն ասում է, թե Ալիեւը իմ մոտ ընկերն է: Այնպես որ, ես միշտ կարեւորել եմ ոչ թե ՀԱՊԿ-ի, այլ Ռուսաստանի դերը: Ըստ իս, նախորդ պատերազմների ընթացքում Ռուսաստանի դերն ավելի ցայտուն է եղել, քան հիմա: Այսօր Ռուսաստանի դերը գրեթե հավասարվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագող մյուս երկրներին, որոնք մեզնից հազավարավոր կիլոմետրերով հեռու են: Նկատի ունեմ՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ն:

Ըստ Ձեզինչո՞վ է սա պայմանավորված:

- Ես խոստացել եմ, որ երբ պատերազմը կավարտվի, կխոսեմ այդ մասին: Բայց այստեղ կարեւոր է նաեւ մեդալի մյուս կողմը, որտեղ հենց Ռուսաստանի շահերն էլ կան: ՌԴ-ն ուզի, թե չուզի իր շահերը պետք է պաշտպանի: Պարզապես, վատն այն է, որ մեդալի մի կողմն է գործում, երբ երկու կողմը գործի, մեր շահերն էլ հնարավոր կլինի պաշտպանել: Այսինքն՝ պատերազմն այսքան երկար չէր տեւի: Հիշո՞ւմ եք 2016 թվականին, երեք օր հետո կանչեցին իրենց մոտ եւ չորորդ օրն արդեն հարցերը լուծեցին: Իսկ հիմա տեսեք, թե ինչ է կատարվում. մեր ռազմական ներկայացուցիչները գնացել են Մոսկվա, Ալիեւը հրաժարվել է ուղարկել իր ռազմական ներկայացուցիչներին: Մի շատ կարեւոր հարցի եմ ուզում անդրադառնալ. գրեթե բոլոր իշխանությունները, երբ խոսում էին ԼՂ հարցի շուրջ բանակցությունների մասին, ասում էին, որ Ղարաբաղի համար անվտանգության հարցը շատ կարեւոր է: Եվ այդ բանակցությունների տողատակերում զգացվում էր, թե ինչ նկատի ունեն՝ այն, որ մեզ պետք է երաշխիք տան, որ Ադրբեջանը չի հարձակվելու մեզ վրա, իսկ դրանից հետո կարող ենք քննարկել փոխզիջումների, այսինքն՝ տարածքների հարցը: Ես միշտ այդ մոտեցմանը դեմ եմ եղել եւ բազմիցս ասել եմ այդ մասին: Հիմա կյանքը ցույց տվեց, որ դրանք դատարկ խոսակցություններ են, ոչ մեկ չի կարող երաշխավորել, որ Ադրբեջանը չի հարձակվի մեզ վրա: Այսօր ամբողջ աշխարհն ասում է, որ պետք է դադարեցնել պատերազմը, բայց  Ադրբեջանը չի դադարեցնում: Սա խոսում է այն մասին, որ Արցախի եւ Հայաստանի անվտանգություն ասելով՝ պետք է նկատի ունենանք ոչ թե այն, որ ինչ-որ մեկը մեզ պետք է երաշխիք տա, այլ պետք է ինքներս այդ անվտանգության երաշխավորը լինենք՝ մեր ռազմական դիրքով, հզորությամբ, տնտեսությամբ եւ այնպիսի դաշնակից ունենալով, որի երաշխիքն ավելի հաստատուն կլինի: Իսկ մեր ռազմավարական գործընկերոջ երաշխիքը կլինի հաստատուն, երբ մեր վերաբերմունքն այդ գործընկերոջ նկատմամբ եւս կլինի ադեկվատ:

Այսօր ունենք այնինչ ունենքհետեւաբար ի՞նչ պետք է ակնկալել հիմա մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանից կամ ի՞նչ զենքեր ունենք դեռ դիվանագիտական զինանոցում:

- Իմ կարծիքով՝ անվերջ այս պատերազմը չի կարող տեւել: Իհարկե, լավ հարաբերություններր դեպքում՝ Ռուսաստանը ավելի գործուն միջամտություն կցուցաբերեր եւ այդ ժամանակ ավելի քիչ կորուստներ կտայինք: Ինձ համար ամենացավալին մեր երիտասարդների կորուստներն են եւ դրա համար համար առաջին հարցը պատերազմը կանգնեցնելն է: Բոլոր կոչերը եւ այլն, ոչ մի արդյունք չունեն, մենք մեր ձեռքի տակ եղածը պետք է օգտագործենք: Ես լինեի՝ վերջնագիր կներկայացնեի եւ կհայտարարեի, որ եթե այսօր ժամը՝ 00:00-ից հետո ռմբակոծվի Արցախի խաղաղ բնակչությունը, քաղաքները, գյուղերը եւ այլն, ժամը՝ 00:01 րոպեին մենք հայտարարում ենք Արցախի անկախության ճանաչման մասին: Սա զենք է, որ կարող ենք օգտագործել: Հիմա փորձագետներ են դուրս եկել, որ թութակի նման նույն բանն են կրկնում, թե սա պետք է պահենք չգիտեմ ինչի համար:

- Փորձագիտական շրջանակները պնդում են, որ եթե ճանաչենք Արցախի անկախությունը, ապա պատերազմ կսկսվի Հայաստանի դեմ…

- Երբեք կողմնակից չեմ եղել, որ երբ Արցախի ճանաչման հարցը բարձրացնում ենք, նշանակում է պատերազմ: Չգիտեմ՝ ո՞վ հնարեց սա: Մի ամբողջ 15-20 տարի դրա մասին են խոսում եւ իշխանությունները, եւ փորձագետները, որ եթե ասում ենք՝ Արցախի անկախությունը ճանաչում ենք, ուրեմն՝ պատերազմ է: Եվ դա բերում է նրան, որ ինքներս մեզ հակասում ենք: Մենք ասում ենք, որ Արցախի ինքնորոշման հարցը քննարկման խնդիր չէ, այսինքն՝ արդեն այն որոշել ենք: Եվ փոխանակ այդ մասին ասենք, ընկել ենք ամբողջ աշխարհով մեկ ասում ենք՝ ճանաչեք Արցախը: Նրանք էլ մեզ ասում են՝ դուք չեք ճանաչել, մենք ինչպե՞ս ճանաչենք Արցախի անկախությունը: Բանակցությունները 30 տարի առաջ չի գնում միայն նրա համար, որովհետեւ բանակցությունների սեղանին կա Արցախի ինքնորոշման հարցն այն ձեւով, որ Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ինքնորոշումը: Ես տասնյակ անգամ դրա մասին ասել եմ եւ հիմա էլ ասում եմ՝ ինչ էլ լինի, եթե մենք հասնենք մինեւ Քուռ, չի կարող Ադրբեջանում լինել մի իշխանություն, որը կճանաչի Արցախի անկախությունը: Արցախի անկախությունը բանակցությունների սեղանին տանում է փակուղի: Սա նշանակում է, որ Ալիեւը եւ Ադրբեջանի որեւէ իշխանություն չեն համաձայնվելու երբեք այդ թեզին, մենք էլ  միշտ ասում ենք, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա փակուղային վիճակ է ստեղծում բանակցություններում: Որպես, օրինակ, տեսեք Աբխազիան եւ Հարավային Օսեթիան ճանաչվել են ՌԴ-ի կողմից, բայց Վրաստանը չի ճանաչել այդ պետությունները եւ երբեք չի ճանաչի: Չնայած, դրան, այդ պետությունների անվտանգային հարցերը կարելի է համարել լուծված: 

Բերենք նաեւ Կոսովոյի օրինակը, որը ճանաչվել է բազմաթիվ պետությունների կողմից, բայց չի ճանաչվել Սերբիայի կողմից եւ չի էլ ճանաչվելու: Դա չի խանգարում, սակայն, Կոսովոյին՝ ինտեգրվելու եվրոպական կառույցներին: Եվ, որ ամենագլխավորն է՝ լուծվել է Կոսովոյի անվտանգության հարցը:

Մենք պետք է Արցախի ինքնորոշման հարցը բանակցությունների սեղանից հանենք՝ ճանաչելով Արցախի անկախությունը:

- Ի՞նչ կունենանք այդ դեպքում:

- Երբ ճանաչում ենք Արցախի անկախությունը, իրավիճակը փոխվում է: Եթե նույնիսկ համաձայնենք այն պնդումների հետ, որ եթե ճանաչենք, պատերազմ կսկվի, հիմա արդեն պատերազմը գնում է, այսինքն՝ այդ հարցը արդեն դուրս է մղվել: Եթե ճանաչում ենք Արցախի անկախությունը, բանակցությունների սեղանին տասնյակ հարցեր են մնում՝ տարածքներ, սահմաններ, փախստականներ եւ այլն: Դրանք շատ լրջագույն եւ տարողունակ հարցեր են, որոնց շուրջ պետք է նստենք եւ բանակցենք: Երբ դուրս գա Արցախի ճանաչման հարցը բանակցային սեղանից, շատ հեշտ կլինի նաեւ միջնորդներին ասել, որ առաջինը դուք պետք է ճանաչեք, որպեսզի կարողանանք բանակցել մյուս հարցերով: Նրանք հիմա չեն կարող այդպիսի քայլ անել, որովհետեւ միջնորդ են, բայց նրանք աշխարհի հզոր պետություններ են, երբ իրավիճակը փոխվի, նրանք դրան կգնան, որովհետեւ մինչեւ այսօր ընդունում են, որ Արցախի հարցի լուծման հիմնական երեք սկզբունք կա՝ ինքնորոշման հարց, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման: Այսինքն՝ իրենք էլ են ընդունում: Եթե իրենք ընդունում են, մեր ճանաչելուց հետո՝ ասում ենք դուք ընդունել եք այդ սկզբունքները, դե հիմա դուք էլ ճանաչեք եւ գնանք մնացած հարցերի լուծմանը:

Իսկ ո՞րը պետք է լինի Արցախի անկախության ճանաչման հաջորդ քայլը:

- Եթե չեն դադարեցնում պատերազմը եւ ժամը՝ 00:01-ին մենք հայտարարում ենք Արցախի անկախության ճանաչման մասին, պետք է անմիջապես դրանից հետո Արցախը որոշում ընդունի՝ Հայաստանին միանալու մասին: Սա հարցի լուծման ձեւ է, որից հետո ավելի առաջ պետք է գնալ: Մենք պետք է մեր ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ եւս մեկ-երկու աստիճան բարձրացնենք: Չեմ ուզում փակագծերը բացել, բայց դրա տեղը կա, որը կբերի նրան, որ տարածաշրջանում Ռուսաստանը կլինի ոչ թե միջնորդ, այլ մեզ հետ միասին կլինի գործոն: Մինչեւ հիմա 20 օր է պատերազմ է ընթանում, բայց Ռուսաստանը միջնորդի դեր է կատարում: Սա, իհարկե, երկար չի շարունակվելու, հիմա անպայման իր շահերից բխող քայլեր կանի Ռուսաստանը, բայց, ցավոք, մենք այս 21 օրերի ընթացքում ահավոր կորուստներ ունեցանք:  Տարաբնույթ շահարկումներից խուսափելու համար ասեմ, որ խոսքը չի գնում Հայաստանի՝ ՌԴ-ի կազմի մեջ մտնելու մասին:

-Ի՞նչ կցանկանաք այս պահին ասել մեր զինվորներին ու սպաներին, որոնք հենց հիմա էլ իրենց կյանքն են զոհում՝ հանուն կյանքի:

- Ես սովոր չեմ ամպագորգոռ խոսքեր ասել, բայց հայրենիքի պաշտպանությունը  ամենասուրբ զգացմունքներից մեկն է: Այն վերաբերում է մեզ բոլորիս: Մենք քիչ ենք խոսում պատերազմի, առաջնագծի մասին, բայց պետք է ասել, որ այսօր պետությունում պետք է լինի մի իրավիճակ, երբ ամեն մեկս մեզ պետք է զգանք առաջնագծում: Սա նշանակում է, որ ամեն մեկս եղածին չափով պետք է աշխատենք առաջնագծին օգնելու համար, ովքեր կարողանում են թիկունքը պահել, նրանք պետք է թիկունքը պահեն: Մեծ ոգեւորություն կա ազգի մեջ եւ ՀՀ-ի ներսում եւ Սփյուռքում եւ Արցախում: Այդ ոգեւորությունը պետք է ամրապնդել իշխանությունների, բանակի, եւ ամբողջ ժողովրդի ճշգրիտ եւ ժամանակին որոշումներով եւ գործողություններով: Ազգի ներուժը պետք է դրված լինի պատերազմի ռելսերի վրա, եւ այստեղ մենք անելիք ունենք:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի օրը նախատեսում է գումարել արտակարգ նիստ՝ Լեռնային Ղարաբաղում մարտերի հետ կապված իրավիճակը քննարկելու համարԻ՞նչ կարելի է ակնկալել դրանից:

- Հույս ունեմ, որ Ռուսաստանն իր շահերից ելնելով քայլեր կանի, նաեւ որոշ հույսեր կապում եմ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հետ: Իմ կարծիքով՝ Ռուսաստանը, երեւի, այնտեղ էլ պետք է առաջին ջութակի դեր կատարի: Գտնում եմ, որ որոշ գործողություններ պետք է տեղի ունենան երկու-երեք օրվա ընթացքում՝ կապված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հետ, որտեղ էլի հույսը Ռուսաստանն է: Կարծում եմ՝ այդ հարցում Ֆրանսիան էլ մեզ պետք է աջակցի եւ նաեւ ԱՄՆ-ն: Եթե անվտանգության խորհրդում ինչ-որ բան մեր ուզածով չգնա, կասկածում եմ, որ կարող է խառնվել Մեծ Բրիտանիան, մնացածի մասով վստահ եմ, որովետեւ մյուս երկրները՝ ՌԴ-ն, Ֆրանսիան, Չինաստան, ԱՄՆ-ն նույն դիրքերից հանդես կգան եւ գուցեեւ որոշումներ ընդունվեն պատերազմը կանգնեցնելու առումով:  

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ