Պատերազմական գործողությունների առաջին իսկ օրվանից թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական գործողություններ ևս զուգահեռ իրականացվել են: Yerevan.Today-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը: «Քաղաքական գործընթացը ցանկացած պետարզմի պարագայում հենց ամենասկբից էլ գնում է, պարզապես նաև նախկինում՝ 90-ականներին ունեցած մեր փորձն ապացուցում է, որ Ադրբեջանն ամեն դեպքում ցանկացած պայմանավորվածություն դժվար է կյանքի կոչում: Իրենք միշտ էլ փորձում են սադրանքների գնալ, բայց փաստն այն է, որ քաղաքական գործընթացը կյանքի է կոչվում և երեկ էլ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի զրույցն էրդողանի հետ, դրա հերթական ապացույցներից մեկն էր»:
Ինչ վերաբերում է Միջազգային կառույցների հայաստանյան ներկայացուցչությունների պասիվությանն ու լռությանն այն պարագայում, երբ նույն կառույցներն Ադրբեջանում բավականին ակտիվ հայտարարություններով են հանդես գալիս, Բենիամին Մաթևոսյանն ասաց. «Ոչ միայն ՄԱԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և այլ միջազգային կառույցների մասով, այլ առհասարակ, մեր արտաքին կապերի, հարաբերությունների հետ կապված այս պատերազմից հետո շատ հարցեր կան, որոնք մենք պետք է վերանայենք: Ի վերջո, ակնհայտ դարձավ, թե Հայաստանն ինչ բարեկամներ ու դաշնակիցներ ունի թե՛ տարածաշրջանում, թե՛ առհասարակ աշխարհում, և մենք պետք է հստակ որոշակի գնահատականներով հանդես գանք:
Ոչ միայն վերոնշյալ կազմակերպությունների մասով, այլև բազում այլ կառույցներ կան, որոնք բացարձակապես ոչ մի հայտարարություն չարեցին, իսկ օրինակ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը պատերազմից մեկ-երկու օր առաջ կոչ արեց իր քաղաքացիներին զգոն լինել, այսինքն՝ մենք տեսնում ենք, որ այստեղ իրենք հիմնական շեշտն այնուամենայնիվ դրեցին իրենց քաղաքացիների անվտանգության վրա։ Պարզ է չէ՞, որ նման հայտարարությունը չէր կարող օդից ծնվել, բայց փաստը մնում է փաստ, որ իրենք իրենց շահերն են պաշտպանում: Միգուցե պատերազմից հետո մենք նույն տրամաբանությամբ փորձենք այդ միջազգային կառույցների հետ մեր աշխատաքնները կարգավորել»:
Եվ այստեղ, ինչպես նշում է քաղաքագետը, հարցեր կան կապված ոչ միայն միջազգային կազմակերպությունների վերաբերյալ, այլ նաև որոշ միջազգային լրատվամիջոցների մասին, որոնք գրասենյակներ ունեն թե՛ Հայաստանում, թե Ադրբեջանում. «Երբ նայում ես այդ լրատվամիջոցների լրահոսը, այդ թվում՝ նաև ռուսական լրատվամիջոցների, Հայաստանում աշխատող գրասենյակները բավականին պահպանում են բոլոր՝ թե՛ քաղաքական, թե՛ բարոյական նորմերը, իսկ նույն ԶԼՄ-ի ադրբեջանական գրասենյակն ընդհուպ ինչ-որ կասկածելի բնույթի տեսանյութեր են իրենց մոտ հրապարակում: Այսինքն, մենք տենսում ենք, որ Ադրբեջանը նաև այս ռեսուրսն է սկսում մաքսիմալ կերպով օգտագործել, ինչը մենք, ցավոք, չենք կարողանում մեզ մոտ իրականացնել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը