14 10 2020

Քաղաքակիրթ Արևմուտքի երկու երեսը

Քաղաքակիրթ Արևմուտքի երկու երեսը

Արդեն 17 օր է, ինչ Ադրբեջանը Թուրքիայի անմիջական աջակցությամբ պատերազմ է սանձազերծել Արցախում: Այս օրերին թշնամին թիրախավորել է նաև Արցախի քաղաքները՝ Ստեփանակերտը, Շուշին, Մարտակերտը, հրթիռակոծվել են քաղաքացիական օբյեկտները, զոհվել ու վիրավորվել խաղաղ բնակիչներ:

Իրավիճակը գրեթե նույնն է անգամ հումանիտար հրադադարից հետո: Չնայած ՌԴ անմիջական ջանքերով քայլեր են արվում, որ ձեռք բերված հրադադարը կյանքի կոչվի և պահպանվի, Ադրբեջանը չի դադարում սադրիչ գործողությունները, ավելին՝ խախտում է հումանիտար բոլոր նորմերը: Մինչ Արցախում մարդիկ կյանքի ու մահվան կռիվ են տալիս, պատկան մարմիններն ու լրագրողները տարբեր ծայրերից ահազանգում են, փաստեր ներկայացնում ագրեսորի հակամարդկային գործողություններից, անգամ խոշտանգման փաստեր ներկայացնում, աշխարհը և հատկապես եվրոպական և առհասարակ արևմտյան իրավապաշտպան հատվածը շարունակում է լուռ հետևել և կոչերով հանդես գալ:

Գուցե կասեք՝ միամտություն է հասցեական կոչեր ակնկալելը, դիվանագիտություն է, ամեն ինչ հասկանալի է: Գուցե դա ոչ ընդունելի, բայց ընակալելի լիներ, եթե նույն Եվրոպան, օրինակ մյուս բոլոր հարցերում էլ նույն ձևով՝ անհասցե դիավանագիտությամբ մոտենար:

Նախ վերհիշենք մի քանի հայտարարություններ, որոնք արել են եվրոպական և ամերիկյան կառույցները ՀՀ-ում, անգամ Ադրբեջանում իրավունքների խախտման հետ կապված, ուղղված նույն իշխանությանը որը խախտումներ է թույլ տվել:

Մայիս, 2011թ․․   Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը մտահոգություն Է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների ապահովման բնագավառի իրադրության կապակցությամբ: «Ես խորապես մտահոգված եմ Ադրբեջանում մարդու իրավունքների ապահովման բնագավառի իրադրության կապակցությամբ: Մեզ հատկապես անհանգստացնում Է երիտասարդ ակտիվիստներ Ջաբար Սավալանի եւ Բախտիյար Հաջիեւի նկատմամբ կայացված համապատասխանաբար մայիսի 4-ի և 18-ի դատավճիռները: Երկու գործերի հանգամանքները հիմք են տալիս կարծելու, որ երկու դատավարություններն Էլ քաղաքական դրդապատճառներ են ունեցել»,- ասել Է Էշթոնը: (Հատված՝ Բաքվում Եվրամիության գրասենյակի հաղորդագրությունից):

04.10.2017թ․ ԱՄՆ Պետդեպը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում ԼԳԲՏ հանրույթի իրավունքների ոտնահարման կապակցությամբ․ «Մենք մտահոգված ենք Ադրբեջանում եւ Եգիպտոսում ԼԳԲՏ հանրույթի ներկայացուցիչների կալանավորումների կապակցությամբ»,– ասել է Պետդեպի պետքարտուղար Հիզեր Նաուերթը: Նա նաև նշել է, որ Պետդեպը կոչ է անում երկրներին կատարել մարդու իրավունքների պաշտպանության պարտավորությունները։

Փաստորեն երբ ադրբեջանական իշխանությունը հետապնդում է ԼԳԲՏ և այլ ակտիվիստների, ԱՄՆ Պետդեպը և Եվրամիությունը, լուրջ մտահոգություններ են ունենում, իսկ երբ խաղաղ բնակչության նկատմամբ բնաջնջմանը ուղղված գործողություններ է իրականացնում, ոչ մի գործուն քայլ, դատապարտում, մտահոգություն և այլն։ Բոլորը լուռ են, ձկան պես։ Կարծես ԼԳԲՏ և այլ մի քանի հոգու կալանքի հարցերը ավելի մտահոգիչ պետք է լինեն, քան Ստեփանակերտի, Շուշիի, Մարտակերտի, Հադրութի քաղաքացիական շենքերը հրթիռակոծելը, որոնցում սովորական մարդիկ են բնակվում և զոհվում։

Տեսնենք թե նման ի՞նչ դեպքերի են անդրադարձել նրանք Հայաստանում։

13.09.2013թ․ Եվրամիության հայաստանյան գրասենյակը հայտարարություն է տարածել որում

մասնավորապես ասված է. «ԵՄ պատվիրակությունն իր խոր մտահոգությունն է հայտնում վերջերս Երևանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դեմ հարձակումների, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանների ահաբեկման դեպքերի կապակցությամբ: ԵՄ պատվիրակությունը կոչ է անում հայաստանյան իշխանություններին շուտափույթ և վճռական քայլեր ձեռնարկել այդ գործողություններն իրականացնողներին առանց հապաղման պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Երևանում քաղաքացիական ակտիվիստների վրա կատարված վերջին հարձակումները քննադատող հայտարարություններով են հանդես եկել նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, Human Rights Watch, Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը»:

05․11․2014թ․ Թվով 30 հասարակական կազմակերպություն մտահոգություն է հայտնել 16 քաղաքացիների հայցի մերժման կապակցությամբ․ «Մենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, անթույլատրելի ենք համարում Հայաստանում խտրականության և ատելության կոչերը, անձանց ֆիզիկական և հոգեբանական շարունակական հետապնդումների ենթարկելու փաստերը, ինչպես նաև այդ առնչությամբ դատական համակարգի ոչ պատշաճ արձագանքը»։

Նշենք, որ ՀԿ-ի շարքում էին «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» հիմնադրամը և դրանից ֆինանսավորվող այլ ՀԿ-եր:

27․01․2017թ․ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ու Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին քննարկել են հայաստանցի ուսուցչի գրառումը Ֆեյսբուքում, որը հայ աղջկա և սևամորթ տղամարդու ընտանեկան լուսանկարի վերաբերյալ է:

Ապրիլ, 2019թ․ Հայաստանում ԵՄ և ՄԱԿ ներկայացուցչությունները մտահոգություն են հայտնել ԼԳԲՏ համայնքի հասցեին ատելության և սպառնալիքների հետ կապված։ Մասնավորապես, հայտարարություններում կոչ է արվում Հայաստանի իշխանություններին հետաքննել օրենքին համապատասխան և դատական կարգով հետապնդում իրականացնել ԼԳԲՏ համայնքի անդամների դեմ հալածանքների և սպառնալիքի դեպքում։

Փաստորեն։ Սա, իրականում մի փոքր հատվածն է, բայց եվրոպական ու ամերիկյան կառույցներն ու նրանցից ֆինանսավորվող կազմակերպությունները հիմնականում ակտիվացել են հենց այս թեմաների ժամանակ, երբ խախտվել են քաղակտիվիստների, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքները, բարձրագոչ ելույթներ են ունեցել, որ 21-րդ դարում չի կարելի նման բան թույլ տալ, որ մարդը բարձրագույն արժեք է, որ պետք է հարգել բոլորի ազատություններն ու իրավունքները, որ...  Եվ այսպես շարունակ, և այդ ամենը չմոռանալով համեմել «ոչ ժողովրդավար, հետամնաց Ռուսաստանի» պրոպագանդայով։ Իսկ այսօր, երբ այդ նույն 21-րդ դարում Ադրբեջանի իշխանությունն անթաքույց, ոչ միայն բազմաթիվ միջազգային նորմեր է խախտում, հակահումանիստական զենքեր կիրառում խաղաղ բնակչության նկատմամբ, այլև իրական մարդիկ են զոհվում, բազմաթիվ ճակատագրեր են խեղվում, երբ ապրել-չապրելու, լինել-չլինելու հարցն է վճռվում,  հարց է առաջանում, թե ի՞նչ են անում այդ նույն կառույցները: Ինչո՞ւ չեն դատապարտում խաղաղ բնակչության նկատմամբ զինված ագրեսորի ոտնձգությունները՝ ԱՄՆ դեսպանատունը, Եվրոպայի խորհրդի Հայաստանյան գրասենյակը, Եվրոմիության գրասենյակը, տարատեսակ հիմնադրամները, էլ Սորոսի, էլ Հելսինկյան ասոցիացիաները, ՀԿ-ներ տարբեր կալիբրի, թե՞ միայն ԼԳԲՏ ներկայացուցիչներ պետք է լինեն, որ տեղներից շարժվեն։ Այստեղ հարկ է հիշել, որ վերջերս այդ իրավապաշտպան կոչվող առաջամարտիկներից «Բաց հասարակության հիմնադրամի» հիմնադիր Ջորջ Սորոսը կոչ էր արել Եվրոպային օգնել Թուրքիայի նախագահին ՌԴ դեմ պայքարում․․․ Երևի շարունակում են գործել Սորոսի կոչով․․․

 Տաթև Միրզոյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ