Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում ամրագրել է բանակցային ընթացիկ ձևաչափի անփոփոխելիությունը, բայց դա չի նշանակում, որ Լեռնային Ղարաբաղը բացառվում է բանակցություններից: Ռուսական РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նախարարը բանակցային ձևաչափի անփոփոխելիության վերաբերյալ պայմանավորվածության ձեռք բերումը համարել է Մոսկվայում կայացած բանակցությունների գլխավոր արդյունքը:
«Լեռնային Ղարաբաղին բանակցային գործընթացից բացառել հնարավոր չէ, քանի որ հարցը վերաբերում է հենց Լեռնային Ղարաբաղին, նրա բնակչությանը, որն իշխանություն է ընտրել: Ինչ գնահատական էլ որ հնչեցնի այս առումով ադրբեջանական քարոզչությունը, իրողություններ գոյություն ունեն: Այն, որ Ղարաբաղը բանակցային սեղանին շուրջ չէ, չի նշանակում, որ մենք մեր կողմից չենք աշխատում նրա ներկայացուցիչների հետ: Բայց եթե որևէ մեկը ենթադրում է, թե մենք Ղարաբաղ ենք զանգում և հրամաններ տալիս, ապա նա բացարձակապես չի պատկերացնում Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, մեր կյանքում և մեր հարաբերություններում առկա իրողությունները: Ադրբեջանի քարոզչության մեջ Լեռնային Ղարաբաղի ներգրավման հարցը այդպես սուր է դրված, որովհետև նրանց համար շատ կարևոր է ցույց տալ, որ սա «հայ-ադրբեջանական» հակամարտություն է, որում Ղարաբաղն ընդհանրապես տեղ չունի: Բայց իրողություններն այլ են»,- նկատել է Մնացականյանը:
ՀՀ արտգործնախարարը շեշտել է նաև, որ միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը վերջինի անվտանգության ապահովման կարևոր միջոց է:
«Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը, մեր պատկերացմամբ, առաջին հերթին անվտանգության տևական, կայուն ու ամուր ապահովումն է, այնտեղ ապրոց մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության ապահովումը: Այս հարցում Երևանն ակնկալում է միջազգային հանրության աջակցությունն ու ակտիվ մասնակցությունը: Այսօր մենք շատ բարդ իրավիճակում ենք, երբ Ադրբեջանը փաստացի գնում է հակամարտության ռազմական լուծման ճանապարհով, երբ նրանք փաստացի ոչ միայն ուժի կիրառման սպառնալիք են գործի դրել, այլ նաև հենց ուժ են կիրառել անմիջականորեն և մեծ հարված հասցրել խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին: Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը միջազգային հանրության կողմից անվտանգության ապահովման կարևոր միջոց է»,- նշել է նախարարը:
Մնացականյանը նկատել է նաև, որ Թուրքիան ագրեսիվ քաղաքականություն է արտահանում Հարավային Կովկաս՝ ագրեսիվորեն միակողմանի աջակցություն ցույց տալով Ադրբեջանին և ահաբեկիչների տեղակայելով տարածաշրջանում:
«Մեզ նման ակտիվ մասնակցություն բացարձակապես պետք չէ, մենք դա որևէ կերպ չենք կարող ընդունել, առավել ևս՝ ողջունել»,- ընգծել է նախարարը:
Նա նաև նշել է՝ կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության ընձեռած հնարավորությունը ոչ մի դեպքում բաց թողնել չի կարելի։
«Իրավիճակը շատ փոփոխական է: Հոկտեմբերի 10-ի առավոտից ռազմական լայնամասշտաբ գործողությունները վերսկսվել են, հիմնականում՝ հարավային ուղղությամբ: Լեռնային Ղարաբաղի Հադրութ քաղաք ներթափանցելու փորձ է կատարվել մոտ 200 հոգանոց դիվերսիոն-հետախուզական խմբի կողմից, մեծ ուժեր են առաջ նետվել, փորձել են ինչ-որ բանի հասնել: Եվ այդ ողջ ընթացքում հարվածները քաղաքների և, հատկապես, մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ չեն դադարել. ռմբակոծությունները շարունակվել են մինչև շաբաթ առավոտ, շարունավել են ողջ կիրակի, հարվածներ են հասցվել նաև երկուշաբթի՝ օրվա ողջ ընթացքում»,- նշել է Մնացականյանը:
Ըստ ՀՀ արտգործնախարարի՝ առաջին քայլը ստեղծված իրավիճակում հումանիտար նպատակներով կրակի դադարեցումն է, և այդ համատեքստում նախարարը շեշտել է ՌԴ գլխավորությամբ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ աշխատանքի արդյունքում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական ներգրավվածության շնորհիվ Մոսկվայում կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելը:
«Այն կորցնելը խիստ վտանգավոր է: Խորհրդակցություններ են անցկացվում և՛ Միջազգային Կարմիր խաչի կազմակերպության, և՛ Մինսկի խմբի համանախագահների, և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Անհրաժեշտ է ամրապնդել կրակի դադարեցման ռեժիմը, թույլ չտալ ռազմական գործողությունների վերսկսումը: Այո, այժմ քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում հրադադարի պահպանման վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման հարցը: Այդ համատեքստում Ռուսաստանը իր կողմից շատ օգտակար դեր է խաղում: Ե՛վ Հայաստանը, և՛ Լեռնային Ղարաբաղը հանդես են եկել և այժմ էլ հանդես են գալիս վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման օգտին, բայց տարիներ շարունակ մենք բախվում ենք այն խնդրին, որ Ադրբեջանը դեմ է հրադադարի ամրապնդման որևէ մեխանիզմի ներդրմանը»,- ասել է ՀՀ արտգործնախարարը:
Մնացականյանը շեշտել է, որ կոնկրետ տարածքների՝ այս կամ այն կողմից վերահսկողության տակ գտնվելու մասին խոսելը տեղին չէ:
«Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ուժերի դիրքերի առաջխաղացում է եղել, քայլեր են ձեռնարկվում հակառակորդի որևէ հաջողություն թույլ չտալու ուղղությամբ, պաշտպանության բանակի ուժերը հետ են շպրտում հակառակորդին, դիրքավորում է ընթանում: Հակառակորդը երկու շաբաթում կրառել է իր ողջ հզորությունը՝ ավիացիա, ծանր հրետանի, տանկեր, հետևակ, ԱԹՍ-ներ՝ Թուրքիայի անմիջական ու անվերապահ աջակցությամբ. վերջինը Ադրբեջանին զինում է ռազմական տեխնիկայով, F-16 կործանիչներով, հրամանատարությամբ ու աջակցում օդային ղեկավարմամբ: Բացի այդ, Սիրիայից, Լիբիայից զինյալ-ահաբեկիչների տեղակայումը Ադրբեջանում փոխում է հակամարտության համատեքստը: Արցախը վերջին երկու շաբաթում ցույց է տվել, թե ինչ է նշանակում պաշտպանությունն ու ինչ է նշանակում պաշտպանել սեփական կյանքը, տունը, հողը, ընտանիքն ու պատմական հայրենիքը»,- ընգծել է Մնացականյանը:
ՀՀ ԱԳ նախարարը Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում հումանիտար հրադադարի վերաբերյալ համաձայնության կայացման հարցում բարձր է գնահատել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի դերը:
«Բանակցությունները շատ բարդ ու զգայուն հարցերի վերաբերյալ էին: Շատ դրույթներ կային՝ հարցերի ինչ ծավալ է պետք դիտարկել, ինչ հերթականությամբ քայլեր պետք է կատարվեն: 11 ժամ պահանջվեց այս 4 կետի շուրջ համաձայնության գալու համար, որոնք արտացոլվել են հայտարարությունում: Եվ այստեղ, ասեմ Ձեզ, շատ կարևոր դեր է ունեցել Սերգեյ Լավրովը: Կարծում եմ՝ ճիշտ կլինի այս պահին զերծ մնալ դետալների վերաբերյալ մեկնաբանություններ տալուց: Ինձ համար հիմա կարևորն արդյունքի հասնելն է: Հարցեր կան, որոնք վերաբերյալ մենք բացարձակապես համաձայն չենք ադրբեջանական կողմի հետ, բայց գլխավոր այն է, որ մենք մեծ պատասխանատվությամբ ենք այդ հարցին մոտեցել, մեր ժողովուրդների առաջ ունեցած պատասխանատվությամբ»-նշել է Մնացականյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը