Գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը հրատապ կոչով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի ռազմաքաղաքական վերնախավին՝ խնդրելով չանտեսել այն ամենը, ինչ տեղի է ունենում Արցախում:
«Ես հայկական արմատներ ունեցող ՌԴ քաղաքացի եմ: Ես ցանկանում եմ դիմել շատերին, շատ տարբեր մարդկանց, որոնց ճանաչում եմ կամ չեմ ճանաչում: Ցանկանում եմ, որ բոլորս հասկանանք, որ կանգնած ենք հսկայական անդունդի՝ մարդասիրական և մարդկային ճգնաժամի եզրին: Եվ դա ազգային պարտերազմի հարց չէ: Խորապես վստահ եմ, որ սա մարդկության և մարդկային հիմնարար իրավունքների պաշտպանության հարցն է:
Վլադիմիր Վլադիմիրի, ցանկանում եմ դիմել Ձեզ՝ որպես ՌԴ քաղաքացի: Միշտ փորձել եմ լինել Ռուսաստանի լավ քաղաքացի, անել ամեն ինչ, որ Ռուսաստանը բարգավաճի: Գիտեմ, որ որպես առաջնորդ շատ բան կարող եք անել: Հենց այսօր Ձեր մասնակցությունը, Ձեր վերաբերմունքն այս ամենին շատ բան կարող է բնորոշել: Որպես 3 մլն հայ բնակչության ներկայացուցիչ՝ ցանկանում եմ ասել. «Հավատացեք, որ սա պարզապես ինչ-որ տարածքային հակամարտություն չէ, սա պատերազմ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Սա շատ ավելի շուրջ է, և եթե այս ամենն աղետով ավարտվի, դա անբուժելի վերք կլինի Ռուսաստանի համար:
Վլադիմիր Վլադիմիրի, դիմում եմ Ձեզ՝ որպես այն երկրի քաղաքացի, որի առաջնորդը Դուք եք: Խնդրում եմ միջամտեք այս գործընթացին»,- ասել է Վարդանյանը՝ հավելելով, որ դիմում է նաև Ռուսաստանի ռազմաքաղաքական վերնախավին և Ռուսաստանի մտավորականությանը:
Գործարարը դիմել է նաև Հայաստանի ղեկավարությանն ու հայ երիտասարդությանը, ինչպես նաև ողջ աշխարհում բնակվող հայությանը, ինչպես նաև մեր հարևաններին, մասնավորապես՝ վրացիներին: Վերջիններիս նա կոչ է արել այնպես չանել, որ հետագայում ստիպված լինեն ամոթով ապրել:
Վերջում նա դիմել է նաև միջազգային հանրությանը՝ կոչ անելով հերթական անգամ չանտեսել այս փոքր ժողովրդի «փոքր թվացող» խնդիրը, որը վերածվում է աշխարհաքաղաքական մեծ դիմակայության:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը