ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով ՄԱԿ-ում Նիգերի մշտական ներկայացուցիչ Աբդու Աբարին, որն այժմ նախագահում է Անվանգության խորհրդում:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն աջակցում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ ռազմական գործողություններն անմիջապես դադարեցնելու, լարվածությունը նվազեցնելու և անհապաղ բանակցությունների վերադառնալու վերաբերյալ հակամարտող կողմերին ուղղված կոչը»,- հայտնել է Աբարին:
Նա չի բացառել հակամարտող կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպման անցկացումը:
«Եթե դա անհրաժեշտ լինի, մենք կզրուցենքն Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ, որպիսի նրանք կարողանան փոխըմբռնման հասնել»,- նշել է նա:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Արցախի հարցով հրավիրված փակ հանդիպմանը մասնակցել են անդամ 15 պետությունները:
Ավելի ուշ տարածված հաղորդագրության մեջ ասվում է.
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն անհանգստություն են հայտնել ԼՂ հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդումների առնչությամբ։ Նրանք վճռականորեն դատապարտում են ուժի գործադրումն ու ափսոսանք են հայտնում մարդկային զոհերի ու քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն աջակցել են Գլխավոր քարտուղարի՝ կողմերին ուղղված կոչին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, նվազեցնել լարվածությունն ու անմիջապես վերադառնալ կառուցողական բանակցությունների։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները հայտարարել են ԵԱՀԿ Մինասկի խմբի համանախագահների կենտրոնական դերակատարման լիակատար աջակցության մասին ու կոչ են արել կողմերին համագործակցել նրանց հետ՝ առանց նախապայմանների երկխոսության շուտափույթ վերսկսման համար»,- ասված է հաղորդագրությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը