«Իրավիճակը լուրջ է, իսկապես պատերազմ է գնում»,- այսպես կարճ իրավիճակին գնահատական տալով՝ YerevanToday-ին ասաց գեներալ-գնդապետ, ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, Արցախի նախկին ՊՆ Մովսես Հակոբյանը և խնդրեց իրեն արտաքին ուժերի միջամտության կամ դիվանագիտական հարթակներում, ՀԱՊԿ-ում ընթացող պրեցեսներից հարցեր չուղղել։ Գեներալից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ զարգացումների սպասել և իր վերլուծությամբ՝ ի՞նչ խնդիր է իր առջև դրել Ադրբեջանն այս անգամ, ինչո՞ւ է ակտիվ դերակատար դարձել Թուրքիան։ «Դու չես իմանա՝ ինչ ա մտքին դրել հակառակորդը։ Ոչ ոք չի կարող ասել՝ սա ինչքան կտևի, ինչի սպասել»,- ասաց նա։
Ապրիլյան քառօրյա պատերազմի հետ համեմատություն անցկացնելու վերաբերյալ հարցին էլ պատասխանեց այսպես, որ թեժ մարտեր էին ընթանքում նաև այդ օրերին՝ դարձյալ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, ապրիլյանի ժամանակ էլ թշնամին օր-օրի մեծացնում էր կիրառվող զինատեսակի տրամաչափերը, ընդհուպ՝ Սմերչ համազարկային կրակի հզոր ռեակտիվ համակարգը գործի դրեց, կրակահերթի տակ էին բնակավայրերը, հենակետերը հրետակոծվում էին երեք օր շարունակ։ Բայց ագրեսիվացող մարտերն ինչ-որ պահի կանգ առան, կրակը դադարեց, բանակցություններ սկսվեցին։
Դիտարկմանը, թե՝ ապրիլյան պատերազմի չորրորդ օրը կեսօրին հաղորդվեց, թե երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու մասին, և հարցին՝ արդյո՞ք գեներալը նույն հանգուցալուծման համար այսօր ելքեր տեսնում է, ի՞նչ հնարավորություն է տեսնում այս պահի դրությամբ, պատասխանեց․ «Դա իմ գործը չէ, ռազմական գործիչները բանակցությունների մասին չեն կարող խոսել, մեր անելիքը ճակատում է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը