Hraparak.am-ը գրում է․
«Այրվածքաբանության ինստիտուտի նախկին տնօրեն, 2003-2007 թվականներին ՀՀ առողջապահության նախարար, բժշկական գիտությունների դոկտոր, ՀՅԴ անդամ Նորայր Դավիդյանի մահը ընկերներն ու ճանաչողները շատ ծանր տարան։ Նա ազնիվ ու ազնվական մարդու էր, ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրել էր Լիլիթ Գալստյանը, ուստի մարդիկ ցավում էին ոչ միայն նրա համար, որ հրաժեշտ են տալիս ընդամենը 70 տարեկան անձնավորության, այլեւ հասարակությանը պիտանի ընկերոջն ու քաղաքացուն։
Դավիդյանը սրտի խնդիրներ ուներ, սակայն այդ խնդիրներով էլ մարդը կարող էր երկար ապրել, եթե վերջին երկու տարվա ընթացքում նրան այդքան հալածած չլինեին։ Հետհեղափոխական իշխանությունների գլխավոր գործիքը՝ նախկինում աշխատած գրեթե բոլոր պաշտոնյաների դեմ քրեական գործեր հարուցելն ու մարդկանց իրավապահ մարմինների պատանդը դարձնելն իր դերը խաղացել էին։ Բոլորը չէ, որ թեթեւ են տանում այդ հալածանքներն ու տեւական հարցաքննությունները։ Ն․ Դավիդյանը զգայուն մարդ էր եւ ծանր էր տանում իր նկատմամբ այդ վերաբերմունքը։
Նրան պարբերաբար հրավիրում էին հարցաքննության, երիտասարդ՝ 30-ամյա քննիչը, որը տարրական հարգանք չէր տածում վաստակ ունեցող մարդու նկատմամբ, անձնագիրն էր ձեռքից վերցրել, որ նախաքննությունից չխուսափի։ Հարազատներն ասում էին, որ նա օրեր շարունակ մեկուսացած ծխում է եւ չի համակերպվում այդ կարգավիճակի հետ։ Հետեւանքը եղավ այն, որ սիրտը չդիմացավ։ Չնայած ի սկզբանե պարզ էր, որ մարդը հանցանք չէր գործել եւ այդ քննությունը նախկինների դեմ ուղղված չպատճառաբանված ագրեսիայի դրսեւորում է, սակայն անիմաստ քրեական գործերն ու պոպուլիզմը, պարզվեց, այնքան էլ անմեղ բաներ չեն՝ կարող են մարդու կյանք արժենալ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը