23 09 2020

Ինչո՞ւ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի 75-ամյա տարեդարձի կապակցությամբ ադեկվատ չէր. Zham.am

Ինչո՞ւ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի 75-ամյա տարեդարձի կապակցությամբ ադեկվատ չէր. Zham.am

Zham.am-ը գրում է.

Սովորաբար ՄԱԿ-ի ամբիոնից երկրների ղեկավարների ելույթները ունենում են կոնկրետ նպատակներ որոնց միջոցով մեսսիջներ են ուղարկվում աշխարին: «Մեծ» երկրների ղեկավարները խոսում են աշխարհի գլոբալ խնդիրներից, համապատասխան մեսսիջներ ուղարկում իրենց հակառակորդներին և դաշնակիցներին: «Փոքր» երկրների ղեկավարները հիմնականում ներկայացնում են իրենց երկրներին առընչվող հարցերը: «Միջին» տրամաչափի երկրները փորձում են համատեղել գլոբալ հարցերը իրենց ազգային խնդիրների հետ: Հենց այդպիսին եին, օրինակ,  Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների ելույթները: Եթե Ադրբեջանի ղեկավարը կոնկրետ խոսում էր իր երկրի խնդիրների մասին, ապա Էրդողանը «գաղութատիրության դեմ պայքարը» փորձեց համադրել «Հայաստանի ագրեսիվ պահվածքի հետ»:

Այս համատեքստում Հայաստանի ղեկավարը պիտի հիմնականում խոսեր Հայաստանի նպատակների, Ադրբեջանի ոչ կառուցողական պահվածքի մասին և նշեր, որ Թուրքիան փորձում է իր բոլոր հարևանների հետ դեստրուկտիվ հարաբերությունների մեջ մտնել, օրինակ բերելով վերջին տավուշյան դեպքերի ժամանակ Անկարայի արձագանքը:

Նման ելույթը դուր կգար Սիրիային, ով իր մաշկի վրա է զգում Անկարայի ազդեցությունը, Եգիպտոսին, ով կոնֆլիկտի մեջ է Անկարայի հետ Լիբիայի հարցում, Իրաքին, ով դժգոհ է Անկարայի գործողություններից իր տարածքում:  Հունաստանն ու Կիպրոսը նույնպես գոհ կլինեին: Վերջապես Մոսկվան գոհ կլիներ, որ Հայաստանը քննադատում է Անկարային Սիրիայի, Իրաքի, Լիբիայի և վերջապես մեր տարածաշրջանում գերակտիվություն ցուցաբերելու համար: Եվ եթե Թուրքիայի այս պահվածքը շաղկապվեր Ադրբեջանի գործողությունների հետ, ապա տեսանելի կդառնար նաև վերը նշված երկրների համար, Ադրբեջանի ուղենիշները:

Իսկ հիմա վերլուծենք, թե ինչի մասին էր Փաշինյանի ելույթը: Նա խոսում էր «մեծ» արժեքների մասին, որը սովորաբար ներկայացնում են «մեծ» երկրները, խոսեց վերացական «ինքնորոշման կարևորության» մասին, որը  ոչ մեկին հետաքրքիր չէր: Սիրիային հետաքրքիր չէր, որովհետև նա ունի քրդական հարց, Իրաքին հետաքրքիր չէր նույն պատճառով, Կիպրոսը նույնպես մերժում է վերացական «ինքնորոշումը», քանզի դրա պատճառով իր տարածքի 40 տոկոսը միջ այսօր օկուպացված է Թուրքիայի կողմից: Վերջապես Մոսկվային նույնպես հետաքրքիր չէ վերացական «ինքնորոշման» գաղափարը:

Հարց է առաջանում, ո՞ւմ էր ուղղված Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի ամբիոնից:

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Փաշինյանի թիմը մինչ այսօր չի հասկանում, թե ինչի համար են նման հարթակների ելույթները և այդ իսկ պատճառով նրանք այս ելույթների պատրաստմանը լուրջ չեն վերաբերվում և արդյունքում այդ ելույթը սկսում է հիշեցնել «կենացի» ,որն արտասանվում է ձևի համար, քանզի ՄԱԿ-ի ծննդյան 75-ամյակի կապակցությամբ մի ինչ -որ «կենաց» պիտի ասվի:

Հենց այսպիսի տրամաբանությամբ էլ կառուցվում է  «Նոր Հայաստանի» մյուս ոլորտները որտեղ նույնպես չկա ոչ բովանդակություն, ոչ էլ իրական նպատակ, եթե իհարկե չհաշվենք ոչինչ չասով տավտոլոգիկ ձևակերպումները այն մասին, որ «ավելի լավ է լինենք հարուստ և բախտավոր, քան թե աղքատ և անբախտ»:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ