18 09 2020

Ռոբերտ Քոչարյան․ Իշխանությունները պետք է կարողանան փոթորկի միջով նավն այնպես տանել, որ երկիրը խնդիրներ չունենա



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել փորձագետների հետ՝ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման թեմայով։ Ներկայացնում ենք հատված հարցազրույցից։

Պարոն նախագահ, իմ կարծիքով, այս պահի դրությամբ առաջին մտահոգիչ խնդիրը Ռուսաստան–Արևմուտք հարաբերությունների կտրուկ վատթարացումն է, որը, շատերի կարծիքով, կարող է լուրջ ազդեցություն ունենալ մեր տարածաշրջանի վրա։ Ոչ ոք չէր պատկերացնում, որ շատ արագ կբռնկվի բելառուսական պրոցեսները, Նավալնու շուրջ խնդիրը։ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների այս կտրուկ վատթարացումը, Ձեր կարծիքով, ի՞նչ աստիճանի ազդեցություն կարող է թողնել մեր վրա թե՛ Ղարաբաղի խնդրի հետ կապված, և թե՛ Հայաստանի արտաքին քաղաքականության այդ բալանսի, այսպես ասած․ այդ միջանցքի շուրջ․ այդ մանևրը մեզ համար շատ ավելի նեղ է դառնում։

Ռոբերտ Քոչարյան – Ես հիշեցնեմ, որ 1998-2008 թթ․ մենք արտաքին կոմպլեմենտար քաղաքականություն էինք վարում։ Ուղղակի այն ժամանակը լրիվ ուրիշ էր․ ճիշտ հակառակ պատկերն էր նրա, ինչն այսօր Ձեզ և բոլորիս մտահոգում է։ Այն ժամանակ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները բավական ջերմ էին, նույնիսկ պատկերացրեք, ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի ծրագրերն ավելի շատ էին, քան Հայաստան-ՆԱՏՕ, և 2002 թ․, եթե չեմ սխալվում, ստեղծվեց Ռուսաստան-ՆԱՏՕ հատուկ հանձնաժողով, և բավականին էֆեկտիվ համագործակցել են, մինչև վրացական կոնֆլիկտի պահը։ Մեկ տարով հետո սառեցվեց, հետո նորը վերսկսեց, մինչև 2014թ․ երբ Ղրիմն ընդգրկվեց Ռուսաստանի կազմի մեջ։ Բայց 1990-2000 թվականներին այդ հնարավորությունը կար, դաշտն էր այդպիսին։ Շիրակի, Շրյոդերի, Բեռլուսկոնիի հետ բազմաթիվ հանդիպումների ժամանակ ես տեսնում էի, թե ինչպիսի հարգանքով են իրենք խոսում Ռուսաստանի մասին, Ռուսաստանի նախագահի մասին։ Չի եղել մեկ հանդիպում, որի ժամանակ մենք շրջանցեինք այդ հարաբերությունները։ Եվ այն ժամանակ, իսկապես հնարավոր էր կոմպլեմենտարության սկզբունքով փորձել մեր շահը փնտրել այնտեղ, որտեղ նաև հզոր երկրների կամ երկրների միավորումների շահերը համընկնում էին, այլ ոչ թե հակասում էին իրար։ Հիմա, ճիշտ եք ասում, այդ լյուֆտը գրեթե չկա, չափազանց նեղացել է։ Ինչի՞ն է բերելու։ Բերելու է անհրաժեշտության՝ մշակել նոր մոտեցումներ, որոնք հնարավորություն կտան մեր ազգային շահերն առավելագույնս պաշտպանել լրիվ նոր իրավիճակում։ Նայեք, այն ժամանակ մենք ԵԱՏՄ-ի անդամ չէինք, և այն ժամանակ մենք անդամակցեցինք մի շարք միջազգային տարբեր կառույցներին, և երբեք այդ անդամակցությունը չի հակադրվել Ռուսաստանի հետ մեր ամենինց ջերմ հարաբերություններին, բոլոր ոլորտներում՝ և՛ տնտեսական, և՛ ռազմական։ Կարծում եմ, այն ժամանակ ուղղակի փայլուն օգտագործվեց այն պահը, երբ կարելի էր ինտեգրվել աշխարհին՝ չափազանց լավ հարաբերություններ պահպանելով քո ռազմավարական գործընկերոջ հետ, որը ևս ինտեգրման այդպիսի պրոցեսի մեջ էր։ Եվ իրար հետ մենք նաև սա էինք միշտ քննարկում, որոշ չափով նաև սինխրոնիզացման հարց կար։ Հիմա պատկերը լրիվ ուրիշ է։ Այսօր իշխանությունները պետք է կարողանան այդ մտավոր ներուժը գտնել, մշակել մի ծրագիր, որը հնարավորություն կտա այս փոթորկի միջով նավն այնպես տանել, որ երկիրը խնդիրներ չունենա։ Ես կասկածում եմ, որ այս իշխանություններն ունեն այդ մտավոր ունակությունը և այդ փորձը։ Իսկ շատ ավելի կարճ եմ կարծում, որ որևէ մեկը կկարողանա ասել, թե ինչին է սա բերելու։ Մի քիչ սև ու սպիտակի է վերածվում այդ հարաբերությունները, և եթե հնարավոր է նպաստել, որ հակասություններն այդքան չխորանան, ապա ևս պետք է բոլոր հնարավորությունները ներդնել հնարավորինս մեղմացնելու այդ ոչ ցանկալի մեզ համար գործընթացը։

- Պարոն նախագահ, շատ դիտորդներ, հատկապես արևմտյան և ռուսական, նշում են, որ   ղարաբաղյան խնդրի շուրջ այդ հարթակը թերևս միակ կամ եզակի հարթակներից է, որտեղ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը ընդհանուր հայտարար ունեն, ի տարբերություն Դոնբասի, Աբխազիայի կամ Հարավային Օսիայի։ Ձեր կարծիքով, այս հակամարտության սրումը կարո՞ղ է ազդել նաև այս հարթակի վրա, որ այստեղ նույնպես հակամարտություն առաջանա, և Ձեր կառավարման ժամանակ Դուք զգո՞ւմ էիք այդ մրցակցությունը, և ինչպիսին էր այդ մրցակցությունը Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև։

Ռոբերտ Քոչարյան – Մրցակցությունը միշտ եղել է։ Մրցակցության սրության հարցն է։ Երբեք այդ մրցակցությունը չի եղել այն սրության, որ բանակցային գործընթացը ձախողվի կամ, այսպես ասենք, չկարողանան իրար հետ կոմպրոմիս գտնել այս կամ այն մոտեցման շուրջ։ Այդ աստիճան երբեք չի սրվել։ Հիմա մտածում եմ, որ կոնկրետ ղարաբաղյան կարգավորման գործընթացի շուրջ ևս կամուրջները չեն այրվելու, և համանախագահողները որոշ չափով ի վիճակի են լինելու լեզու գտնել իրար հետ։ Տվյալ դեպքում, այն օրինակները, որ բերեցիք՝ Ուկրաինայի, դա մի քիչ այլ է։ Ուկրաինան ակնհայտ ձգտում է դեպի Եվրամիություն, և Ուկրաինայի արտաքին քաղաքականության կողմնորոշումները լրիվ ուրիշ են։ Եթե Հայաստանը փորձի նման դրսևորումներով հանդես գալ, ապա Հայաստանը ևս կհայտնվի այդ հակասությունների կիզակետում։ Այսօր դա Հայաստանում արվում է շատ ավելի մեղմ, ավելի շատ փորձելով ազդել երիտասարդ սերնդի վրա, պատրաստել հնարավոր ապագա արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխությունը։ Բայց այսօր, համենայնդեպս, հռչակվում է, որ բան չեն փոխում։ Իմ գնահատականը հետևյալն է, որ կոնկրետ Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ տարաձայնությունները չեն խորանալու, բայց լուծումը, որը ենթադրելու է միասնական լուրջ քայլեր, ևս դժվարանալու է, որովհետև մի հարց է միայն բանակցային գործընթացը, մյուս հարցն է, երբ որ գալիս ես ինչ-որ լուծման և պետք է, օրինակ, քննարկել, թե որ երկրներից են լինելու խաղաղապահ ուժերը, ինչ հարաբերակցությամբ։ Կարծում եմ, այստեղ էական դժվարություններ լինելու են։

– Որոշ չափով անդրադարձանք երկրների դիրքորոշմանը, երբ նշված է եղել, որ ժամանակին նրանք չեն ունեցել էական տարբերություններ մոտեցումների մեջ, բայց արդյո՞ք այս բոլոր երկրների մոտ, որոնք ներկայացված են համանախագահների տեսքով, կա իրոք ընդհանուր մոտեցումը, որովհետև կան տարբեր շահեր, որոնք տվյալ երկրներն ունեն մեր տարածաշրջանում։ Խոսքը չի գնում միայն Անդրկովկասի կամ Հարավային Կովկասի մասին, այլ նաև Մեծ Միջին Արևելքի մասին է խոսքը։ Ելնելով այս տարբեր շահերից, որոնք առկա են այս երկրների մոտ այս ամբողջ տարածաշրջանում, արդյո՞ք նրանք միասնական են այն մոտեցումների մեջ, որոնք վերաբերում են Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը։ Թե՞ կան ոչ միայն նրբություններ, այլ նաև էական տարբերություններ մոտեցումներում։

Ռոբերտ Քոչարյան – Ակնհայտ է, որ շահերը տարբեր են, բայց ոնց որ տարածաշրջանում խաղաղություն պահպանելը բոլորի շահերից է բխում։ Սա միավորում է, և ես չեմ զգում և այն ժամանակ չեմ զգացել, երբևիցէ չի եղել, որ նրանք սեղանի շուրջ սկսեն վիճել ինչ-որ հարցի շուրջ։ Համենայնդեպս, կիրառվում էր բանակցային այնպիսի տեխնոլոգիա, որ կոնֆլիկտի կողմերը չեն զգացել արտահայտված տարաձայնությունները բանակցությունների ժամանակ, և իմ տպավորությամբ, բոլորը ուզում էին, որ տարածաշրջանում նոր պատերազմ չբռնկվի։ Սա միավորում էր բոլորին, բայց միավորում էր մինչև այն պահը, երբ կոնկրետ կարգավորումը պետք է մեկնարկի։ Եվ քանի որ մենք երբևէ չենք հասել այդ պահին, բացի երևի թե Քի-Վեստի, երբ մի պահ բավականին մոտ էինք, այդ տարաձայնությունները չէին արտահայտվում։ Եվ դա խոսում է նաև համանախագահողների հմտության մասին, քանի որ հիմնականում փորձառու դիվանագետներ էին և ներկայացնում էին այնպիսի երկրներ, որոնք լուրջ դիվանագիտական դպրոց ունեն։ Ուղղակի տեխնիկապես ճիշտ էին վարում այդ ամբողջ գործընթացը։ Միգուցե ես հիշեցնեմ, որ այս ֆորմատը միշտ չի եղել։ Բանակցային գործընթացի առաջին ֆորմատը ղեկավարում էր իտալացի դիվանագետ, բայց նա հավաքում էր Մինսկի խումբը, որի նպատակն էր Մինսկի կոնֆերանսի նախապատրաստումը։ Ես առաջին ղարաբաղցին եմ եղել, որ Բորիս Առուշանյանի և Հրանտ Խաչատրյանի հետ մասնակցել եմ այդ բանակցություններին։ Դա եղել է 1992 թ․ հուլիսին։ Հիասթափությունս անսահման էր։ Շահումյանի կորստից հետո բավական ծանր վիճակում էի գտնվում, երբ մի շքեղ վիլլայում երկու թե երեք օր, եթե չեմ սխալվում, տասնմեկ երկրից հավաքված դիվանագետներ, մտավարժանքների մեջ էին։ Եվ մենք երեք օր քննարկում էինք, թե ով ենք մենք, ով է ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը։ Անհասկանալի իրավիճակ էր․ Ղարաբաղում պատերազմ էր, իսկ այստեղ՝ դիվանագիտական մի մեծ խմբի մտավարժանքներ։ Ակնհայտ էր, որ ֆորմատը չաշխատող ֆորմատ է։ Բավականին երկար ժամանակ տևեց, մինչև բոլորը հասկացան, որ սա ուղղակի աշխատող ֆորմատ չէ։ Հետո որոշեցին, որ պետք է լինեն համանախագահողներ, որոնք կոնկրետ, շատ ավելի նպատակաուղղված բանակցություններ կկազմակերպեն՝ փորձելով կոնֆլիկտի կողմերի միջև եզրեր գտնել։ Սա մեր ունեցածի ամենավատը չի։ Ունեցել ենք շատ ավելի անհասկանալի, իրավիճակին չհամապատասխանող մի ֆորմատ, սարեր ու ձորեր իրավիճակ, և այն բանակցային ֆորմատը, որով այդ իրավիճակը պետք է կարգավորվի։

Տեսանյութն ամբողջությամբ՝ երկրորդ նախագահի Youtube-ի պաշտոնական էջում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ