16 09 2020

ՍԴ-ի շուրջ ճգնաժամը վերջացել է. Նիկոլ Փաշինյան

ՍԴ-ի շուրջ ճգնաժամը վերջացել է. Նիկոլ Փաշինյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ հանրության մոտ հարց է ծագում Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների ընտրության հետ կապված: «Ես կուզենայի իմանալ՝ ի՞նչ կզբունքներով, մեխանիզմներով է կառավարությունը ընտրել Էդգար Շաթիրյանին որպես թեկնածու, եղե՞լ են այլ տարբերակներ, մրցույթ»,-հարցրեց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ հարցին պատասխանելը նախ ասաց, որ երբ ասում են, թե հանրության մոտ հարցեր են առաջացել, պետք է ճշտել այդ ներկայացուցիչների հեռախոսահամարները, հասցեները, որ իմանան՝ ում են նրանք ներկայացնում: Նա օրինակ բերեց, որ դպրոցներում հաճախելիությունը 97 տոկոս է, մինչդեռ երկուշաբթի մարդիկ կային, որ պնդում էին, թե հանրությունը բոյկոտում է դպրոցները:

«Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության պրոցեսում կային մարդիկ և շրջանակներ, ովքեր անընդհատ ուզում էին խոսել հեղափոխության արժեքների մասին և փորձում էին իրավիճակը համեմատել հեղափոխության արժեքների հետ։ Այնպիսի տպավորություն էր, որ հեղափոխությունը կառավարած, ղեկավարած գաղափարական թիմը ընդհանրապես գաղափար չունի հեղափոխության արժեքների մասին և մարդիկ, ովքեր հեղափոխության մասին իմացել են մայիսի ութից մի շաբաթ հետո, իրենք դարձել են հեղափոխության արժեքների ջերմեռանդ պաշտպաններ»,-ասաց նա և նշեց, որ կան ուժեր, որոնք փորձում են իրենց օրակարգը, թեկնածուներին, իրենց կամակատարներին, իրենց մարդկանց հանրության անունից որոշակի տեղերում տեղավորել:

«Ազգային ժողովում շատ կարևոր բան է տեղի ունեցել․ Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը վերջացել է, փակվել է: Սա չի նշանակում, որ ձևավորվել է իդեալական Սահմանադրական դատարան: Կառավարությունն էլ թեկնածուի որոշումը կայացրել է իր լիազորությունների շրջանակներում, քննարկումներ ենք իրականացրել այդ թվում՝ խորհրդարանական խմբակցության կարծիքները հաշվի առնելով»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ