Ասեմ, որ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելու հետ կապված գործընթացը չի ավարտվել, և ես այս պահին զերծ կմնամ այդ հարցի մասին խոսելուց, գուցե դրան կանդրադառնամ հաջորդող օրերին: Այս մասին սեպտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու որոշմանը։
Նշենք, որ պատգամավորը նշել էր, որ մանդատը վայր է դնում ԿԳՄՍ նախարարի հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով:
«Ուզում եմ արձանագրել՝անցած օրերին մենք Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք զրո քննարկում: Արսեն Ջուլֆալակյանը կարող էր այդ հարցերը բարձրացնել, և մենք հնարավոր է, որ կոնկրետ քննադատության մի մասն ընդունեինք և շտկումներ անեինք, մի մասի հետ կապված էլ բացատրեինք, որ իր ընկալումներում և իր դիրքորոշումներով առկա փաստերը չեն համապատասխանում իրականությանը: Մենք նման քննարկում չենք ունեցել, այդ հարցերը չեն բարձրացվել ինձ հետ քննարկումներում»,- ասաց Հարությունյանը:
Նախարարի խոսքով՝ խմբակցությունում ունեցել է հանդիպում մոտավորապես 1 կամ 1,5 ամիս առաջ, եւ այդ հարցերը չեն բարձրացվել:
«Ես հիմա այդ ընդհանրական հայտարարությանը չեմ ցանկանա անդրադառնալ: Եթե լիներ նման քննարկում, լիներ կոնկրետացում, անպայման այդ հարցադրումներին կլինեին պատասխաններ: Նույն խմբակցության հետ քննարկման ժամանակ եղել են հարցադրումներ, որոնք եղել են օբյեկտիվ ընկալելի, եւ դրանք անպայման արտացոլվել են մեր գործունեության մեջ: Այդ առումով քննարկում չի եղել, եւ ես ընդհանրական դիրքորոշումներին չեմ պատասխանի»,- ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը