09 09 2020

Գրեթե ամեն ինչ՝ երեսուն տարվա մասին

Գրեթե ամեն ինչ՝ երեսուն տարվա մասին

Օրեր առաջ Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար փորձում էր տպավորություն ստեղծել, թե մինչ իր վարչապետությունը երեսուն տարի երկրում ոչինչ չի արվել, ոչինչ չի կառուցվել, ոչ մի նախագիծ չի իրականացվել, և ամեն ինչ ավերակների մեջ է եղել: Հիմա նոր իր շնորհիվ սկսում են ճանապարհ ու տուն կառուցել։

Սա, մեղմ ասած,  ճշմարտությանը չի համապատասխանում։ Երեսուն տարում երկրում շատ գործ է արվել:  և այդպես է կայացել մեր պետությունը։ և այդ հաջողությունները մեր ընդհանուր պատմությունն են, այնպես՝ ինչպես անհաջողությունները։ Խոշոր նախագծերի ցանկը բավական պատկառելի է և բոլորը թվարկել հնարավոր չէ, բայց վարչապետի ասածը ուղղակի ստիպում է դրանցից մի մասը թվարկել.

  1. 1995-ին, հրադադարից ընդամենը կես տարի անց, վերագործարկվեց հայկական ատոմակայանը: Ի դեպ, նախկինում երբեք ոչ մի երկրում փակված ատոմակայան չի վերագործարկվել: Սա շատ լուրջ քայլ էր։
  2. 1996թ. սկսվել և 1999թ. նոյեմբերին ավարտին է հասցվել ռազմավարական նշանակության Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհը: Արցախի պաշտպանվածության և տնտեսության համար սա անգնահատելի ձեռքբերում էր։
  3. Հետպատերազմյան Հայաստանը կարողացավ ավերակներից վերականգնել աղետի գոտին։ Միայն 2000-ականների սկզբին Շիրակի և Լոռու մարզերում, աղետի գոտում կառուցվել է 149 բազմաբնակարան շենք, 3674 բնակարան:
  4. Լինսի հիմնադրամի 5,7 մլրդ դրամ ծրագրային ներդրումներով 2004թ. շահագործման է հանձնվել Սևան-Դիլիջան 2,2 կմ երկարությամբ թունելը, որն անավարտ էր մնացել դեռ ԽՍՀՄ տարիներին: Բացի այդ, շահագործման հանձնվեց Սևան-Դիլիջան թունելի հյուսիսային մուտքից մինչև Այրումի խաչմերուկ ձգվող 119 կմ երկարությամբ միջպետական նշանակության ճանապարհը, որը բարեկարգ ճանապարհով Երևանին կապեց նաև Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերը:
  5. 2000, ապա 2003 թվականին շահագործման հանձնվեցին Դավիթաշենի և Աշտարակի կամուրջները, որոնք բազմաթիվ խնդիրներ լուծեցին ինչպես Երևանում, այնպես էլ դյուրացրին Գյումրիից և Վանաձորից մայրաքաղաքի հետ կապվելու խնդիրը:
  6. Երևանում և Հայաստանի մյուս մարզերում 2000-ականներին հիմնանորոգվեցին մարզական և մշակութային մի շարք օբյեկտներ, դպրոցներ, կառուցվեցին ճանապարհներ, էստակադաներ, առանց որոնց այսօր հատկապես Երևանում խնդիրները շատ ավելին կլինեին, իսկ երթևեկությունն էլ անտանելի կլիներ: Միայն «Մշակույթ» ծրագրով նորոգվել է 34 մշակութային հաստատություն: Երևանի փողոցների վերականգնում» ծրագրով իրականացվել է երեք կարևոր փողոցների վերակառուցում և կառուցում։ Ծրագրի ընդհանուր արժեքը 8 մլրդ 517 մլն դրամ, որից 2 մլրդ 262 մլն դրամը հատկացվել է ՀՀ պետբյուջեից։ Ամբողջությամբ վերակառուցվել և նորոգվել են Տիգրան Մեծ պողոտան, կոմիտաս պողոտան, կառուցվել է Սարալանջ մայրուղին:
  7. 2007-ին ավարտվեց Հյուսիսային պողոտայի կառուցումը, որը դարձավ երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի ամենասիրված վայրերից մեկը, որը դարձավ Երևանի հիմնական այցեքարտերից մեկը:
  8. 2008 թվականին սկսվեց և 2011թ. նոյեմբերին ամբողջովին ավարտին հասցվեց 34 հազար քառակուսի մետր ընդհանուր տարածքով «Զվարթնոց» օդանավակայանի նոր մասնաշենքը կառուցումը: Ներդրվեց 160 միլիոն ԱՄՆ դոլար: Օդանավակայանի 1500 աշխատակիցների և 46 հաշվառման սեղանների շնորհիվ հնարավորություն ստեղծվեց տարեկան սպասարկել մինչև 3.5 միլիոն ուղևորի:
  9. 2003թ. հոկտեմբերին ավարտվեց Գեղարքունիքը Վայոց ձորին կապող, ռազմավարական կարևոր նշանակության Սելիմի լեռնանցքի ճանապարհը:
  10. 2008թ. փետրվարի 1-ին մեկնարկեց «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագիրը, որի շրջանակներում Երևանի Ավան վարչական շրջանում կառուցվեց հսկա բնակարանային համալիր համալսարանական ընտանիքների համար: Հայաստանի Հանրապետության մեկ տասնյակ պետական բուհերի երիտասարդ մասնագետներին հնարավորություն տրվեց մատչելի պայմաններով ձեռք բերել բնակարաններ:
  11. 2017թ. սեպտեմբերին շահագործման հանձնվեց ռազմավարական նշանակության Վարդենիս-Մարտակերտ 320 կմ-անոց ճանապարհը, որի աշխատանքները ֆինանսավորվել են «Հայաստան» համահայկական, ՀՀ և ԼՂՀ կառավարությունների կողմից: Արցախը Հայաստանի մարզերի հետ կապվեց երկրորդ ճանապրհով: Այն այլընտրանք դարձավ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին:  
  12. Սահմանամերձ բնակավայրերում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնց արդյունքում կառուցել են ոռոգման համակարգեր, գյուղերն ապահովվել են խմելու ջրով, իրականացվել են նաև այլ աշխատանքներ, որոնք ռազմական գաղտնիք են պարունակում և որոնց մասին գրել չի կարելի:

Ցանկացած հաջորդ իշխանության, երկրի ցանկացած հաջորդ ղեկավարի պատիվ է բերում հիշել և կարևորել նախորդների արածը։ Այդպես են կայանում պետությունները։

 Գեղամ Նազարյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ