Ազգային Ժողովի նախագահի պատեհածին տեղակալ Ալեն Սիմոնյանն իր հոգու սրբազան պարտքն է համարել անդրադառնալ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարությանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ես, իհարկե, հասկանում եմ, որ «վերին էշելոնի ներկայացուցիչ» Սիմոնյանն Իմ քայլը խմբակցությունում ստանձնել է ըստ կանչի շտապօգնության սպասավորի գործառույթները, եւ կապ չունի, թե ինչ թեմային է վերաբերում հարցը, Ալեն Սիմոնյանն անպոչ գդալի նման հայտնվում է այդտեղ:
Հիմա էլ Ալենն իրեն իրավունք է վերապահում գնահատականներ հնչեցնել Ծառուկյանի հայտարարությունների վերաբերյալ: Անկախ ամեն ինչից, եթե այդ գնահատականները լինեին կոռեկտության ու քաղաքական դիսկուրսի տրամաբանության մեջ, որեւէ մեկը հարկ չէր էլ համարի անդրադառնալ նրա գոյությանը: Սակայն բացառիկ ցինիզմով ու փուչ ինքնահավանությամբ համեմված հարցազրույցում Ալեն Սիմոնյանը շաղ է տալիս իր մտքի «գոհարները», իսպառ մոռանալով, որ ինքն իր ապրած կյանքով ու անցած խորդուբորդ ճանապարհով վստահաբար չի վաստակել Գագիկ Ծառուկյանին քննադատելու իրավունքը:
Իր երկամյա օրենսդրական գործունեության մեջ Ալեն Սիմոնյանի հեղինակած եզակի օրենքը միտված էր հայտնի «Վիվառոյ»-ի իրավունքների պաշտպանությանը, որի համար, ըստ շրջանառվող լուրերի, վերջինս բավականին կլորիկ գումար է ստացել: Եվ, թերեւս, Երեւանի կենտրոնի գերթանկարժեք բնակարաններն ու մի քանի Ռենջ Ռովերները հենց Վիվառոյի բարձր հովանու ներքո է ձեռք բերել ԱԺ փոխխոսնակը: Ուզում եմ հասկանալ, թե ինչից է հատկապես ոգեւորվել կամ սրտնեղվել ԱԺ փոխխոսնակի աթոռին բազմած Սիմոնյանը:
Միգուցե այն պատճառով, որ Ծառուկյանն ասել է, որ անթույլատրելի է Հայ եկեղեցու պատմության առարկայի ոչնչացումը, կամ, որ անընդունելի է համարել, որ մեր երեխաները դեռ վաղ մանկությունից պիտի սեռական դաստիարակության մանրամասներին ծանոթանան: Դե իհարկե հասկանալի է, որ ձեր իշխանության առաջնահերթ խնդիրների մեջ է մտնում մեր եկեղեցու հիմքերը խարխլելը, արեւմտյան այլանդակ բարքերը մեր ազգաբնակչության շրջանակներում քարոզելը, տարատեսակ փոքրամասնությունների հետ հանդիպումներն ու նրանց շահերը առաջ բրդելը: Բայց մենք դա թույլ չենք տալու:
Ասել ենք ու ասելու ենք: Մենք ունենք արմատներ, մենք ունենք քրիստոնեական ավանդույթներ ու ազգային արժեհամակարգ ու չենք թողնելու, որ տարատեսակ թափթփուկներ ավերեն մեր արժեքները: Իսկ դուք հանգիստ վեր ընկեք տեղներդ, վայելեք ձեր պարգեւավճարները, թանկարժեք տներն ու ավտոմեքենաները, քանի դեռ կարող եք, քանի որ ցանկացած ոտնձգություն մեր ազգային արժեքների նկատմամբ վաղ, թե ուշ ստանալու է իր արժանի պատիժը: Դա ես եմ ձեզ խոստանում…
Ալեն, քեզ տեր կանգնի, մեղք ես...
Ոգեւորությունից կործանում կես քայլ է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը