«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արդեն 30 տարի մենք քննարկում, վերցնում դնում ու վերլուծում ենք անցյալը, փորում ու մեղավոր ենք փնտրում անցյալում տեղի ունեցած իրադարձությունների, սխալների ու թերությունների համար:
Բոլոր նորերը մեղադրում են հներին, բոլոր հները արդարանում և մեղադրում են նորերին: Սա արդեն վերածվում է ռեալիթի շոույի, որտեղ հանդիսատեսը ուղղակի բավարարում է իր հույզերն ու էմոցիաները:
Սա սխալ է, անիմաստ է, չունի բովանդակություն և որևէ կապ կուտակված և օրեցօր խորացող խնդիրների հետ: Այս պոլեմիկան ձեռնտու է միայն անգործունակ և անբովանդակ նորերին և քաղաքական ռեաբիլիտացիայի ձգտող հներին:
Հայ մարդը այստեղ չունի որևէ իրական շահ, քանի որ Հայ մարդու՝ ՀՀ քաղաքացու համար կարևոր է ոչ թե այն, թե ինչ է եղել նախկինում, այլ այն, թե ինչ է լինելու ապագայում:
Իրական քաղաքական օրակարգը ապագայի օրակարգն է, խնդիրների լուծման ծրագրերն են, զարգացման ու հզորացման հայեցակարգերն ու դոկտրինաներն են:
Քաղաքական անցյալը նման է ճահիճի, որին մեկ ոտքով կանգնելու դեպքում դատապարտված ես խորտակման, իսկ քո հետ միասին խորտակում ես նաև առաջ շարժվելու և զարգանալու հնարավորությունը: Այս իշխանությունն արդեն մինչև կոկորդը խեղդված է անցյալի ճահիճի մեջ և չունի փրկվելու որևէ հնարավորություն:
Պետք է շարժվել առաջ, իսկ անցյալը թողնել պատմաբաններին, քաղաքագետներին ու փիլիսոփաներին:
Ժամանակ չունենք, ապագա ենք կորցնում . . .»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը