17 08 2020

Ռուստամ Բադասյան-Աննա Վարդապետյան դուետը պարտվեց Վահե Գրիգորյանի կլանին. Hraparak.am

Ռուստամ Բադասյան-Աննա Վարդապետյան դուետը պարտվեց Վահե Գրիգորյանի կլանին. Hraparak.am

 

Hraparak.am-ը գրում է.

«Կառավարության կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրված Վահրամ Ավետիսյանն այսօր հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին համաձայնությունը հետ կանչելու մասին դիմում։ Այսինքն՝ հանում է իր թեկնածությունը։

 Մամուլը բազմիցս գրել է, որ Ավետիսյանի թեկնածության առաջադրման հետևում կանգնած է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և նա է Նիկոլ Փաշինյանին համոզել այդ հարցում։ Լուրջ դերակատարում է ունեցել նաև Փաշինյանի՝ իրավական ոլորտը կուրացիա անող օգնականը՝ արդարադատության նախկին փոխնախարար Աննա Վարդապետյանը, որը չնայած Ռուստամ Բադասյանի հետ ունեցած կոնֆլիկտին՝ սատարել է նրա թեկնածուին, քանի որ երկար տարիներ աշխատել է Վահրամ Ավետիսյանի հոր՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի հետ, նրա օգնականն է եղել:

 Վահրամ Ավետիսյանի առաջադրումից հետո մեծ աղմուկ բարձրացրեցին ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի կողմնակիցները, որոնք սկսեցին ջրի երես հանել Բադասյանի թեկնածուի անցյալը, տարատեսակ մեղադրանքներ հնչեցնել նրա հոր հասցեին, սկսեցին վերլուծել նրանց ունեցվածքը, պահվածքը եւ այլն։ Իրավիճակն այնքան սրվեց, որ Գրիգորյանի կլանը հակաավետիսյանական արշավում ներգրավեց նաև Մարտի մեկի զոհերի ընտանիքների անդամներին, որոնց անունից երկու նամակ ուղղեցին Փաշինյանին՝ պահանջելով չեղարկել Ավետիսյանի առաջադրման որոշումը։

 Փաստացի, Վահրամ Ավետիսյանի՝ առաջադրումից հրաժարվելու փաստը նշանակում է, որ Ռուստամ Բադասյան-Աննա Վարդապետյան դուետը պարտվեց Գրիգորյանի կլանին, որին հաջողվեց Փաշինյանին ճնշելու և վիրտուալ հարձակումների միջոցով հասնել իր ուզածին։ Թե ինչով կավարտվի Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված այս քաոսը, ցույց կտա ժամանակը, բայց այն, որ գործող իշխանության ներսում հակասությունները գնալով սրվում են, դա ակնհայտ է։ Առաջիկայում պարզ կդառնա՝ Բադասյանն այս ապտակը լուռ կմարսի՞, թե՞ կկարողանա հակահարված տալ և պահպանել իր դիրքերը համակարգում»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ