Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է․
«Երբ «թավշյա» առաջնորդը հայտարարում էր, որ ինքն «իզմեր» չունի, թերևս չէր ստում։ Այլ հարց է, որ այն շրջանակները, որոնք հեղափոխության արդյունքում գալիս էին իշխանության, ունեին հստակ իզմեր, կոմպլեքսներ և ենթամշակույթ։
Վարչապետն ու իր ընտանիքը պարբերաբար հանդես են գալիս հեղափոխական իզմերի և ենթամշակույթի քարոզով՝ բավարարելով «թավշյա» հեղափոխության դրսի ու ներսի փայատերերի պահանջները։
Կեղծ պացիֆիզմը, գլոբալիստների համար սիրելի դարձած ֆեմինիզմը, գեդոնիզմը և ուտիլիտարիզմն իրենց գավառական դրսևորումներն են ունենում մեզ մոտ։ Առաջադեմ երևալու մոլուցքով՝ հետադիմական ու ինֆլյացիայի ենթարկված արժեքներ են առաջ մղվում։
Եթե 20–րդ դարասկզբում հեղափոխությունների համար հումք դարձան նացիոնալիզմը և 19–րդ դարի վերջերում սուր դրսևորումներ ստացող աղքատության ենթամշակույթը (աղքատության ենթամշակույթի և հեղափոխական հումքի գունեղ նկարագրությունները կարելի է գտնել Դոստոևսկու «Бедные люди», «Униженные и оскорблённые», «Преступление и наказание», «Бесы» հրաշք ստեղծագործություններում), ապա 21–րդ դարում հեղափոխական պրոլետարներ են դառնում տարատեսակ ենթամշակույթների կրողները՝ սեռական, կրոնական, ազգային և այլ տիպի փոքրամասնությունները։
Սոցիալ–հոգեբանության «մետրեր» Զիգմունդ Ֆրեյդը, Գուստավ Լը Բոնը, Սերժ Մոսկովիչին, Էրիխ Ֆրոմը և նեոֆրեյդիստական դպրոցի բազմաթիվ ներկայացուցիչները բացահայտել են հեղափոխական հումքի՝ ամբոխի ներքին ներքին մոտիվացիաները։ Համընդհանուր եզրահանգմամբ՝ ամբոխին առաջնորդում են ազատության կոչերով, սակայն ստեղծում շատ ավելի բռնապետական ռեժիմ, որի դեմ պայքարումմ էին, քանզի ամբոխն իրականում ռեգրեսիվ է։ Դա է պատճառը, որ բոլոր երկրներում ու բոլոր ժամանակներում հեղափոխությունից հետո կարիք է լինում փրկել հեղափոխությունը հեղափոխականներից։ «Թավշյա» տղաների ու աղջիկների դեպքում բացառություն չի եղել։
21–րդ դարի հեղափոխությունների առանձնահատկությունն այն է, որ շեշտը դրվում է ոչ թե բովանդակության, այլ ձևի վրա։
Մարդու իրավունքների պաշտպանությունը և ժողովրդավարությունը պրոֆանացիայի՝ խեղաթյուրման ու գռեհկացման են ենթարկվել (երբ ԵՄ–ում հայտնված սիրիացի փախստականը բռնաբարում է գերմանուհուն ու դրանից հետո «առաջադեմների» մոտ հիմնական քննարկման հարց է դառնում ոչ թե բռնաբարվողի իրավունքների խախտումը, այլ այն հարցը, թե արդյոք ոստիկանությունը համաչա՞փ ուժ է կիրառել բռնաբարողին բերման ենթարկելիս, ապա պարզ է դառնում, որ ամեն ինչ շուռ է եկել)։
Ինչ վերաբերում է հեղափոխականների կոմպլեքսներին, ապա դա նորը երևալու և եղածը քանդելու կոմպլեքսն է՝ «Այս աշխարհը կքանդենք մենք հիմնովին» տարբերակով։ Օրինակ՝ Ֆրանսիական հեղափոխականները անգամ ամիսների անուններն էին փոխում, որպեսզի կյանքը սկսվի իրենց կետից։
Հեղափոխականները, եթե անգամ «ծիածանային» արժեքներ են քարոզում, միևնույն է կյանքն ու աշխարհն իրենց համար սև ու սպիտակ գույների մեջ են։ Ամեն ինչ բաժանվում է հեղափոխությունից առաջի ու հետոյի։ Ինչը որ ստեղծվել է հեղափոխությունից առաջ՝ արժեք չի ներկայացնում (թեմայի վերաբերյալ առաջարկում եմ ընթերցել Stepan Danielyan–ի ուշագրավ հոդվածաշարը «Պոլիտէկոնոմիայում»՝ http://politeconomy.org/…/%d5%b0%d5%a5%d6%80%d5%a2%d5%a5%d…/)։
Հեղափոխականների համար ամենավտանգավոր ու մահացու մեղադրանքը նախկինի հետ նույնանալն է։ Դա է պատճառը, որ երբ Նիկոլ Փաշինյանին հեղափոխության փայատերերն ուզում են ցավեցնել, նրան համեմատում ու նույնացնում են Սերժ Սարգսյանի հետ, իսկ ինքը կոմպլեքսավորվում է այդ նույնացումից, թեև շատ հարցերում է նույնական Սարգսյանի հետ, կամ նույնիսկ ավելի Սարգսյան է, քան Սարգսյանը։
Նախկինի հետ նույնանալուց կոմպլեքսավորվելը և նախկինի դրականին տեր կանգնելուց հրաժարվելը հեղափոխական հիվանդություններից են։ Եթե նախկինները մածունին ասել են սպիտակ, ապա հեղափոխականներն անպայման պետք է պնդեն, որ մածունը սև է, որպեսզի նոր երևան։
Ֆրանսիական հեղափոխության շարժիչ ուժերից ու բարեփոխման կողմնակից հանդիսացող Միրաբոն հետագայում դարձավ չարիքի մարմնավորում այն փուլում, երբ թագավորական ընտանիքին էին գլխատում, քանզի Միրաբոն անցնցում բարեփոխումների հասնելու համար 1879–ին պարբերաբար հանդիպում էր Մարիա Անտուանետայի հետ։ Յակոբինյան տեռորի փուլում դա համարվում էր մահվան դատավճիռ. ում ուզում էին տանել գիլյոտինի տակ, մեղադրում էին Միրաբոյի հետ շփումներ ունենալու և անուղղակիորեն թագավորական ընտանիքի հետ համագործակցելու համար։
21–րդ դարում տեղի ունեցած հեղափոխությունների գաղափարական բաղադրիչը դարձել է աշխարհաքաղաքական կողմնորոշումը։ Եթե հակառուսական ես, ուրեմն ժամանակակից ես ու առաջադեմ աշխարհի մաս ես կազմում։
Կրեմլաֆոբիան է դարձել մեր օրերի հեղափոխականների կրոնական ենթամշակույթը։ Մնացածը հարակից ատրիբուտներ են։
Հայաստանում տեղի ունեցած «թավշյա» հեղափոխության դրսի փայատերերը 4 ակնկալիք ունեն ՀՀ «թավշյա» իշխանություններից։ Ակնկալիք, որը պաշտոնաթող «բազե» Բոլթոնը ձևակերպում էր որպես հին կարծրատիպերից ձերբազատում։
Այդ ակնկալիքներն են՝
1. Արցախի հարցի շուտափույթ լուծում՝ հայկական զիջումների տեսքով, որոնք փաստացի կապիտուլյացիա են ենթադրում։
Շրջանառության մեջ հայտնված տխրահռչակ «փուլային» լուծման տարբերակն այդ մասին է։
2. ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն՝ հակառուսական կոդերով, որը ենթադրում է նաև ռուսական ռազմաբազայի դուրս բերում Գյումրիից։
Սա փաստացի նշանակում է մեր արտաքին քաղաքականության վրացականացում, ինչի արդյունքում ռուսական գործոնին կփոխարինի թուրքական գործոնը։ Եթե Վրաստանի դեպքում ստացվել է տնտեսական ու դեմոգրաֆիկ էքսպանսիա, ապա մեր դեպքում դա կնշանակի պետության կորուստ։
Ի դեպ, պատահական չէ, որ թուրքական 5–րդ շարասյունը սկսել է բացահայտ գործել «թավշյա» հեղափոխությունից հետո, քանզի փայատիրական հարաբերություններն այդպիսի հնարավորություն են տալիս։
3. Հեղափոխության արտահանում ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ երկրներ։
Փաշինյանը Լուկաշենկոյին շնորհավորելով ցույց տվեց, որ հրաժարվել է այդ ֆունկցիայից և ԵԱՏՄ դռան մոտ սպասում է մուտքի «դաբրոյի», բայց նրա արցունքներին չեն հավատում, քանզի «թավշյա» ծագումնաբանությունն արդեն վատ այցեքարտ է և «դասակարգային» հակասության հիմք։
4. Սեռական ու այլ տիպի փոքրամասնությունների աջակցություն և պայքար ավանդական/ազգային ինստիտուտների դեմ։
Ազգային/ավանդական ինստիտուտները մեզանում բարեփոխումների կարիք ունեն, բայց ոչ ոչնչացման։ «Թավշյա» իշխանությունների արածը ոչ թե առաջադիմություն է, այլ սովորական գեղցիություն։
«Թավշյա» առաջնորդը վերը նշված 4 ուղղություններով կիսաքայլեր արել է, բայց վախեցել է մինչև վերջ գնալ, քանզի վերջում աթոռի կորուստն է։
Փաշինյանի կիսաքայլերը զայրացնում են հեղափոխության դրսի փայատերերին։ Այդ զայրույթն արտահայտվեց օրերս՝ «Բի–Բի–Սի»–ի «Ծանր զրույց» հաղորդման ժամանակ։ Պոլիտկոռեկտության մոդա թելադրողներն ամենևին էլ պոլիտկոռեկտ չէին Հայաստանի ղեկավարի նկատմամբ, քանզի պոլիտկոռեկտությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է իրական քաղաքականությունն ու աշխարհքաղաքական շահը։
Այս ամենը հաշվի առնելով՝ կարող ենք պնդել, որ «թավշյա» արժեքներն ու ենթամշակույթը Հայաստանի ու Արցախի անվտանգության դեմ են։ Մեզանում պացիֆիզմ ու գեդոնիզմ է քարոզվում այն դեպքում, երբ Թուրքիան ու Ադրբեջանը չեն էլ թաքցնում, որ խնդիր են դրել ոչնչացնել մեր պետությունը։
Հայաստանի «թավշյա» վերնախավի կողմից հակառուսական վեկտոր է որդեգրված այն դեպքում, երբ մեզ և ռուսներին, սեփական շահերից ելնելով, ամենաշատն է անհրաժեշտ ռազմավարական դաշնակցության ամրապնդումը։ Փաշինյանը սա, ըստ ամենայնի, հասկացել է և սեփական շրջապատում հայտնվել «սպիտակ ագռավի» կարգավիճակում՝ օտար ընկալվելով բոլորի համար։
Ամփոփենք. հայաստանյան գործող իշխանություններն ամենաանհամապատասխանն են մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերների հաղթահարման համար։ Այս իշխանությունն ինքն իրենով արդեն լուրջ մարտահրավեր է Հայաստանի ու Արցախի շահերի դեմ։ Քաղաքական փոփոխությունն, ըստ այդմ, այլընտրանք չունի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը