13 08 2020

ՀՀ բանակն ապացուցեց առավելությունը ադրբեջանականի նկատմամբ. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ բանակն ապացուցեց առավելությունը ադրբեջանականի նկատմամբ. Արծրուն Հովհաննիսյան

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, հայտնի ռազմական փորձագետ, ՀՀ պաշտպանության նախարարության նախկին մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ռումինական Defense Romania պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է հուլիսին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած ռազմական էսկալացիային։

Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը հաջողությամբ հետ է մղել ադրբեջանական հարձակումը, մանրամասներ է պատմել ռազմական գործողությունների վերաբերյալ։

«Բացի այն, որ գործողությունների ժամանակ օգտագործվել են ԱԹՍ համակարգեր, ադրբեջանական կողմն օգտագործել է նաև իսրայելական ռազմական տեխնիկա, ադրբեջանցիները իրենց հարձակումներում օգտագործել են նաև «Յաշմա» հատուկ նշանակության ուժերը»,- ասել է Հովհաննիյանը՝ ավելացնելով, որ մի քանի ադրբեջանցի մարտիկներ գերեվարվել են Հայաստանի կողմից, որը, ըստ Հովհաննիսյանի, ոչ միայն հետ է մղել հարձակումը, այլև ցույց է տվել ռազմական գերակայությունը Ադրբեջանի նկատմամբ։ 

«Ադրբեջանական զինված ուժերը նախ 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ, ապա 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ արձակեցին Հայաստանի Չինարի բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվեցին բնակելի տներ։ ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից ՀՀ տարածքի դեմ ձեռնարկված ցանկացած փորձ թիրախավորվել և չեզոքացվել է։ Ընդ որում, հայկական զինված ուժերը, հետևելով իրենց սկզբունքներին, ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարել։ Թիրախավորվել են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները։ 

Ըստ էության՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների ՀՀ Տավուշի մարզի սահմանագոտում գտնվող «Անվախ» դիրքի ուղղությամբ կեսգիշերից հետո ադրբեջանական զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների 100 զինծառայող խոշոր զինատեսակների, մասնավորապես հրետանու կրակի աջակցությամբ փորձել են հարձակվել, բայց հայկական դիրքի զինվորների հերոսական և գրագետ գործողությունների արդյունքում հետ են շպրտվել՝ թողնելով զգալի կորուստներ։ Այդ ընթացքում կորցրել են նաև որոշակի տեխնիկա, զրահատեխնիկա և այլն։ Հարձակումն իրականացրել են «Յաշմա» անվանումը կրող  Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները»,- ասել է նա:

Հարցին, թե  ի՞նչ նշանակություն կարող են ունենալ այս կարճատև ռազմական գործողությունները ռազմական արվեստի տեսանկյունից, փորձագետը նշել է.  

«Հուլիսյան էսկալացիայի ընթացքում տեղի ունեցած կարճատև մարտական գործողությունները, որոնք դասական ռազմական գիտության տեսանկյունից ունեին մարտավարական նշանակություն, ներգրավված ուժերի և միջոցների, կիրառված զինատեսակների առումով արդեն վերաճել են մարտավարականից դեպի օպերատիվ, իսկ դրանց ռազմաքաղաքական նշանակությունը դրսևորվում է նաև ռազմավարական մակարդակում: Այս մարտական գործողությունները փաստացի կրկին ապացուցեցին, որ ռազմական գիտության դասական սահմանումներն ու բաժանումները պայմանական են, դրանք այնքան էլ չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին: 

Այդ ռազմական գործողությունների ընթացքում օգտագործված միջոցները, դրանց կիրառության ձևերն ու եղանակները հերթական անգամ ապացուցեցին, որ հեռահար մարտը, ոչ կոնտակտային մարտը, գիշերային մարտը, առնվազն բարձրացնում են իրենց տեսակարար կշիռը, բարձր տեխնոլոգիական միջոցները գերակա են դառնում: Եվ այս ամենում Հայաստանի բանակն ապացուցեց իր հստակ մասնագիտական և մարտավարական առավելությունը ադրբեջանական բանակի նկատմամբ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ