03 08 2020

Հայ ազգ, քո բոլոր խնդիրները կլուծվեն միայն Նիկոլին հեռացնելով. Խաչիկ Ասրյան

Հայ ազգ, քո բոլոր խնդիրները կլուծվեն միայն Նիկոլին հեռացնելով. Խաչիկ Ասրյան

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ Խաչիկ Ասրյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հա՛յ Ազգ, քո բոլոր խնդիրները կլուծվեն միայն ու միայն բազմահազարանոց միտինգի արդյունքում Նիկոլին հեռացնելով

Ամենօրյա ռեժիմով՝ Հայաստանի հարյուրավոր ու հազարավոր քաղաքացիներ համոզվում են, որ Հայաստանի գործող իշխանությունը ոչ միայն անընդունակ է լուծել Հայաստանի առջև ծառացած խնդիրներն, այլ իր ապաշնորհ, օտարահպատակ, նյութապաշտ էության պատճառով հարուցում է նորանոր խնդիրներ: Գյուղացիները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անում՝ պահանջելով հնարավորություն տալ իրենց՝ իրացնելու իրենց իսկ քրտինքով աճեցրած միրգն ու բանջարեղենն, ուսման բարձր առաջադիմություն ունեցող դիմորդները պահանջում են՝ իրենց սովորելու և իրենց գիտելիքներով Հայաստանի զարգացմանը մասնակցելու հնարավորություն տալ, մտավորականներն ու սովորական շարքային քաղաքացիներն ըմբոստանում են Հայ գրականությունը դպրոցական դասագրքերից օտարելու և հայի տեսակը Երկիր մոլորակի երեսից մշակութային ցեղասպանության միջոցով բնաջնջելու թուրքաբարո քաղաքականության դեմ, ռեստորանների ու հյուրանոցների տերերն ու տասնյակ հազարավոր շարքային աշխատակիցներ չգիտեն ինչպես հոգալ իրենց ու իրենց ընտանիքների հանապազօրյա հացի խնդիրը, գազի գնի բարձրացումը բերել է համընդհանուր թանկացման և ընչազրկության: Հասարակության ավելի ու ավելի լայն շերտեր են համոզվում, որ հասարակական դժգոհությունների շահարկման միջոցով օտար և հակահայ ուժերի կողմից Հայաստանում իշխանության բերված իշխանական խմբակը, որն օրվա առաջին կեսին կատարում է իր տերերից ստացած առաջադրանքները, իսկ մյուս կեսին, ոտնահարելով օրենքներն ու հանրային բարոյականության նորմերը, ժամանակ անցկացնում ճոխ և սանձարձակ խնջույքների սեղանների շուրջ, թքած ունի հասարակական խնդիրների վրա. իսկական պուշկինյան՝ «Խրախճանք ժանտախտի ժամանակ»:

Սիրելի՛ հայրենակիցներ, մենք բոլորս պետք է հստակ գիտակցենք, որ առանձին ու տարանջատ բողոքի ցույցերով հնարավոր չէ հասնել մեզ մտահոգող խնդիրների լուծմանը:
Հայաստանն այլևս գերված է հայի տեսակը մերժող, անազգ ու անհայրենիք, օտարահպատակ և նյութապաշտ ուժերի կողմից: Քանի դեռ այս մարդիկ շարունակում են տնօրինել Հայաստանի իշխանական լծակները՝ հայ գյուղացին, բանվորը, առևտրականն ու մտավորականը, գործարարն ու տաքսու վարորդն, ուսանողն ու շինարարը զրկված են լինելու արարելու, հզոր Հայաստան կառուցելու ու բարեկեցիկ կյանքով ապրելու հնարավորությունից: Ավելին, այս այլասերվածների իշխանության երկարաձգման դեպքում, մենք ամեն օր ականատեսն ենք լինելու Հայաստանի պետական ինստիտուտների քայքայմանը, հայոց ազգային սուրբ արժեքների պղծմանը, տնտեսական ու սոցիալական վիճակի վատթարացմանը:

Պետականակործան և ազգակործան այս ընթացքը հնարավոր է կասեցնել միայն մեր հայրենիքի ազատագրման միջոցով, որն էլ հնարավոր է ոչ թե անջատ-անջատ բողոքի գործողություններով, այլ միասնական և համազգային 50.000-ոց հանրահավաք կազմակերպելով, «ՆԻԿՈԼԻՆ հեռացնելով» և Հայաստանում ազգային-պետական իշխանություն ձևավորելով:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը կոչ է անում բոլորիդ՝ լցվել պայքարի վճռականությամբ և հաղթանակի հավատով՝ հանուն մեր սուրբ Հայաստանի ազատության և մեր ու մեր սերունդների արժանապատիվ ու բարեկեցիկ ապագայի:

Շատ շուտով մենք ձեզ կոչ ենք անելու միասնաբար դուրս գալ հրապարակ, և մեր հայրենիքը վերադարձնել իր բնականոն զարգացման ընթացքին, որը սկիզբ է առել Հայկ Նահապետից, հզորացվել Տիգրան Մեծով, խորացվել Նարեկացիով, Քուչակով և հասել մինչև մեր օրերը:
Մեր ընթացքն անկասելի է, մեր Հավատքն՝ անպարտելի, մեր հաղթանակն՝ անխուսափելի»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ