Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է իրավիճակի սրումն Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին, հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը:
Ինչպես նշել են նախարարությունում, տեղի է ունեցել կարծիքների փոխանակում Անդրկովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ: «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին շրջանում բռնության սրման կապակցությամբ ռուսական կողմն ընդգծել է հավասարակշռված մոտեցման եւ զսպող ազդեցության անհրաժեշտությունը հակամարտության մեջ ներքաշված կողմերի վրա՝ իրավիճակի հետագա սրումը կանխելու, հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման, ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացման նպատակով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել համագործակցությունը Մոսկվայի եւ Անկարայի միջեւ՝ տարածաշրջանում կայունության հասնելու նպատակով»,- նշվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Լավրովը եւ Չավուշօղլուն նաեւ պայմանավորվել են շարունակել շփումները՝ լիբիական ճգնաժամի լուծման ուղիներ գտնելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը