21 07 2020

Մենք հետամուտ ենք լինելու, որ հետագայում ՀԱՊԿ կայքում նման վրիպակ չլինի․ ԱԳՆ խոսնակ

Մենք հետամուտ ենք լինելու, որ հետագայում ՀԱՊԿ կայքում նման վրիպակ չլինի․ ԱԳՆ խոսնակ

Նախիջեւանի տարածքում հայտնված Նարեկ Սարդարյանին վերադարձնելու համար ինչ է արվում հարցին ի պատասխան, Աննա Նաղդալյանն ասել է, որ կապ են հաստատել Նախիջեւանի իշխանության հետ, հարցը գտնվում է Հայաստանում Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի գրասենյակների տիրույթում եւ գաղտնիությամբ պայմանավորված ոչինչ չի կարող ասել, նաեւ նրա առողջական վիճակի վերաբերյալ

Պատասխանելով սոցցանցի մի խումբ օգտատերերի «Ռաշա թուդեյի» գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հայտնի գրառման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ դիրքորոշման մասին հարցին՝ Նա նաև նշել է, որ Հայաստանի արտգործնախարարության որեւէ աշխատակցի, նախարարին կամ որեւէ մակարդակում հայ-ռուսական հարաբերություններում նման հարցեր չեն բարձրացվել եւ չեն կարող բարձրացվել, Ռուսաստանի հետ մենք ունենք գործընկերային հարաբերություններ եւ դրանք հիմնված են ինքնիշխանության, դարավոր բարեկամության վրա, ինչ վերաբերում է գրառման բովանդակությանը, ես լիազորված եմ արձագանքել լրագրողների, փորձագետների հարցերին եւ հանդես գալ Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող մեկնաբանություններով։ Ես լիազորված չեմ մեկնաբանելու որեւէ լրագրողի նեղ անձնական կարծիքը։ Ես ունեմ գրառման վերաբերյալ իմ անձնական կարծիքը, որը ձեռնպահ կմնամ բարձրաձայնել այս հարթակում։ 

Սիմոնյանի գրառման՝ կարճ ժամանակով ՀԱՊԿ կայքում հայտնվել-անհայտանալու վերաբերյալ Աննա Նաղդալյանը պարզաբանել է, որ կազմակերպությունում ՀՀ ներկայացուցչի միջոցով կապ են հաստատել համապատասխան վարչության հետ՝ պարզելու, թե ինչու է այն այդտեղ հայտնվել, խնդիրն անմիջապես լուծվել է եւ տրվել է բացատրություն, թե եղել է տեխնիկական վրիպակ։

«Մենք ելնում ենք ՀԱՊԿ-ի այդ բացատրությունից եւ հետամուտ ենք լինելու, որ հետագայում նման վրիպակ չլինի», ասել է նա։  

Սոցցանցի օգտատերերից մեկի՝ «ինչ քայլեր են ձեռնարկվում հայ գյուղմթերք արտահանողներին խտրական վերաբերմունքից պաշտպանելու համար» հարցին ի պատասխան ԱԳՆ խոսնակն ասել է․ 

«Մենք տեսանք, թե ինչ արդյունավետությամբ է գործում մեր էկոնոմիկայի նախարարությունը Ռուսաստանում մեր դեսպանության հետ միասին, խնդրին անդրադարձել է նաեւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ԵԱՏՄ խորհրդի նիստի ժամանակ, այդ վերաբերմունքը համարելով անընդունելի եւ կոչ է արել գործընկերներին ուսումնասիրել հարցը»։ 

Աննա Նաղդալյանը հավաստիացրել է, որ այս հարցում ԱԳՆ-ն հետեւողական է լինելու եւ հետամուտ է լինելու նմանօրինակ զարգացումների կանխմանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ