21 07 2020

Այս բանաձևն Ադրբեջանին դրդում է նոր ագրեսիայի և լայնածավալ պատերազմի․ Դավիթ Շահնազարյան․ Ankakh.com

Այս բանաձևն Ադրբեջանին դրդում է նոր ագրեսիայի և լայնածավալ պատերազմի․ Դավիթ Շահնազարյան․ Ankakh.com

Ankakh.com-ը գրում է․

««Սա ամենահակահայկական ու հակաարցախյան, ինչպես նաև ամենապրոադրբեջանաթուրքական բանաձևն է, որ երբևէ ընդունվել է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից»,-Անկախ-ին ասաց Արտակարգ և լիազոր դեսպան, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով երեկ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովի կողմից Ազգային պաշտպանության հաստատման վերաբերյալ օրենքում հակահայկական բանաձևի ընդունմանը։

Շահնազարյանի խոսքով՝  սա ամենահավոր բանն է, որ երբևէ եղել է, և եթե ԱՄՆ Սենատն էլ բանաձևը հաստատի, և այն դառնա օրենք, ապա արմատապես ի վնաս մեզ կփոխվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ողջ տրամաբանությունն ու պատմությունը։

«Սա մեկ անգամ ևս ապացուցում է ներկա իշխանությունների արտաքին քաղաքականության բացարձակ սնանկությունը։ Սա հարվածի տակ է դնում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ընդհանուր դիրքորոշումը և լրջագույն ապակայունացնող գործող է դառնում ոչ միայն Հարավային Կովկասի, այլև մեծ տարածաշրջանի համար։ Սա նաև անկանխատեսելի զարգացումեր կարող է առաջացնել Ուկրաինայում և Վրաստանում»։

Շահնազարյանը նաև նշեց, որ այս բանաձևը նոր ագրեսիայի և լայնածավալ պատերազմի է դրդում Ադրբեջանին, մի պետության, որն այսօր սպառնում է կատարել հանցագործություն մարդկության դեմ՝ հայտարարելով, որ կգնդակոծի հայկական ատոմակայանը։

«Արդեն իսկ ադրբեջանական մամուլում հայտնվել են հոդվածներ, որ ԱՄՆ Կոնգրեսը պատրաստվում է Հայաստանը ճանաչել որպես ագրեսոր»,-նկատեց նա։

Շահնազարյանի խոսքով՝ քանի որ հայկական լոբբիստական ջանքերի հնարավորություններն այս դեպքում արդեն մեծ չեն, ուստի կտրուկ քայլեր պետք է կատարեն գործող իշխանություները, և հարցը պետք է կարգավորվի գործադիր իշխանության, պետական մակարդակով․ «Բայց քանի որ այս իշխանությունները, ինչպես բազմիցս նշել եմ, կառավարվում են դրսից և իրականացնում են հակաարցախյան քաղաքականություն, հետևաբար իրենց ձեռտու է նման բանաձևը և համահունչ է իրենց քաղաքականությանը»։

Շահնազարյանն ասաց, որ կարելի է անգամ զուգահեռներ տանել Ադրբեջանի լոբբիստական աշխատանքի (որի արդյունքն է այս բանաձևը) և այն քաղաքական հետապնդումների միջև, որ իրականացնում է ներկայիս իշխանությունը Արցախյան ազատամարտում, Հայաստանի և Արցախի հանրապետությունների կայացման գործում էական դերակատարում ունեցած անձանց նկատմամբ։

«Ե՛վ Ադրբեջանի, և՛  գործող իշխանությունների համար այդ անձիք թշնամիներ են»,-նշեց նա՝ հավելելով, որ այս բանաձևին ու դրա հետևանքներին առաջիկայում կանդրադառնա առավել մանրամասն ու խորքային ձևով։

Անկախ-ի տեղեկություններով՝ հարցն արտահերթ կարգով քննարկման է դրվելու նաև «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի Արցախի, անվտանգության և արտաքին հարաբերությունների» հանձնաժողովի նիստում։

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովը բանաձև է ներառել 2021 թ․ Ազգային պաշտպանության հաստատման վերաբերյալ օրենքում՝ հետևյալ ձևակերպմամբ.

«Այս ակտի ընդունումից ոչ ուշ, քան 180 օր հետո պետքարտուղարը, պաշտպանության քարտուղարի հետ համատեղ, համապատասխան կոնգրեսական հանձնաժողովներին է ներկայացնում զեկույց, Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում ներքին տեղահանվածների կարգավիճակի վերաբերյալ: Զեկույցը պետք է պարունակի հետևյալի գնահատումը.

(1) Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի այն քաղաքացիների թիվը, որոնք 1991 թվականից ի վեր օտարերկրյա ուժերի կողմից բռնի տեղահնվել են այդ երկրների ապօրինի գրավյալ տարածքներից:

(2) Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի` օտարերկրյա զորքերի կողմից ապօրինի գրավյալ շրջաններում սպանված քաղաքացիների թիվը՝ 1991 թվականից ի վեր»»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ