Միջազգային «Լազարևյան ակումբը» Կովկասում իրավիճակի սրացման առնչությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է․
Ռուս-հայկական միջազգային «Լազարևյան ակումբն» անհանգստությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի սրացման շուրջ իրադարձությունների զարգացմանը։ Սգում ենք հակամարտության բոլոր զոհերի համար։
Անկասկած, սահմանային միջադեպը խոր պատճառներ ունի, որոնք ձևավորում են կողմերի վարքագիծը։ Թշնամական հարաբերությունները, որոնց արմատները պատմությունից են եկել, Ռուսական կայսրության և Խորհրդային Միության փլուզումը, Սումգայիթյան ջարդերը և Լեռնային Ղարաբաղում պատերազմը, որը մի կողմին հաղթանակ, մյուսին՝ ռևանշի ձգտում տվեց, Հայաստանի շրջափակումը և ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցում առաջընթացի բացակայությունը․ այս ամենը, միասին վերցրած և բազմապատկած Կովկասի գործերում թուրքական միջամտությունների փորձերով, աշխարհի և տարածաշրջանի համար մշտական սպառնալիք է ստեղծում։
Ադրբեջանը մեծացնում է ռազմական բյուջեն և պատերազմական հռետորաբանությունը, ինչն ընդհանրապես անվտանգ չէ, ինչպես ցույց տվեց 2016 թվականի ապրիլին հրադադարի ռեժիմի խախտումը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի գոտում։
Ներքին պայքարի, աղքատացման և բնակչության՝ պանդեմիայի պատճառով լարվածության պայմաններում, երկու կողմերի իշխանությունների մոտ գայթակղություն է առաջանում օգտագործել ցանկացած առիթ ներքաղաքական կոնսոլիդացիայի համար։ Հավանական է՝ դա նաև պատճառներից մեկն է այն միջադեպի խթանման, որը, մեր կարծիքով, ի սկզբանե պլանավորված ակցիայի տեսք չուներ։
Սակայն այժմ գործը կարող է ավելի լուրջ շրջադարձ ունենալ։ Մենք նկատում ենք Թուրքիայի կողմից կրակին յուղ լցնելու ակնհայտ փորձ, որի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ շատ լավ է հայտնի։ Մենք բացարձակապես մերժում ենք լարվածությունը սաստկացնելու փորձերը, որ կողմից էլ որ դա լինի։ Այս հարցում այս պահին բացարձակ չեմպիոն պետք է ճանաչել Ադրբեջանի պաշտոնյաներին, ովքեր հրապարակայնորեն քննարկում են Հայկական ատոմային էլեկտրակայանի վրա հարձակումների հնարավորությունը։
Մենք չենք կասկածում, որ Հայաստանի վրա ռազմական հարձակման իրական սպառնալիքի մեծացման դեպքում, Ռուսաստանը և ՀԱՊԿ անդամ մյուս երկրները, կատարելով իրենց պարտավորությունները, պետք է Հայաստանի տարածքը պաշտպանեն, ինչպես իրենցը։ Սակայն մենք դեմ ենք իրադարձությունների այդպիսի զարգացմանը և սցենարներին, որոնք կարող են ողջ տարածաշրջանը ապոկալիպսիսի բերել։ Հայաստանին և Ադրբեջանին հորդորում ենք անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, սպառնալիքների փոխանակումը և հորդորում խաղաղ բանակցություններ սկսել։
Վստահ ենք, որ ժամանակն է՝ Երևանը և Բաքուն լրջորեն մտածեն հետագա խաղաղ համակեցության մասին և դատարկ խոսակցություններից երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցով կոնկրետ քայլերի անցնեն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը